«Ժողովուրդ»․ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԱԺ ԵՆ ԿԱՆՉԵԼ, ԿՆԵՐԿԱՅԱ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԸ ԽԶԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 5-ին պետք է ներկայանա խորհրդարան: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետք է քաղաքապետ Մարությանը ներկայացնի 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի` քաղաքապետարանի ծախսերն ու եկամուտները:
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, թե արդյո՞ք Մարությանը կբարեհաճի գալ ԱԺ, քանի որ իշխանության հետ կտրականապես կտրել է իր կապը ու, հնարավոր է, արհամարհի օրենսդիր մարմնին ու չգա խորհրդարան»,–գրում է թերթը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանական թևը կարծում է, որ քաղաքապետ Մարությանի՝ խորհրդարան գալու դեպքում պետք է նրան «նեղը գցել» տարբեր հարցերով, քանի որ վերջինս իշխանության միջոցով ընտրվել է քաղաքապետ ու միանգամից կապը կտրել բոլորի հետ, ավելին՝ արհամարհական վիճակ է արդեն տևական ժամանակ:
Հիշեցնենք, որ Մարությանն անգամ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թիմին չօգնեց, ավելին՝ Փաշինյանի պահանջը, որ վերջինս պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա քաղաքապետի պաշտոնից, որևէ ձևով արդյունք չունեցավ:
«Անգամ Երևանի ավագանին սկսեց Մարությանի դեմ դավեր նյութել, բայց ապարդյուն. Մարությանը շարունակում է պաշտոնավարել ու արհամարհել իշխանությանը ու նրա վարած քաղաքականությունը: Հիմա հարց է առաջանում՝ արդյոք այսքանից հետո Մարությանը կցանկանա ներկայանալ խորհրդարանի «դատին»»,–գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԶԼՄ–ներից մեկին տված հարցազրույցում վարչապետի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, իսկ այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։
Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և իրենք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։