Ի՞ՆՉ ՎԵՀ ԱՐԺԵՔՆԵՐ, ԵՐԲ ՔԱՂԱՔԱՑԻԴ ԿԻՍԱՔԱՂՑ Է

Ընդդիմության և հանրային տարբեր շրջանակների ցավալի արձանագրումն այն է, որ հայրենազրկումը մեր բնակչությանը չստիպեց ընդդիմանալ և հեռացնել այս իշխանությանը, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները կստիպեն։ Այս գնահատականը միգուցե և սթափ է, իրատեսական և բխում է հայաստանյան հանրության խորքային ճանաչողությունից, բայց միաժամանակ էլ՝ նույնքան ողբերգական է ու վկայում է պետականազուրկ ազգերին բնորոշ հավաքական մտածողության մասին։

Ու եթե Արցախի մեծագույն մասի կորուստը, հայրենազրկումը, ազգային արժանապատվությունը ոտնատակ տալն օբյեկտիվորեն չափելի չեն, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու նախևառաջ՝ պարենային անվտանգության ոլորտը խիստ որոշակի և ճշգրիտ վիճակագրության ամբողջություն է։ Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար հարկ է թվարկել պարենի ոլորտի հիմնախնդիրներն ու դրանից հետևություն անել, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ թերսնվում են։

Առաջնահերթ ցուցանիշ է պարենի ֆիզիկական մատչելիությունը։ Իշխանությունը պնդում է, թե Հայաստանի անգամ ամենածայրամասային բնակավայրերում պարենի որոշ առաջարկ ապահովվում է։ Իրականությունն այն է, որ թշնամու ինքնաձիգի ներքո Սյունիքի և Գեղարքունիքի սահմանապահ դարձած տասնյակ համայնքների, շուտով հանձնվելիք անկլավների բնակիչների, ի վերջո՝ Արցախի բնակչության համար պարենը բնավ նույնքան ֆիզիկապես մատչելի չէ, ինչպես, ասենք, Երևանում կամ Գյումրիում։ Կութում կանայք կարտոֆիլ են հավաքում ադրբեջանցի զինվորականների հսկողությամբ, իսկ Մարտակերտում տրակտորիստը զոհվում է թշնամու դիպուկահարի կրակոցից։

Պակաս խնդրահարույց չէ պարենի սոցիալ-տնտեսական մատչելիությունը։ Էկոնոմիկայի նախարարը սիրում է կրկնել, թե ամբողջ աշխարհում գնաճ է, մենք էլ չենք կարող թանկացումների ալիքից դուրս մնալ։ Իրականությունն այն է, որ նվազագույն կենսապահովման զամբյուղն ավելի մեծ է նվազագույն աշխատավարձի դրույքաչափից՝ 68 հազար դրամից։ Դրանով ուղղակիորեն խախտվում է «Կենսապահովման նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը։ Չմեռնելու գինը ՀՀ քաղաքացու համար ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը։

Պատերազմում պարտությունից հետո Հայաստանը զգալիորեն նահանջել է պարենային անկախության ցուցանիշով։ Ճիշտ է, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, նույնիսկ Ռուսաստանը, մենք էլ երբևէ այդ առումով ինքնաբավ չենք եղել։ Բայց փաստն այն է, որ մենք նույնիսկ եղածը չկարողացանք պահել և զրկվեցինք մեր հացահատիկի ամենամեծ շտեմարաններից մեկից՝ Արցախից, իսկ ցորենառատ Սիսիանի տարածաշրջանն էլ հայտնվեց անվտանգության լրջագույն սպառնալիքի ներքո։

Պարենային անվտանգության հաջորդ ցուցանիշի՝ սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում Հայաստանը ևս լուրջ թերացումներ ունի։ Եթե հայաստանյան սուպերմարկետներում պարբերաբար հայտնվող թուրքական և ադրբեջանական ապրանքների մասին սոցցանցային օգտատերերը չահազանգեն, հնարավոր է՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նույնիսկ քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ։

Ի վերջո, պարենային պահուստների մասին տեղեկատվությունը, որպես կանոն, գաղտնի է պահվում, պետական գաղտնիք է համարվում, և բնակչությունը չի տիրապետում արտակարգ և ռազմական դրության պայմաններում իր երկրի պահուստների մասին ցուցանիշներին։ Եթե, իհարկե, վարչապետը չի որոշում օրերից մի օր՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ երկրում արտակարգ դրություն պիտի հաստատվի, ի տես թշնամու և ի լուր աշխարհի՝ գաղտնազերծել մեր պարենային պահուստների մասին տեղեկատվությունը։

Պարենի պաշարների մասին տվյալները ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ռազմական կարևորություն ունեն, այն էլ՝ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում։ Վարչապետը չէր կարող չիմանալ այս մասին։ Դիտավորությամբ, թե հանցավոր անփութությամբ՝ նա խախտել է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրությունը, բայց դրա համար առայսօր պատասխանատվության չի ենթարկվել։