ԲՆԱՎ ՈՉ ԱՆԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ
Ամռան սկզբին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց երկրի քաղաքացիներին բերման ենթարկել արտերկիր մեկնած իրենց հարազատներին: Ավելի ուշ նա, իհարկե, հայտարարեց, որ «բերման ենթարկելու» առնչությամբ կատակել է, սակայն ցանկացել է ընդգծել այն փաստը, որ բուն Հայաստանում շատ են աշխատատեղերը, և արտասահմանում բախտ որոնողները կարող են լավ աշխատանք գտնել նաև հայրենիքում։ Օրինակ, հավելեց նախարարը, գյուղերում կա հովիվների պակաս։
Ժողովուրդն, ըստ երեվույթին, ըստ արժանվույն չգնահատեց Քերոբյանի հումորը։ Ավելին, կասկածելի անտարբերություն դրսևորեց նա (ժողովուրդը) նաև հովիվների թափուր աշխատատեղերը զբաղեցնելու նախարարի գայթակղիչ առաջարկի նկատմամբ։ Համենայն դեպս, հայրենադարձության ալիքի փոխարեն, որ այդչափ զվարթ ցանկանում էր բարձրացնել Քերոբյանը, երկիրը բախվեց արտագաղթի հսկայական ծավալների։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնել է ավելի քան 90 հազար մարդ: Եվ բնակչության արտահոսքը սրընթաց շարունակվում է։
Ասենք, ժողովրդագրական խնդիրներն ամենևին էլ չեն սահմանափակվում միայն երկրի սահմաններից դուրս ավելի լավ կյանք փնտրելու քաղաքացիների ձգտումով։ Դա գործոններից լոկ մեկն է։ Ժողովրդագրական իրավիճակի վատթարացման ոչ պակաս լուրջ վկայությունն են այնպիսի ցուցանիշները, ինչպիսիք են մահացության աճն ու բնակչության բնական աճի նվազումը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում կենսունակության գործակիցը (այդպես է կոչվում մահացածների և ծնվածների թվաքանակի հարաբերակցությունը) նվազել է մինչև 111%: Անցած տարի (առաջին կիսամյակի տվյալներով) այն կազմում էր 118%: Մեղմ ասած, դա շատ տագնապալի ազդանշան է։
Անցնենք առաջ։ Բավական լուրջ են աճում մահացության ցուցանիշները։ Եթե անցած տարվա առաջին կիսամյակում մահացածների թիվը կազմել է 19 242, ապա 2021-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 21 115-ի։ Այսինքն՝ գրեթե 10% աճ։
Իհարկե, մահացության աճի վրա որոշակի ազդեցություն կարող է գործած լինել կորոնավիրուսը։ Այսպես, եթե անցած տարի (առաջին կիսամյակում) կովիդից մահացել է 962 մարդ, ապա ընթացիկ տարում (առաջին կիսամյակում) այդ ցուցանիշն աճել է մինչև 2534-ի: Բայց խնդիրն այն է, որ մահացությունը, ավաղ, աճել է նաև այլ պատճառներով։ Օրինակ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից 2020-ի առաջին կեսին մահացել է 10 138 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 10 549: Ի դեպ, հենց այդ հիվանդություններն են մահվան բոլոր դեպքերի 50 տոկոսի պատճառը։
Զգալիորեն ավելացել է նաև դժբախտ պատահարների, վնասվածքների և թունավորումների հետևանքով մահվան դեպքերի թիվը. աճը կազմել է 48%:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երկիրը ժողովրդագրական բնույթի առավել քան լուրջ խնդիրներ ունի։ Մի կողմից՝ բնակչության արտահոսքը վտանգավոր մասշտաբներ է ստանում, մյուս կողմից՝ աճում է մահացությունն ու նվազում է բնակչության բնական աճը։ Եվ այս իրավիճակում խնդրի լուծման միակ ճանապարհը կառավարության անունից առաջարկեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այն էլ՝ լոկ կատակեց։ Իսկ ավելի ուշ արդեն իսպառ մոռացավ հայրենակիցներին հովվի աշխատանքով հրապուրելու իր գաղափարի մասին…