ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՔՈՒՆ ՉՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ
Լրահոսը լի է Բաքվի և Թեհրանի միջև շարունակվող դիմակայության մասին հաղորդագրություններով: Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ծանուցում է ուղարկել այն մասին, որ փակում է իր օդային տարածքը դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող ադրբեջանական ռազմաօդային ավիացիայի համար: Բաքվում քմծիծաղել են և պատասխանել հաղորդագրությամբ, որ ադրբեջանական «AZAL» ավիափոխադրողը վերականգնում է Բաքու-Նախիջևան չվերթները Հայաստանի օդային տարածքով:
Ասել է թե՝ նստեք ձեր տեղը, ընկեր իրանցիներ, դուք այդտեղ ձեզ պատռում եք, որ աջակցեք Հայաստանին սահմանների, հաղորդակցությունների հարցում, փչացնում մեզ հետ հարաբերությունները բացի ամենից նաև այդ հողի վրա, իսկ իրենք՝ հայերը օգնում են մեզ Նախիջևանի հետ կապը կարգավորելու գործում:
Իսկապես, անհարմար է։ Ահավասիկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Իրան, այնտեղ նրա ներկայությամբ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիյանը հայտարարեց, որ Թեհրանը թույլ չի տա, որ դրսից ինչ-որ մեկը Հայաստանին թելադրի իր պայմանները։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նման սկզբունքային դիրքորոշման համար։ Երևանում Իրանի պատվիրակությունը քննարկում է օգնության հնարավորությունը երկու պետությունները կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում: Ու հանկարծ՝ այսպիսի ստորություն....
Բայց չենք կարծում, թե Թեհրանում շատ են զարմացել։ Այնտեղ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս հայկական իշխանությունը և դժվար թե պատրանքներ ունեն Բաքվի հետ դիմակայության հարցում Երևանից աջակցություն ակնկալելու վերաբերյալ։ Թեհրանում Ռոբերտ Քոչարյանից ոչ պակաս լավ են հասկանում Փաշինյանի կառավարության «փամփերսային» արտաքին քաղաքականության առանձնահատկությունները։
Այդ բնորոշումը, ի դեպ, սաստիկ դիպել է իշխող թիմի սրտին։ Նրանց, ովքեր շատ են նեղացել, կարելի է խորհուրդ տալ վերադիտել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցը Պետրոս Ղազարյանին։ Ուշադրություն դարձնել մեր անվտանգության համար պատասխանատուի դեսուդեն փախչող, երկչոտ աչքերին և հետո միայն դատել՝ կոռեկտ է Քոչարյանն իր բնորոշման մեջ, թե ոչ։
Այնպես որ դժվար թե Թեհրանում վիրավորվեն Երևանից։ Չէ՞ որ մինչ Ադրբեջանը փակում Է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակը Բաքվում, Իրանը հանդես է գալիս ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության։ Մինչ Իրանը փակում է իր օդային տարածքը Բաքվից Նախիջևան ռազմական բեռնափոխադրումների համար, Երևանն օգնում է Ալիևին լուծել այդ խնդիրը... Ամեն ինչ՝ Փաշինյանի ոգով։
Հակամարտության մեջ մտնելով Բաքվի հետ՝ Թեհրանում գիտեն, որ Երևանի վրա հույս դնել չարժե, և Իրանի համար դժվար է լինելու, մանավանդ որ Ադրբեջանի թիկունքում Թուրքիան և Իսրայելն են՝ իրենց ժամանակակից ռազմական տեխնիկայով։ Իհարկե, դեռևս հույս կա, որ իրան-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ կհանգուցալուծվի, բայց նույնիսկ եթե այն մտնի թեժ փուլ, ակնհայտ է, որ Իրանը վճռական է տրամադրված և Իսրայելի ու Թուրքիայի ժամանակակից սպառազինությունը որոշիչ գործոն չի լինի։
Ալիևն, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի զինված առճակատման գնալ. չէ՞ որ ով-ով, իսկ ինքը շատ լավ գիտի, որ Իրանի հետ դիմակայության մեջ չի ունենա այն գլխավոր հաղթաթուղթը, որն օգնեց հաղթել Արցախի և Հայաստանի դեմ պատերազմում։ Իրանում չկա Նիկոլ Փաշինյան։ Չկա դատարկախոս և նրան աջակցող բացարձակ անօգուտ մարդկանց թիմ, այլ կա պետություն, որը ռազմական գործողությունների դեպքում լիովին մոբիլիզացնում է երկրի ռեսուրսները՝ իր ազգային խնդիրները լուծելու համար։