ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։
Այս տարի մրցանակներ հանձնվեցին վեց անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Թատերական արվեստ, Կերպարվեստ, Լրագրություն և Գեղարվեստական լուսանկարչություն։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին:
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Պրոֆեսորն ընդգծեց, որ «Շաքե Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 27 տարի Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ուշադրության է արժանացրել հարյուրից ավելի արվեստագետների, գիտնականների։
Մրցանակաբաշխությանն իր օրհնության խոսքն հղեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս հայրապետական ողջույնը։
«Ուրախալի է, որ ներկայիս՝ ոչ շատ բերկրանքով լի կյանքում տեղի են ունենում նման միջոցառումներ, որ կարծես լույսի ու հույսի կայծ են բերում։ Թեքեյան միությունն արժանի է Վահան Թեքեյանի անվանը․ նա հայ ժողովրդի այն զավակներից էր, որ իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ գրականությանը, հայ ժողովրդի մտածումներին և ապագայի հույսին։ Թեքեյան միությունը Հայաստանում շարունակում է իր գործը, որ սկսել էր դեռ նախորդ դարի կեսերին Սփյուռքում»,-նշեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու շնորհավորեց մրցանակակիրներին, որոնք տարբեր ոլորտներում իրենց չափով ստեղծագործում են ազգի պատվի, մշակույթի և վաղվա օրվա համար։
Ձեռնարկը շարունակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ «Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց բանաստեղծ Արտավազդ Նազարյանին՝ «Արվարձան» և «Ուղեփակոց» բանաստեղծությունների ժողովածուների համար։
«Թատերական արվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանին՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության համար, իսկ «Կերպարվեստ» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակակիրը ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանն է՝ «Էրեբունի-Երևան-2800» ստեղծագործության համար։
«Լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Դիանա Մարկոսյանին՝ «Հաջողության բանաձև» հաղորդաշարի համար (Ա-ԹԻՎԻ ՀԸ) և Հակոբ Ասատրյանին՝ Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախների կյանքը լուսաբանող հրապարակումների համար («Օրեր» ամսագիր)։
«Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Արմեն Ենգոյանին՝ «Գյուղական էսքիզներ» շարքի և Զավեն Խաչիկյանին՝ «Անվերնագիր պատերազմ» շարքի համար։
Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը նման գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Մարտին Վարդազարյանի մասնակցությամբ։
Նշենք, որ միջազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է 1991 թվականից։ Այդ տարիներից ի վեր ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակի են արժանացել բանաստեղծներ Սիլվա Կապուտիկյանը, Լյուդվիգ Դուրյանը, Հրաչյա Թամրազյանը, գեղանկարիչներ Վարուժան Վարդանյանը, Ռուբեն Աբովյանը, քանդակագործներ Էմիլ Գազազը, Լևոն Թոքմաջյանը, երաժիշտներ Օհան Դուրյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Կոնստանտին Օրբելյանը, դերասաններ Վարդան Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը, լրագրողներ Հակոբ Ավետիքյանը, Արթուր Բախտամյանը, գրողներ Լևոն Խեչոյանը, Սարգիս Վահագնը, հարյուրից ավելի մշակույթի, գիտության, արվեստի գործիչներ։