«Հրապարակ». ԻՆՉՈ՞Ւ Է ՁԳՁԳՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն` ընդդիմությունը կընդվզի դրա դեմ կա շահերի բախում, և իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաև սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձևավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, և հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։ Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, և 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ և չի տարածվի Ղազինյանի վրա։ Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասացին մեզ»։

Aysor.am