«Ժողովուրդ»․ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵՆ ԴԵՌ ԱՈՒԴԻՏ ՉԻ ԱՆՑԵԼ. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ

Նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին:

«Ժողովուրդ»–ին քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը հայտնել է, որ հարցազրույց են ունեցել Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ և վերջիններս իրենց կայքում գրել են, որ առաջընթաց կա։

«Այդ գործընթացը բավականաչափ երկար է. սկզբից վեր են հանվում հիմնապատճառները, թե որոնք են եղել, որ այդ թերությունները արձանագրվել են, հետո կազմվում է ծրագիր՝ ինչպես ենք մենք դուրս գալու այդ վիճակից, ինչպես ենք այդ թերությունները վերացնելու, ժամանակացույցն ենք կառուցում, թե ինչպես պետք է դա անենք, ու իրականացվում է դրանց վերացումը: Ապա համաձայնեցնում ենք իրենց հետ»,- պարզաբանել է Գյուրջյանը՝ հավելելով, որ թերությունները վերացվել են:

Տեղեկացնենք, որ աուդիտը ներառում է ամեն ինչ` սկսած ինքնաթիռի անիվների մաշվածությունից, վերջացրած օդաչուների պատրաստվածության մակարդակը ստուգելով։

Հիշեցնենք, որ EASA-ի մասնագետները կոմիտեում նախորդ տարվա փետրվարին էին աուդիտ իրականացրել։ Արդյունքում մի շարք թերություններ էին հայտնաբերել, որոնք գերազանցել են 50 էջը։

Հավելենք, որ ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, 2020-ի հունիսի սկզբին հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

Սա շատ մեծ ձախողում էր Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար: «Սև ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի մասնագետների կարծիքի վրա:

Sputnik Արմենիա