ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ

Տարածաշրջանը ռազմականապես եռում է, Հայաստանի սահմանների երկայնքով խոշորամասշտաբ զորավարժություններ են։ Նախիջևանում ընթացող «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով թուրք-ադրբեջանական զորախաղերը վերջին մեկ ամսում այդ երկու երկրի հինգերորդ համատեղ վարժանքն է։ Փաստորեն, Թուրքիայի ցամաքային ուժերը, ադրբեջանական զինուժն ու Նախիջևանի համազորային բանակն արդեն փաստացի հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն՝ ընդհանուր հրամանատարությամբ։

Երկու շաբաթ առաջ էլ Բաքվում ընթանում էր հակահայկական եռյակի՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի «Երեք եղբայր-2021» համատեղ վարժանքը։ Անցած ամիս թուրքերն ու ադրբեջանցիները մարտավարական զորավարժություններ էին իրականացնում նաև զավթված Քաշաթաղում՝ ռուս խաղաղապահներից մի քանի կիլոմետր հեռավորությամբ։ 44-օրյա պատերազմից հետո սա թուրք զինծառայողների առաջին վարժանքն էր Արցախի օկուպացված տարածքներում, և դատելով Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներից՝ այն բնավ չէր շարժել Մոսկվայի վրդովմունքը։

Ամռանը Բաքվում տեղի էր ունեցել նաև թուրք-ադրբեջանական խոշորածավալ զորավարժություն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» խորհրդանշական խորագրով։ Վարժանքների հարթակ է նաև Թուրքիան։ Պատերազմից ամիսներ անց՝ այս տարվա փետրվարին, «Ձմեռ-2021» զորավարժությամբ թշնամին մոդելավորում էր պայմանական հակառակորդի ոչնչացումը մեր արևմտյան սահմանների մոտ՝ Կարսում։ Դրանից մեկ ամիս անց թուրքական Ըսփարթա քաղաքում վեցշաբաթյա թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժանքն էր։

Զուգահեռաբար՝ այս օրերին Իրանի հյուսիսում ևս լայնածավալ վարժանք է անցկացվում ռազմական ավիացայի և էլիտար զորամասերի մասնակցությամբ։ Արաքսից այն կողմ՝ Արցախի զավթված հարավային տարածքների հարևանությամբ անցկացվող զորավարժությունը ծայրաստիճան սրել է ադրբեջանա-իրանական հարաբերությունները, Ալիևն անձամբ ժամանել է Ջրական՝ հոխորտալու Թեհրանի հասցեին։

Հայաստանի սահմանային ամբողջ պարագծի նման ականապատման և պայթյունավտանգ իրավիճակի պայմաններում ի՞նչ է անում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Պարտությունից, սպառազինության մեծագույն մասի և Արցախում տասնյակ զորամասերի մշտական տեղակայման վայրերի կորստից հետո շուտափույթ վերականգնման ի՞նչ ծրագիր ունեն ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն, կամ ունե՞ն արդյոք։ Առհասարակ՝ նման քաղաքական պահանջ հրամանատարության առջև դրվա՞ծ է, թե՞ խաղաղության օրակարգը մթագնել է Հայաստանի սահմաններին բռնկված հրդեհը՝ բառի ուղիղ (ինչպես Կութում կամ Երասխում) և փոխաբերական իմաստներով։

Վարժանքների այս անընդմեջ հերթագայությանը թեթևամտորեն վերաբերվողներին պետք է հիշեցնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հերթական համատեղ զորավարժությունների ավարտից ուղիղ մեկուկես ամիս անց սանձազերծվեց 44-օրյա պատերազմը։ Ավելին, հետագայում պիտի պարզվեր, որ այդ վարժանքներից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողել էր Ադրբեջանում՝ Արցախի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար։

Ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքում թշնամու նորանոր ռազմական արկածախնդրական հավակնություններին։ Միայն եռամսյա հավաքների կազմակերպմամբ և պահեստազորի հաշվառմա՞մբ։ Ադրբեջանն արդեն պայմանավորվել է Ռուսաստանից և Իսրայելից սպառազինությունների խոշոր խմբաքանակներ գնելու հարցում։ Հայաստանն ինչպե՞ս է փորձելու վերականգնել առանց այն էլ անհուսորեն բեկված ռազմաքաղաքական հավասարակշռությունը։

ՊՆ-ն հաճախ է իր մամուլի հաղորդագրություններում հպարտորեն նշում, թե մեր բանակն անգամ մեկ կրակոց չի արձակել ադրբեջանական դիրքերին, թեև իրենք մեր ուղղությամբ անկանոն կրակ են վարում։ Այս ագրեսիվ սադրանքների և սողացող պատերազմի ֆոնին՝ ռազմաքաղաքական ղեկավարությունն աններելիորեն խոսում է բանակի թվակազմի կրճատման ու օպտիմալացման և Արցախի ՊԲ-ի վերակազմակերպման, իսկ իրականում՝ փաստացի կազմալուծման մասին։