ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Բարձր պաշտոնը՝ որպես պաշտպանություն կորոնավիրուսից
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամանակին բառացիորեն տապալեց կարանտինի կազմակերպման գործընթացը Հայաստանում։ Իսկ հիմա, ինչպեսև պետք էր սպասել, ի վիճակի չէ գրագիտորեն ապահովել զանգվածային պատվաստումները։ Իշխանությունների այդչափ անձեռնհաս մոտեցման արդյունքը դարձավ այն, որ մեր երկրում օրըստօրե և սրընթաց աճում է կորոնավիրուսով հիվանդացությունն ու, համապատասխանաբար, մահացությունը։
Մինչդեռ պատվաստման գործընթացի նկատմամբ բնակչության վստահության իսպառ բացակայության պայմաններում կառավարությունը, արդեն առկա պատվաստանյութերի օգուտի և վնասի մասին մարդկանց հարցերին կոնկրետ ու հստակ պատասխանելու փոխարեն, որոշել է գնալ հարկադրանքի ճանապարհով: Այսպես, իրավական ակտերի e-draft էլեկտրոնային համակայքում օրերս տեղադրվել է Հայաստանի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, համաձայն որոնց՝ գործատուին պատվաստման վկայական կամ ՊՇՌ տեստ չներկայացրած անձանց չի թույլատրվի աշխատել։
Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, ըստ օրինագծի, կհամալրվի նոր կետով, որը թույլ կտա գործատուներին արգելել աշխատակիցներին կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները և աշխատավարձ չվճարել նրանց, եթե վերջիններս չեն ներկայացրել «վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը»:
Ինչն է հետաքրքիր. օրինագծում չկա կոնկրետ ցուցում, թե աշխատավարձի որքան մասը գործատուն կարող է չվճարել։ Պարզ ասած, եթե աշխատողին ասում են, որ այսինչ օրը նա պարտավոր է գալ պատվաստման կամ ՊՇՌ տեստի անցկացման մասին տեղեկանքով, իսկ նա չի ունենում այդ փաստաթղթերը, ապա, դատելով առաջարկվող փոփոխություններից, գործատուն միանգամայն կարող է իրեն թույլ տալ չվճարել աշխատավարձն արդեն անցած ժամանակահատվածի համար (օրինակ, մեկ ամսվա), որի ընթացքում աշխատողը ազնվորեն կատարել է իր պարտականությունները:
Բացի այդ, նախատեսվում է փոփոխություններ ու լրացումներ մտցնել նաև «Հանրային ծառայության մասին» գործող օրենքում: Խոսքը, մասնավորապես, այդ օրենքի չորրորդ հոդվածի լրացումների մասին է, որոնցով հատուկ հիմքեր են սահմանվում պետծառայողներին կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնեական պարտականությունները կատարել չթույլատրելու, ինչպես նաև նրանց լիազորությունները դադարեցնելու համար: Բնականաբար, այստեղ նույնպես ամեն ինչ հանգում է «վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելելմանն ուղղված» չարաբաստիկ տեղեկանքներին։
Իրավաբանության և օրինակարգության սկզբունքների կոպիտ խախտումներ
Բայց ամենակարևորն առջևում է, քանզի, ինչպես պարզվում է, Հայաստանում կան պաշտոններ, որոնք ստանձնելով՝ դուք այլևս ենթակա չեք որևէ հիվանդության։ «Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա»,- սևով սպիտակի վրա գրված է օրինագծում:
Թե հատկապես ինչ նկատառումներից ելնելով են օրինագծի հեղինակները որոշել, որ Հայաստանում կա արտոնյալ մարդկանց կաստա, որոնք կարիք չունեն ո՛չ պատվաստվելու, ո՛չ էլ գումար ծախսելու ՊՇՌ տեստերի անցկացման վրա, այնքան էլ հասկանալի չէ: Սակայն, ինչպես նշեցին «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունում, նման օրինագծի ընդունմամբ կառավարությունը թույլ է տալիս իրավաբանության և օրինակարգության կարևորագույն սկզբունքներից մեկի՝ օրենքի նկատմամբ իրավունքի գերակայության կոպիտ խախտումներ։
«Հեղինակը ներկայացրել է մի օրինագիծ, որով պարտադրում է ՀՀ հանարային աշխատողներին անցնել կլինիկական փորձարկումների փուլ: Հակառակ դեպքում այդ պարտադիր իրավակարգավորման չկատարումը՝ ի հակասություն սահմանդրական կամավորության սկզբունքի, հանգեցնելու է հաջորդ իրավազանցությանը՝ աշխատանքից ազատմանը, ինչը այս պարագայում էլ հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի իրավակարգավորումներին: Ավելին, նախագծի հեղինակը փորձել է անգամ խախտել ՀՀ սահմանդրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված)»,- նշել են Տնտեսական իրավունքի կենտրոնում՝ տարակուսանք հայտնելով նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց վրա չտարածվող օրինագծի գործողության խտրական բնույթի վերաբերյալ:
Տպավորություն է ստեղծվում, որ օրինագծի հեղինակներին կա՛մ ընդհանրապես չի մտահոգում այն փաստը, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք նույնպես ունեն առողջ ապրելու իրավունք, ընդ որում՝ Սահմանադրությամբ ամրագրված, կա՛մ նրանք լիովին վստահ են, թե սոցիալական կարգավիճակի բերումով այդ աձինք ենթակա չեն կորոնավիրուսով վարակվելու վտանգի։
Այստեղ պատեհ է հիշել թևավոր արտահայտությունը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» այլաբանական հայտնի վիպակից, որը պատմում է, թե ինչպես են հեղափոխական սկզբունքներն ու ծրագրերը, այսինքն համընդհանուր հավասարության նախնական գաղափարները այլակերպվում բռնապետության ու տոտալիտարիզմի։ Ահա ուրեմն, ըստ մտահղացման, «Անասնաֆերմայի» նորաստեղծ հասարակության բոլոր կենդանիները պետք է ապրեին համաձայն սահմանված պատվիրանների, որոնցից մեկն ասում էր, որ «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ մյուսներից ավելի հավասար են»։
Կարծում եմ, այս պատվիրանն առավել քան դիպուկ բնութագրում է այն մոտեցումը, որ հիմք է ընդունել ներկայիս կառավարությունը, մշակելով այսչափ անհեթեթ օրինագիծ և նույնիսկ առանց ամաչելու քննարկման դնելով այն։