ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ (CWR) ՆՇՈՒՄ Է ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

Այս տարի՝ 2021թ-ին Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ CWR-ը ստեղծվել և կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

Հիմնադրամը 2010թ-ին ստեղծելով CWR-ը նպատակադրել է պահպանել տարածաշրջանի հազվագյուտ ու էնդեմիկ կենսաբազմազանությունը, նպաստել Հայաստանում կենսաբազմազանության պահպանման առավել արդյունավետ կառավարմանը, բարելավել կենդանական և բուսական աշխարհի պահպանությունը ԲՀՊՏ-ներին կից բուֆերային գոտիներում ու կենդանական աշխարհի միգրացիոն միջանցքներում՝ միևնույն ժամանակ նպաստելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Այս տարվա հոկտեմբերի 8-ին Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում տեղի ունեցավ Ապաստարանի 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են գտնվել FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը, FPWC խորհրդի անդամներ Հարություն Խաչատրյանը, Գագիկ Գինոսյանը, Միքայել Դովլաթյանը, Արցախի բնության հիմնադրամի հիմնադիր Վազգեն Միքայելյանը և բազմաթիվ այլ պատվավոր հյուրեր։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է CWR 10-ամյա աշխատանքի մասին պատմող կարճ ֆիլմը, հյուրերը հանդես են եկել ելույթներով, ինչից հետո Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի հետ համատեղ ցուցադրվել է նաև Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» ֆիլմը։

FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ասել է «Արդեն 10 տարի է, ինչ մենք հիմնել ենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը։ Մենք սկսել ենք 300 հեկտարից, իսկ այժմ այն արդեն 30 000 հա տարածք է զբաղեցնում և այս ամենը շնորհիվ նաև մեր գործընկերների աջակցության՝ IUCN Netherlands, World Land Trust, Artis Amsterdam Royal Zoo, Վիվա-ՄՏՍ, ինչպես նաև բազմաթիվ այլ աջակիցներ, որոնք նաև մեզ տարբեր մրցանակներ են շնորհել այս տարիների ընթացքում, ինչպիսին է՝ Frankfurt Conservation Award-ը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ թիմին, որն ամուր կանգնած է իմ և մեր բոլոր ծրագրերի կողքին, բոլոր անտառապահներին, շնորհակալ եմ նաև պետական կառույցներին՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը մեզ ոսկե մեդալով է պարգևատրել։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, որոնք կանգնած եմ մեր կողքին ու ուժեղ են դարձրել մեզ»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Վերջինս կանգնած է եղել CWR ստեղծման ակունքներում և մշտապես աջակցել է բնության պահպանությանը։

 «Երբ առաջին անգամ այս տարածք եկանք, այստեղ ոչինչ չկար: Ամեն ինչ տափաստան էր հիշեցնում. սակավաջուր և առանց բուսականության հողակտոր, որտեղ ծառ աճեցնելու միտքն անգամ համարձակություն էր պահանջում: Մեծ համառություն և հետևողականություն էր հարկավոր՝ նախագիծն սկսելու և իրագործելու համար: Կյանքն ապացուցում է, որ երբ կա նպատակ և բավարար կամք, հաջողության կարելի է հասնել: Ուրախ եմ արձանագրել, որ տարիներ մեր գործընկերությունն արդյունք տվեց: Այժմ սա հատուկ պահպանվող տարածք է: Ավելին՝ երիտասարդ սերունդը հենց բնական միջավայրի ուսումնասիրության արդյունքում՝ ստանում է էկոկրթություն և սովորում  բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը: Սա բոլորիս հաջողությունն է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Շուրջ 30000 հա զբաղեցնող CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման գործում: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության և հսկողության ներքո։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին են՝ կովկասյան հովազը, բեզոարյան այծերը, գորշ արջերը, մորուքավոր և սև անգղերը, քարարծիվները, սպիտակագլուխ անգղերը, երկարաոտն սցինկը և այլ հազվագյուտ կենդանատեսակներ:

Միջոցառման ընթացքում Հիմնադրամի թիմը ներկայացրել է CWR-ի գոյության 10 տարիների աշխատանքի արդյունքում գրանցված ձեռքբերումներն ու հետագա զարգացման քայլերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է ևս մեկ կարևոր իրադարձություն բոլորովին վերջերս՝ 2021թ-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն ամենայն հավանականությամբ էգ է։ Այս վարկածը ամրապնդվում է նրանով, որ Խոսրովի անտառ պետական արգելոցում և հարակից տարածքներում արդեն իսկ բնակվում է Նեո անունով հովազը, որն արու է, ուստի նոր հովազը՝ Նովան, հավանաբար եկել է ընկերակցելու Նեոյին։ Սա մեծ ձեռքբերում է Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ստեղծման ու կայացման ողջ ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկերը՝ Վիվա-ՄՏՍ-ը։

CWR ստեղծման ու կառավարման գործում Հիմնադրամն ունի նաև միջազգային հավատարիմ գործընկերներ, որոնց աջակցությունն անխոս նպաստել է գաղափարի իրականություն դառնալուն։ Դրանք են՝ World Land Trust-ը, US Forest Service-ը, IUCN Netherlands-ը, International Animal Rescue և բազմաթիվ այլ կազմակերպություններ։

Միջոցառման կայացմանն աջակցել է նաև «Վայն ֆորմուլա» ՍՊԸ-ն «Հովազ» հայկական գինիներով։ Ի դեպ, ապագա սերունդների համար շրջակա միջավայրը պահպանելու նպատակով «Վայն ֆորմուլայի» թիմը «Հովազ» գինիների վաճառքի շահույթի 10%-ը կհատկացնի կովկասյան ընձառյուծի պահպանմանը: