ՆԵՐՍՈՒՄ՝ ԱՌՅՈՒԾ, ԴՐՍՈՒՄ՝ ՆԱՊԱՍՏԱԿ
Պուտին-Փաշինյան ամեն հերթական հանդիպմանը մեր հանրությունը հետևում է շունչը պահած՝ փորձելով վերծանել հատկապես ՌԴ նախագահի խոսքերի ընտրությունը, ձևակերպումները և նույնիսկ տրամադրությունը՝ դրանից անելով հեռուն գնացող «ազգափրկիչ» դատողություններ։ Մոսկովյան հերթական հանդիպման հրապարակված կարճատև հատվածում կարծես որևէ չնախատեսված դրվագ չեղավ՝ ի զարմանս շատերի։ Խոսքը, բնականաբար, Փաշինյանի ռուսերենի մասին է, որը վաղուց համացանցային մեմերի առիթ է դարձել՝ ի դեմս «Լադիմիր Լադիմիրովիչ» արտահայտության։
Մեր բարձրաստիճան իշխանավորների օտարերկրյա այցերն առհասարակ, բավական սակավադեպ են։ Եթե չհաշվենք իր անձնական կապերն օգտագործելով՝ զբոսաշրջային ուղևորությունների մեկնող Արմեն Սարգսյանին, գործադիր իշխանության վերնախավին, մեղմ ասած, չեն սպասում որևէ տեղ, իսկ դեպի մերձավոր արտերկիր՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան այցերը վաղուց արարողակարգային բնույթ են ստացել՝ առանց երկկողմ հարաբերություններում գործուն առաջընթացի։
Ինչպե՞ս են որևէ այլ երկրի պետական լեզվով, հիմնականում ռուսերեն և անգլերեն, խոսում մեր բարձրաստիճան իշխանավորները։ Ամիսներ առաջ Պուտինին հյուրընկալված Փաշինյանի աղմկահարույց և անհասկանալի բառարտաբերումը շատ քննարկվեց, համացանցում ծաղրվեց, բայց այն բնավ միակը չէ։ Հայաստանյան հանրությունը նույնիսկ չիմացավ, թե նույն Ալիևի կամ ԱՊՀ անդամ մյուս բոլոր երկրների ղեկավարների ռուսերենի իմացության համապատկերում ինչպես էին ռուս քաղաքական մեկնաբանները «մեծապետական հեգնանքով» վերաբերվում Փաշինյանին, նրա անվարժ ռուսերենին և դիվանագիտական վարվեցողությանն անտեղյակությանը։
Ամիսներ առաջ տեսակոնֆերանսի ձևաչափում ելույթ ունենալով ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը՝ Փաշինյանը սխալ արտաբերեց նաև Ղազախստանի նախագահի անունը՝ Տոկաև ազգանունը դարձնելով հայրանուն՝ Տոկաևիչ, ինչը դիվանագիտական վարվեցողության կանոնների կոպտագույն խախտում է, ընդհուպ՝ անարգանք։ Անթույլատրելի այս անփութությունը, այն էլ արևելյան երկրի առաջնորդի հանդեպ, չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ դիվանագիտությունը հենց նման մանրուքների ամբողջությունն է։
Ի՞նչն է խանգարում իշխանությանը որևէ լեզվի՝ ռուսերենի, անգլերենի կամ մեկ այլ օտար լեզվի վատ տիրապետելու դեպքում պարզապես թարգմանչով ներկայանալ այդ հանդիպմանը, դրա մեջ ի՞նչ ամոթ բան կա։ Ամոթն, ընդհակառակը, նման պատասխանատու պաշտոնում լեզվական բոբիկություն ցուցադրելն է, իսկ երբեմն անգամ՝ տհաճ իրավիճակներում հայտնվելը և սկանդալներ հրահրելը։
Կարելի է միայն պատկերացնել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և օտար երկրների առաջնորդների դեմքի արտահայտությունը, երբ իրենց համար կթարգմանեն Նիկոլ Փաշինյանի «մեյդը փռել», «մուրճով մխելու ենք», «գիտնական միմոսներ», «կոռումպացված հոգևորականներ», «իրավունքի և օրենքի դիկտատուրա», վերջապես՝ հին ու բարի՝ «ասֆալտին փռել» և «պատերին ծեփել» արտահայտությունները։
Կամ առհասարակ՝ դրանց համարժեքները կա՞ն որևէ այլ լեզվում, թե՞ մի հերթական էժան շահարկում է բերվելու, թե իբր այս ամենը բացառապես ներքին լսարանի համար է և թարգմանության ենթակա չէ։
Նիկոլ Փաշինյանը հավակնում է պատմական աննախադեպության, կառավարության գրեթե ամեն նիստում պարծենում է մի նոր և աննախընթաց ձեռքբերմամբ, այսինքն՝ իրեն երևակայում է որպես Հայաստանի և միգուցե տարածաշրջանի երկրների բացառիկ, աստվածընտրյալ առաջնորդ։ Կես կատակ, կես լուրջ՝ մի՞թե սա նման առաջնորդին հարիր բառամթերք է։ Նման արտահայտություններից որևէ մեկը Փաշինյանը կարո՞ղ է բանեցնել, օրինակ, իրեն շարունակաբար ծաղրող Իլհամ Ալիևի կամ արհամարհանքի աստիճանի նվաստացնող Էրդողանի նկատմամբ։ Թե՞ դրանց համարժեքները չկան թուրքերենում և ադրբեջաներենում։