ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՓՉՈՑՆԵՐԸ
Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։
Հիշենք, թե ինչպես բացատրեց Փաշինյանը ադրբեջանական պահակետի հայտնվելը Կապան-Գորիս ճանապարհին։ Պարզվում է, ամեն ինչում մեղավոր են նախկինները, որովհետև 2010 թվականին, երբ հանրապետականները խորհրդարանում մեծամասնություն ունեին, նրանք կողմ են քվեարկել հանրապետության վարչական բաժանման մասին օրենքին, ըստ որի՝ Սյունիքը սահմանակից է Ադրբեջանին։
Այդ հնարքն այն աստիճան է դուր եկել Նիկոլին, որ նա որոշել է ոչ մի նոր բան չհորինել։ Եվ խորհրդարանում ունեցած իր վերջին ելույթում խոսում էր այն մասին, որ 1999-ին Քոչարյանը ստորագրել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթուղթը, որում ասվում էր, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է իրականացվի ի վնաս պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի։
Եկեք կոչենք իրերն իրենց անուններով. այդպիսով Փաշինյանը հող է նախապատրաստում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար, ինչպես որ պնդում է Ալիևը։ Եվ մեղավոր կլինեն կրկին «նախկինները», որոնք այնտեղ ինչ-որ բան են ստորագրել 1999-ին։ Իշխող թիմն արդեն չի էլ թաքցնում իր դիրքորոշումը, հայտարարելով, որ Արցախի կարգավիճակի հարցում իր համար կարմիր գծեր չկան։ Եվ Բաքվում ուրախությամբ են արձագանքում այդ «դրական ազդանշաններին»։
Միակ բանը, ինչի մասին ներողամտորեն խոսում է Փաշինյանը Արցախի ապագայի վերաբերյալ, այն է, որ իր կառավարությունը, «չնայած նախկինների վարած քաղաքականության հետևանքով առկա բարդություններին», կփորձի բանակցել Արցախի խաղաղ ու անվտանգ զարգացման պայմանների վերաբերյալ։ Վերծանենք. խոսքը ռուս խաղաղապահների մանդատի մասին է, վարչապետը այլ ծրագրեր չունի։ Այսինքն Փաշինյանը կփորձի հասնել նրան, որ ռուսական զորակազմի ներկայությունը լինի երկարաժամկետ և կախված լինի ոչ միայն Բաքվի դիրքորոշումից։
Դե, օրինակ, որ խաղաղապահ զորակազմը մնա այնքան, որքան ինքը՝ Փաշինյանը, մտադիր է պահել իշխանությունը, մինչև որ վերջնականապես կնստեցնի բոլոր նրանց, ովքեր իրեն համարում են կապիտուլյանտ ու դավաճան։ Եվ հետո հանգիստ կանցնի թոշակի՝ ընտանյոք հանդերձ։ Չէ՞ որ Փաշինյանը ընտանիքին նվիրված մարդ է, լավ հայր, ընտանիքի բարօրությունը նրա համար գլխավորն է։ Իսկ հետո՞։ Իսկ հետո՝ թեկուզ ջրհեղեղ։
Նույն ձևանով է նախապատրաստվում նաև դեպի Նախիջևան միջանցք-ճանապարհների տրամադրումն Ադրբեջանին, ինչպես ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ճիշտ է, այդտեղ նախկինների ստորագրած որևէ փաստաթուղթ Նիկոլը չի գտել, բայց դա չխանգարեց նրան առարկություններ չընդունող տոնով հայտարարել խորհրդարանում, թե 1999-ին Երևանն առաջարկում էր փոխանակել Մեղրին Արցախի հետ... Այսինքն ոչ թե Բաքուն էր երազում, ոչ թե Պոլ Գոբլն էր առաջարկում, այլ Հայաստանն ինքն էր ուզում, ասում է նա։ Քոչարյանը վերցրեց ու առաջարկեց, իսկ Ալիևի հիմար հայրիկը վերցրեց ու հրաժարվեց։ Իսկը Նիկոլի ոգով է։ Ամեն ինչ ճշգրիտ համապատասխանում է հայտնի բաղադրատոմսին. որքան ավելի հրեշավոր է սուտը, այնքան ավելի հեշտությամբ դրան կհավատա որոշակի զանգվածը։ Հենց այն, որը կազմում է Փաշինյանի ընտրազանգվածի ճնշող մասը։
Իհարկե, Նիկոլը վախենում է նրանից, ինչ պատրաստվում է անել։ Իր աշխատակազմի անդամները՝ նույնպես։ Այստեղից էլ՝ հիստերիան վերջին նիստի ժամանակ, կապված պատվաստումների ցածր տեմպերի հետ։ Հիստերիա, որը դրսևորվեց պետծառայողների պարտադիր պատվաստման, «սաբոտաժողների» կալանավորման անիրավաչափ պահանջով։ Այն պատրվակով, թե իշխող թիմն ունի «ժողովրդի մանդատ»։ Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. Փաշինյանին պետք է պարբերաբար համոզել թիմակիցներին, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկողության տակ է, քանզի այլապես կփախչեն…
Եվ Հայրենիքը հանձնելու ոչ մի «ժողովրդական մանդատ» նա չունի, որքան էլ որ ոգևորված համոզի դրանում իր թիմին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Փաշինյանի օգտին քվեարկել է բոլոր ընտրողների մեկ երրորդից էլ պակաս թվաքանակ, իսկ 2018-ի դեկտեմբերի ընտրությունների համեմատ նա կորցրել է ձայների մոտ 22%։ Համաձայն հետընտրական հարցման տվյալների, հարցվածների միայն 37%-ն Է հայտարարել, որ ընտրել է Փաշինյանի թիմին։ Այսինքն մնացյալ ձայները վատթարագույն դեպքում կեղծիք են, լավագույն դեպքում ՝ Նիկոլին կողմ քվեարկածների մոտ 16%-ը ամաչում է խոստովանել իր խայտառակ արարքը։
Այնպես որ, եթե անգամ ընտրություններն ինչ-որ բան ցույց տվեցին, ապա լոկ այն, թե ինչ անամոթաբար ու հմտորեն է կառավարում Նիկոլն ամբոխին և որքան արդյունավետ է օգտագործում իշխանական լծակները, առաջին հերթին՝ ուժային կառույցների ռեսուրսները։