ՆԱ ՆՈՐԻՑ ԿՉՔՄԵՂԱՆԱ

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում շարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց իրականում հսկայական քայլ է։ Հուսով ենք՝ նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն և կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք՝ ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ, գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկսվելու պահից ի վեր մենք լսել ենք այդօրինակ բազում հայտարարություններ։ Ե՛վ «զգուշավոր լավատեսության», և՛ «հնարավորությունների պատուհանի» մասին։ Բայց ո՛չ «զգուշավոր լավատեսությունները», ո՛չ էլ «հնարավորությունների պատուհանները» այդպես էլ չեն արդարացրել իրենց։ Եվ կարելի էր Ֆրանսիայի դեսպանի խոսքերին վերաբերվել որպես հերթական դիվանագիտական հերթապահ արտահայտության, բայց... Այս անգամ ամեն ինչ բնավ այդչափ միանշանակ չէ։ 44-օրյա պատերազմից հետո փոխված իրավիճակում համանախագահները, կարծես թե, իսկապես հնարավորություն ունեն հասնելու «Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի» ստորագրման։ Եվ Ֆրանսիայի դեսպանն այդ մասին ազնվորեն զգուշացրեց։

Այս անգամ միջնորդների մոտ դա միանգամայն կարող է ստացվել ոչ միայն այն պատճառով, որ 44-օրյա պատերազմը փոխել է ուժերի դասավորությունը տարածաշրջանում։ Այլ նաև, իսկ գուցե առաջին հերթին այն պատճառով, որ Արցախի հարցում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանն նպատակը նույնն է. վերջակետ դնել այն խնդրին, որը երկուսն էլ ընկալում են որպես «գլխացավանք»։ Ու թեև Ալիևն ու Փաշինյանը փոքր-ինչ տարբեր կերպ են պատկերացնում այդ ազատումը «գլխացավանքից», այդուհանդերձ միջնորդներին գուցեև հաջողվի մոտեցնել դիրքորոշումները, քանի որ նպատակն արդեն մեկն է։

Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Պուտինից ճշտել է մանրամասները, քանի որ Մոսկվան, որի խնդիրներն առանց Արցախի էլ առավել քան շատ են, իր հերթին ձգտում է փոխարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերը ավելի կիրառական պայմանագրի, որը երկարաժամկետ խաղաղություն կհաստատի տարածաշրջանում, կկայունացնի իրավիճակը և կամրապնդի Ռուսաստանի ազդեցությունը։ Բարդ գործ է։ Բայց իրատես լինենք. մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ ներկայիս դասավորության պարագայում այդ հարցը կարելի է լուծել միայն հայկական կողմի սկզբունքային զիջումների հաշվին։

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրում, որի ուղղությամբ տարվող աշխատանքի մասին խոսում է Ֆրանսիայի դեսպանը, լինելու է երեք գլխավոր կետ։

Առաջինը՝ այն մասին, որ ստորագրող կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պարտավորվում բացել ու ապահովել միջպետական հաղորդակցության բոլոր ուղիների անվտանգ գործունեությունը, ինչպես նաև սկսել պետական սահմանի գծանշման և սահմանազատման գործընթացը՝ հիմք ընդունելով երկու հանրապետությունների միջև վարչական սահմանները ԽՍՀՄ փլուզման պահին: Այստեղ փակագծում նշենք, որ այդ կետը ԱԺ-ին ներկայացնելիս Փաշինյանը կասի, թե ինքը ստիպված է համաձայնել դրան, քանի որ 2010-ին «նախկիններն» ընդունել են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը…

Համաձայնագրի երկրորդ կետով կնախորոշվի, որ ստորագրող կողմերը պարտավորվում են Մինսկի խմբի հովանու ներքո շարունակել այն տարածքում բնակվող մարդկանց իրավունքների հետ կապված հարցերի լուծման որոնումը, որի անվտանգությունը 44-օրյա պատերազմից հետո ապահովում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եվ այդ հարցերի լուծման համար ստեղծում են երկկողմ հանձնաժողով, կրկին Մինսկի խմբի հովանու ներքո։

Փակագծում նշենք, որ այդ կետը խորհրդարանին ներկայացնելիս Փաշինյանը կասի, թե ստիպված է եղել համաձայնել նման հարցադրմանը, քանի որ 1999-ին Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։

Դե, և երրորդ՝ գլխավոր կետով կամրագրվի, որ ռուսական խաղաղապահ զորակազմը մանդատ է ստանում այս տարածքի անվտանգության ապահովման համար մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտն ու բոլոր հարցերի համաձայնեցումը։ Ներկայացնելով այդ կետը խորհրդարանում՝ Փաշինյանը կասի, որ հայ և ռուս ժողովուրդների դարավոր անխախտ բարեկամության մասին վկայող այդ որոշման արմատները գալիս են 1996 թվականից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Բորիս Ելցինի հետ ստորագրեց ռազմավարական գործընկերության և Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը։

Основная тема:
Теги: