ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԳՆՈՎ

Արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանի Երասխի հատվածում թշնամու ակտիվության հերթական փուլը վկայում է Բաքվի մարտավարական նոր նպատակների մասին։ Արցախի՝ մեզ մնացած հատվածի վրա, որտեղ տեղաբաշխված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանը չի կարող լայնածավալ հարձակում գործել, մնում է նոր գերակա բարձունքներ նվաճելու նպատակով գրոհել մեր դիրքերը։ Նորշենի ուղղությամբ թշնամու հարձակումն ու դիրքի ոչնչացումը, փաստորեն, հետպատերազմյան մեկ տարում Արցախի դեմ ամենասանձարձակ ոտնձգությունն էր։

Ով ապրում է մշտական պատերազմի պայմաններում, լավ գիտի, որ կողմերը մշտապես փոփոխական հաջողություններ են ունենում։ Փաստն այն է, որ այսօր չկա ո՛չ արցախա-ադրբեջանական, ո՛չ էլ հայ-ադրբեջանական սահման չկա, կա ընդամենը առաջնագիծ։ Մյուս կողմից՝ թշնամու ամրացված պաշտպանական դիրքերի դիմաց մեր զինվորն անձրևի տակ դեռևս քնում է վրանում։ Կա՞ որևէ բացատրություն կամ արդարացում նոր ձևավորված առաջնագծի կահավորման իսպառ բացակայության հարցում։ Չկա և չի կարող լինել։

Պատերազմի օրերին մեզ գրեթե ամեն օր ասում էին, թե մարտավարությունը ենթադրում է, որ մի օր կարող ես նահանջել, հաջորդ օրը՝ գրոհել: Իրապես, պատերազմը ենթադրում է լայնածավալ զորաշարժեր, հնարավորինս քիչ կորուստներով համազորային մարտի պլանավորում, նպաստավոր դիրքերի զբաղեցում և կահավորում:

Հետպատերազմյան մեկ տարում՝ հարաբերական խաղաղության պայմաններում, ի՞նչն էր խանգարում Գլխավոր շտաբին ամրացնելու նոր զբաղեցրած դիրքերն ու հենակետերը կամ կասեցնելու թշնամու առաջխաղացումը քո տարածքի ներսում։

Ակնհայտ է, որ առանց հակամարտության մեջ ներգրավված դերակատար երկրների համաձայնության կամ առնվազն տեղեկացման՝ Ադրբեջանը չի կարող լայնածավալ սադրանքներ հրահրել սահմանագծում։ ՌԴ-ի չեզոքությունը և Թուրքիայի՝ Բաքվին ամեն կերպ պատերազմի մղելը ինչ-որ փուլում կարող են հանգեցնել ամբողջ առաջնագծի երկայնքով կարճատև, բայց արյունալի մարտական գործողությունների։ Այդ պարագայում առավել կարևոր բան կա՞, քան մեր զորքերի մարտական պատրաստականությունը, զինվածությունը և դիրքերի կահավորումը: Այս ուղղություներից որո՞վ է անցած մեկ տարում բավականաչափ ջանք գործադրվել։

Ի վերջո, Բաքուն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել այլ պետության (թեկուզև չճանաչված) մայրաքաղաքի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորված ռմբահարելու համար։ Մարդասիրական այն աղետը, որն առաջացել է Արցախում, ներառյալ Ստեփանակերտում, Բաքվի ագրեսիայի հետևանքով, որևէ ազդեցիկ միջազգային կառույցի կողմից արձանագրված և դատապարտված չէ։ Փոխարենը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին պարբերաբար ուղեկցում են Գանձակ, Թարթառ կամ այլ քաղաքներ՝ տեսնելու հայկական զինուժի հրթիռային հարվածների հետքերը։

Ի վերջո, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ամեն հերթական հարձակումն սկսվում է Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունից հետո, երբ թուրք հրահանգիչներն ակտիվորեն մասնակցում են մարտական գործողությունների, հատկապես օդուժի կառավարմանը, հավաքագրված վարձկաններն էլ մարտական խնդիրներ են ստանում։

Հետպատերազմյան մեկ տարում ադրբեջանցիները թուրքերի հետ համատեղ մոտ մեկ տասնյակ զորավարժություն են անցկացրել, Հայաստանը՝ ընդամենը երկուսը։ Պարտադրվող խաղաղության պայմանագրի գինը, փաստորեն, մարդկային ու տարածքային նորանոր կորուստնե՞րն են։