ԵՐԵՎԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ «ՇԱՀԱԲԱԺԻՆԸ»

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսում է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումների համար, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի տեղեկատվությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե դա «վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է բոլոր երկրների շահերից»:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ։ Եթե այդ տեղեկությունը հաստատվի, իսկ դա ամենայն հավանականությամբ կհաստատվի, ապա Երևանը կարող է վերջնականապես փչացնել հարաբերությունները իր սակավաթիվ դաշնակիցներից մեկի հետ։ Ակնհայտ է, որ Թեհրանում ոչ մի մատուցմամբ չեն հասկանա Նախիջևանի և Բաքվի միջև ավիակապի համար իր օդային տարածքի տրամադրումը Հայաստանի կողմից։ Եվ ոչ միայն Ադրբեջանի ու Իրանի միջև լարվածության ընդհանուր ահագնացման համատեքստում։ Կա ավելի կոնկրետ փաստ։

Բանն այն է, որ բառացիորեն օրերս Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավիահաղորդակցության համար։ Ճիշտ է, արգելքը վերաբերում է ռազմական բեռների փոխադրմանը, բայց այդուհանդերձ Թեհրանն օգտագործել է Բաքվի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը։ Իսկ քանի որ իրան-ադրբեջանական դիմակայությունն օրեցօր խորանում է, ապա միանգամայն հավանական է, որ իրանական օդային տարածքը կփակվի նաև ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի համար։

Եվ ահա այս խորապատկերին Երևանը Բաքվին հնարավորություն է տալիս շրջանցել իրանական օդային պատնեշը՝ ադրբեջանցիներին տրամադրելով իր տարածքը։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայկական կողմն օգնում է իր թշնամուն՝ ի վնաս դաշնակցի շահերի, փայտ խրելով վերջինիս անիվների արանքը։

Իհարկե, հայկական իշխանությունները նման դիրքորոշումն արդարացնելու բանաձև ունեն։ Երևանը հռչակել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի իր ձգտումը, և այդ հեքիաթի մեջ կարող է տեղավորել իր ցանկացած քայլ։ Սակայն, բացի հայկական իշխանությունից, բոլորն էլ հասկանում են, որ իրականում տարածաշրջանը նոր պատերազմի շեմինէ , իսկ տոտալ խաղաղության մասին գաղափարները տեսանելի ապագայում ֆանտաստիկ են։

Բացի այդ, հայկական իշխանությունները կարող են հղում կատարել յուրօրինակ «ազդանշանային» քաղաքականությանը, որը վերջին շրջանում կիրառվում է Երևանի և Անկարայի ու Երևանի ու Բաքվի միջև։ Իբր, ադրբեջանական ավիացիայի համար մեր օդային տարածքի բացումը բնավ չարժե կապել իրան-ադրբեջանական «գզվռտոցի» հետ, սա պարզապես մեր կողմից մի այդպիսի պատասխան դրական ազդանշան է Բաքվին։ Բարի կամքի ընդառաջ քայլի պես մի բան։ Սակայն այդ պատրվակն էլ դժվար թե գործի։

Դե, նախ՝ ադրբեջանական կողմից ինչ-որ չեն նշմարվում դրական ազդանշաններ, որոնց պետք է նույն կերպ պատասխանել Երևանից։ Երկրորդ՝ մեծ հաշվով հայ-ադրբեջանական փոխադարձ ազդանշաններն այսօր Թեհրանի «տանձին չեն»։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Իրանը տվյալ հարցում Երևանի պահվածքը չի հասկանա, որոշակի հետևություններ կանի Հայաստանի վերաբերյալ և գուցե որոշակի քայլեր ձեռնարկի։

Այսպես թե այնպես, Հայաստանն ակնհայտորեն վտանգում է իր ավանդական դաշնակցի հետ ունեցած հարաբերությունները՝ հանուն կեղծ խաղաղության իր ավանդական թշնամու հետ։ Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիների մտքով անգամ չի անցնում դիտարկել Հայաստանի կողմից ադրբեջանական ավիացիայի համար իր երկնքի բացումը ո՛չ որպես բարի կամքի քայլ, ո՛չ էլ Երևանի դրական ժեստ։ Նրանք վստահ են, որ իրենք են իրենց համար բացում Հայաստանի օդային տարածքը։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ «դա վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում» ձևակերպումը։

Նկատենք, որ դա (ձևակերպումը) վերաբերում է բացառապես հայկական օդային տարածքի բացմանն ադրբեջանական ինքնաթիռների համար։ Այսինքն մեր օդը բացել ենք ոչ թե մենք, այլ Ադրբեջանի կամքը։ Եվ դա մեզ համար, մեղմ ասած, նվաստացուցիչ է։

Ամփոփենք արդյունքը, թե ինչ է ստացել Երևանը ադրբեջանական ավիացիայի թռիչքների համար իր օդային տարածքը բացելու գաղափարից. Թեհրանի հետ հարաբերությունները հերթական անգամ լրջորեն փչացնելու և Բաքվի առաջ հերթական անգամ նվաստանալու վտանգ։ Երկու դեպքում էլ՝ վատթարագույն ու վտանգավոր «շահաբաժին»…