ՊԱՅՔԱՐ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ԻՄԻՏԱՑԻԱ ԱՐՏԱՔԻՆ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
«Աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները
Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխության գործընթացը հաջողությամբ կպսակվի, եթե պայքարն ուղղված լինի այս իշխանությանը հեռացնելուն, այլ ոչ թե իշխանության գալուն, մնում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը պահանջում է արտակարգ մոտեցումներ, միայն այդ դեպքում փողոցային պայքարի նոր ալիքը կհասնի նպատակին և հաջողությամբ կպսակվի։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո հասունացել է միասնական նպատակի շուրջ իրական ընդդիմությանը միավորելու կոնկրետ քայլերի անհրաժեշտություն։
«Մարդիկ դեռեվս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե «Զանգեզուրի» միջանցքի («Զանգեզուր» բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ «Հայաստան» միջանցքի մասին է։ Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում` վերևից ներքև, աջից ձախ, նաև բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատերը՝ ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել «միջանցք» և «ճանապարհ» հասկացությունները։ Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ…»,- հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ բնութագրելով ստեղծված իրավիճակը։
Այս գնահատականին չես առարկի, այն ճշգրիտ արտացոլում է առկա իրավիճակը։ Նախորդ հրապարակումներում մենք նկարագրել ենք իշխանության քարոզչամեքենայի փորձերը՝ իբրև ռևանշիստներ ներկայացնելու նրանց, ովքեր ռեժիմի հրաժարականի կոչ են անում։ Երրորդ նախագահի հռչակած քաղաքական պայքարի հայեցակարգը կարող է զրկել Փաշինյանին այդ խաղաքարտից։
Ազգային օրակարգ ունեցող ուժերի համախմբումը պետք է կայանա կապիտուլյանտի հրաժարականի կարգախոսով։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ այդ օրակարգի շուրջ պետք է տեղի ունենա Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահների համախմբում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Փաշինյանը իր ձեռքում կկենտրոնացնի ողջ իշխանությունը, այդ «աբսոլյուտիզմը» կարագացնի միջկուսակցական բանակցությունները, որոնք հիմք կծառայեն իսկական ընդդիմության միավորման համար…
Մենք բազմիցս նշել ենք, որ իրական ընդդիմությունն այսօր ներկայացված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքներով։ Ոչ պաշտոնական կոալիցիայի ներկայացուցիչների թվին պատկանող արտախորհրդարանական ուժերը սպասարկում են Փաշինյանի շահերը՝ քննադատելով նրան նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ պայքարում վճռականություն պակասի համար։ Այդ կոալիցիան մեղադրում է վերոնշյալ դաշինքներին ռևանշի փորձի մեջ, մեղադրանքները դժվար թե արժանի են լուրջ արձագանքի, սակայն խորհրդարանական ընդդիմության նկատմամբ դժգոհություններ ունեն նաև ազգային օրակարգով արտախորհրդարանական ուժերը։
Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ աշխատանք՝ փողոցային պայքարի կազմակերպման ուղղությամբ
Ի սկզբանե ասվում էր, որ խորհրդարանական կուսակցությունները սերտորեն համագործակցելու են խորհրդարանի պատերից դուրս գտնվող իրական ընդդիմության հետ, սակայն առողջ ուժերի համախմբմանն ուղղված կոնկրետ ջանքեր առայժմ չեն երևում: Իսկ առանց այդ համախմբման «Հայաստան» դաշինքի հռչակած փողոցային պայքարը դժվար թե հանգեցնի իշխանափոխության։
Օրերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՀՅԴ-ն այդ հարցում որոշել է գնալ իր ճանապարհով. այսուհետ կուսակցությունը արձագանքելու է ռեժիմի բոլոր գործողություններին և որոշումներին տեղային բողոքի ակցիաներով: Կապիտուլյանտին հրաժարական պարտադրելու նպատակով փողոցային ռեսուրսն օգտագործելու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ աշխատանք՝ փողոցային լայնածավալ պայքար կազմակերպելու ուղղությամբ։ Միայն բարձրահունչ կարգախոսներն ու համապատասխան երաժշտական նվագակցությունը, ինչպես Հայրենիքի փրկության շարժման ակցիաների պարագայում, ակնհայտորեն բավարար չէ։ Այնքան էլ տեղին չեն նաև հայտարարությունները, թե պետք է ձևավորել Հայրենիքի փրկության շարժում-2։ Ներկա իրավիճակն ունի իր յուրահատկությունը, այն թելադրում է պայքարի նոր մոտեցումների և նոր որակի անհրաժեշտություն…
Ընդդիմադիր տրամադրված հասարակայնությունը պետք է տեսնի, որ տարբեր համոզմունքներ ունեցող քաղաքական գործիչները, տարբեր գաղափարախոսություններ դավանող կուսակցությունները համախմբվել են միասնական նպատակի շուրջ. ազատել երկիրը բռնապետ կապիտուլյանտից, որը պայմավորված պատերազմի արդյունքում հանձնեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը և թույլ տվեց Հայաստան ներխուժել ադրբեջանցի զավթիչներին։ Եթե փողոցային շարժումը գլխավորեն Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, ապա դա կօգնի ընդդիմադիր ռեսուրսի համախմբմանը միասնական կարգախոսի ներքո։ Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող հասնել ռեժիմի ղեկավարի հրաժարականին։ Բողոքի տեղային ակցիաները դժվար թե կարողանան թուլացնել Փաշինյանի դիրքերը։
Այդ ակցիաներին ոստիկանության ցուցաբերած անհամարժեք արձագանքը կոչված է ահաբեկման գործոնի դեր խաղալ։ Դրա ապացույցը նախորդ շաբաթ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Գոռ Սարգսյանի ձերբակալումն ու բերման ենթարկումն էր ոստիկանություն, երբ նա զրուցում էր լրագրողների հետ կառավարության շենքի մոտ։ Այդ դրվագը ամենավառ վկայությունն է այն բանի, որ ոստիկանության ձեռքերին ազատություն է տրված փողոցային ակցիաները ցրելու համար, իսկ ուժի գերազանցումը կոչված է կանխարգելիչ գործոնի դեր խաղալու։
Բռնապետական ռեժիմը ձգտում է վախեցնել ընդդիմադիր տրամադրված մայրաքաղաքային հանրությանը և ընդմիշտ վերացնել փողոցային բողոքի ակցիաներ անելու նրա ցանկությունը։ Տեղային ակցիաները ցրելը շատ ավելի հեշտ է, քան միաժամանակյա զանգվածային ելույթները Երևանի խոշոր վարչական միավորներում։ Բացի այդ, կանոնավոր տեղային ակցիաների դեպքում հասարակական արձագանքը բավական սահմանափակ կլինի:
Նիկոլի դեմ խաղ չկա՞
Ռեժիմի պարագլխի ծրագիրը իշխանությունն ամեն գնով պահելն է։ Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ինչ կարող է հակադրել ընդդիմությունն այդ ծրագրին, ինչպես է մտադիր կազմակերպել պայքարը ռեժիմի բռնապետության և մարդու իրավունքների համատարած ոտնահարման դեմ։ Խոսքը, իհարկե, կոնկրետ արդյունքի միտված պայքարի մասին է, այլ ոչ թե հրապարակային թամաշաների։
Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում փողոցային ռեսուրսը չպետք է սահմանափակվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի երիտասարդական կառույցներով, հարկավոր է նպատակաուղղված աշխատանք տանել ժողովրդի հետ։ Ազգային օրակարգ ունեցող քաղաքական ուժերը պետք է նախապատրաստեն իրենց կողմնակիցներին ռեժիմի թուլացմանն ուղղված փողոցային պայքարի։ Նախապատրաստական աշխատանքներն անհրաժեշտ է անցկացնել մայրաքաղաքի բոլոր վարչական միավորներում, քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում…
Քաղաքականացված հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ նույնպես այն տպավորությունն ունեն, որի մասին օրերս խոսեց ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը խորհրդարանում «ավելի շատ ուզում է ապացուցել, որ ինքն ընդդիմություն է»։ Խորհրդարանական ընդդիմությունն իրականում շատ է ջանում, բայց սեփական իմիջի վրա աշխատելն ու բռնատիրական ռեժիմը տապալելու համար մղվող պայքարը տարբեր բաներ են։
«Հանգիստ չտալ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը». սա դեռ երաշխիք չէ, թե ռեժիմի դեմ պայքարը կմտնի վճռական փուլ։ Եթե խորհրդարանական խմբակցությունների պայքարը լռվի սկանդալային հայտարարությունների և աղմկահարույց հարցազրույցների փուլում, ապա դա կնպաստի իրավիճակի ձևավորմանը դասական սխեմայով. աղմկոտ խորհրդարան - հանգիստ փողոցներ։ Անհրաժեշտ է ազգային օրակարգ ունեցող ուժերի համախմբման նոր բեկումնային հայեցակարգ ողջ երկրի մասշտաբով։ Միայն այդժամ ռեժիմի դեմ պայքարը կդառնա իրական և կձերբազատվի ցուցամոլական տարրերից։
Միայն այդ դեպքում ընդդիմադիր հանրությունը կհասկանա, որ խոսքը արդյունքի միտված իրական պայքարի մասին է, այլ ոչ թե արտաքին տպավորչության միջոցով պայքարի իմիտացիայի։ Ռեժիմի և դրա պարագլխի հանցագործությունների բանավոր բացահայտումներն ու մերկացումները երկրի ամենաբարձր ամբիոնից աստիճանաբար կորցնում են սրությունն ու արդիականությունը։ Եկել է կոնկրետ մտածված գործողությունների ժամանակը, երբ հապաղումը կարող է մարդկանց մեջ առաջացնել տևական անտարբերություն ու հուսահատության զգացում: Մանավանդ որ կապիտուլյանտի ռեժիմն ակտիվորեն նպաստում է այդ տրամադրությունների արմատավորմանը՝ փորձելով համոզել ժողովրդին, թե «Նիկոլի դեմ խաղ չկա՛»։