ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ
Անցած գիշերը կրկին անհանգիստ էր մեր բազմաթիվ հայրենակիցների համար. Բաքուն հերթական սադրանքն էր կազմակերպել Արցախի հետ սահմանին, գնդակոծվել է Պաշտպանության բանակի մարտական հենակետը, հայկական կողմից վիրավորվել է վեց զինծառայող: Իրավիճակն աստիճանաբար կայունացել է կեսգիշերն անց, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիրքային կամ տարածքային կորուստներ չունենք, Պաշտպանության բանակի հրամանատարությունը հանրապետության իշխանությունների հետ միասին աշխատում է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ իրավիճակի հետագա լիցքաթափման նպատակով:
Ըստ երեվույթին, Մոսկվան նույնպես չխուսափեց այն ինքնախաբեությունից, որով իրեն որոշ ժամանակ մխիթարում էր Փաշինյանը, որը մի առիթով Ալիևին անվանեց կառուցողական տրամադրված և կիրթ մարդ։ Կրթություն վերջինս ունի, բայց այ կառուցողականություն... Փաշինյանի պատրանքները երկար չտևեցին։
Հնարավոր է, որ Մոսկվան անկեղծորեն հույս ուներ, թե 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո Ալիևը կհանդարիվի և հնարավոր կլինի տարածաշրջանում հետագա կայունացման հույս ունենալ։ Բայց Ալիևը նախ թքեց բոլոր ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի մասին եռակողմ հայտարարության դրույթի վրա, ապա սկսվեցին սադրանքները Հայաստանի հետ սահմանին, որից հետո Անկարայի հետ միասին պահանջեց «Զանգեզուրի միջանցք», այսինքն՝ Բաքվի վերահսկողություն Նախիջևանի ինքնավարության հետ Ադրբեջանը կապող ճանապարհի նկատմամբ։
Այլ կերպ ասած, Ալիևն ու Էրդողանը մտադրվել են բաժանել Հայաստանը երկու մասի, որպեսզի հետո բռնազավթեն երկրի հարավը։ Դժվար թե այդ հիվանդագին անուրջները դուր գային Մոսկվային։
Բայց այդտեղ կտրուկ զայրացավ Իրանը։ Առաջին հայացքից տարօրինակ էր թվում, քանզի ռազմական գործողությունների ավարտից հետո այդ երկրի պաշտոնյաները գրեթե շնորհավորում էին Բաքվին հաղթանակի կապակցությամբ։ Եվ հանկարծ՝ այդպիսի արձագանք.... Եթե խոսքը վերաբերեր միայն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ճանապարհների բացմանը՝ համաշխարհային համակեցության ընդունված կանոններով, ապա Թեհրանի վերաբերմունքը դժվար թե այդչափ բացասական լիներ։
«Shargh Daily» լրատվական գործակալության իրանցի վերլուծաբան Սալար Սեիֆն իր Twitter-ում գրում է. «Իրանը տեղեկություն ուներ, որ Բաքուն և Անկարան մտադիր են հարձակվել Սյունիքի վրա, կտրել մեր ցամաքային կապը Կովկասի հետ։ Այդ տեղեկատվության հիման վրա Իրանը մոբիլիզացրեց իր ուժերը և ծավալվեց սահմանին, ինչի պատճառով ձախողվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը»։ Հնարավոր է, որ Ալիևն իրոք մտադիր էր հերթական սադրանքը կազմակերպել Հայաստանի սահմանին և այդ պատրվակով փորձել «միջանցք ճեղքել» դեպի Նախիջևան։ Իսկ հետո արդեն թող երկար խոսակցություններ գնային սահմանագծման ու սահմանազատման մասին, թող ՀԱՊԿ-ը քննարկումներ անցկացներ…
Այս խորապատկերին տեղի ունեցավ Պուտինի և Էրդողանի սառը հանդիպումը Սոչիում, որից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը «նույնպես» պետք է կատարի պայմանավորվածությունների իր բաժինը։ Հավանաբար, Սոչիում նրան ասվել է, որ հենց Ալիևն է տորպեդահարում պայմանավորվածություններն ու ագրեսիվ ծրագրեր փայփայում։ Վարկածը հավանական է, քանի որ Մոսկվան սովորաբար փորձում է առավելագույն քաղկոռեկտություն պահպանել Երևանի և Բաքվի նկատմամբ, սակայն Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ոչ միայն հաղորդագրություններ չեն հայտնվել Պուտինի և Ալիևի նախապատրաստվող հանդիպման մասին, այլև նույնիսկ հեռախոսազրույց չի կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:
Կարելի է ենթադրել, որ նյարդայնանալով այն հանգամանքից, որ «միջանցքի» վերաբերյալ ծրագրերը ստիպված է հետաձգել, և որ Մոսկվան չի շտապում տեղեկացնել իրեն Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքների մասին, Ալիևը երեկվա սադրանքով փորձեց ոխը թափել Արցախի վրա։ Եվ այստեղ կրկին երևում է Երևանի, ասենք՝ նաև Մոսկվայի սխալը։ Երկու մայրաքաղաքներում էլ հույս ունեին, թե պատերազմի արդյունքներն ու ռուս խաղաղապահների գործոնը վերջ կդնեն զինված հակամարտությանը։ Եթե նման ակնկալիքներ եղել են, ապա հիմա, պետք է ենթադրել, և՛ Փաշինյանը, և՛ Լավրովը համոզվել են, որ դրանք չեն համապատասխանում Ալիևի ծրագրերին։
Տարածքների հանձնումն Ադրբեջանին չի ազդել նրա նախկին նկրտումների վրա, ինչի մասին բազմիցս զգուշացրել են փորձագետները։ Այսօր Բաքուն վերսկսում է դիպուկահարների պատերազմը՝ անտեսելով խաղաղապահների ներկայությունը։ Միայն թե այս անգամ հայկական դիրքերն այնքան էլ բարենպաստ չեն…
... Հայաստանում շատ հուշարձաններ կան։ Բացակայում է մեկը, գուցե ամենագլխավորը։ Արցախի հուշարձանը։ Այն Արցախի, որն անկախություն ձեռք բերելուց հետո արդեն 30 տարի շարունակ, ի հեճուկս ամենի. թշնամու հարվածների, յուրայինների դավաճանության, հսկում է վիրավոր Հայրենիքի անդորրը։ Եվ որի շնորհիվ երևանցիները կարող են հանգիստ վայելել իրենց սուրճը Կասկադի սրճարաններում ու քննարկել ֆուտբոլի հավաքականի խնդիրները։