ՁԱԽՈՂՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիրը» ձախողվեց Գորիսում։ Քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը, հաղթեց, հավաքելով գրեթե երկու անգամ ավելի շատ ձայներ, քան իշխող կուսակցության իր ընդդիմախոսը։
Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլն ասում, թե ժողովուրդն է բարձրագույն դատարանը։ Թե իբր, օրենքները՝ օրենքներ, բայց հենց ժողովրդին է պատկանում վերջին խոսքը։ Եվ եթե խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը հաղթել է, ապա ինքը՝ Նիկոլը, այլևս ոչ մի կապիտուլյանտ էլ չէ, ոչ էլ դավաճան ու հողատու։ Եվ որ ժողովուրդն իրեն երկաթե չագուճիկ է տվել նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, ովքեր այդպես են համարում։ Ու սկսվեցին քաղաքական հալածանքները…
Եվ ահա Գորիսում մեծ առավելությամբ հաղթում է Առուշ Առուշանյանը՝ նույնանուն դաշինքի առաջնորդը, «Հայաստան» դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավորը։ Երկրի գլխավոր պոպուլիստի լեզվով ասած, դա նշանակում է, որ ժողովուրդը, այսինքն բարձրագույն դատարանը, նրա դեմ հարուցված գործը համարում է սարքովի։ Համարում է, որ Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է։ Համարում է, որ Առուշ Առուշանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Համարում է, որ Առուշին ազատազրկած դատավորները կատարել են վարչապետի քաղաքական պատվերը։ Վերջապես, Գորիսում ընտրողները համակարծիք են Առուշ Առուշանյանի և «Հայաստան» դաշինքի հետ, որ Փաշինյանը կապիտուլյանտ է, դավաճան ու հողատու, և սյունյաց հանրահայտ ողջույնը մնում է ուժի մեջ։ Եվ որ Փաշինյանն իր երկաթե չագուճիկը թող ավելի լավ է թափահարի Գորիսից հեռու ինչ-որ տեղ, եթե շա՜տ քաղկոռեկտ արտահայտվենք։
Ինչպես հայտնի է, Գորիսը բացառություն չէ։ Փաշինյանը ձախողվեց նաև Գյումրիում՝ երկրի երկրորդ քաղաքում, որտեղից 2018-ին սկսել էր իր քայլերթը դեպի Երևան և որտեղ նրա դիրքերն ավանդաբար ուժեղ էին։ Իշխող կուսակցությունում արդեն հաշվեպարզումներ են ընթանում, թե ո՞նց այդպես ստացվեց։ Մինչդեռ իսկապես հետաքրքիր է, այդ դեպքում ո՞նց ստացվեց, որ Փաշինյանը հաղթեց հունիսի 20-ի ընտրություններում։
Դե, նախ՝ այն ընտրություններն իրենց արտահերթության պատճառով չափազանց սրընթաց էին, ինչը միշտ էլ ձեռնտու է վարչական ռեսուրսն արագ մոբիլիզացնող իշխանությանը, իսկ ընդդիմությունը ֆիզիկապես չէր կարող երկու շաբաթվա ընթացքում հասցնել այցելել ամենուր։ Երկրորդ՝ Գորիսում և Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը ցույց է տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո միտումը նույնն է. մարդիկ շարունակում են հիասթափվել Փաշինյանից ու իր թիմից, նա շարունակում է ձայներ կորցնել։
Երրորդ՝ խորհրդարանական ընտրություններում «թուր ու թվանքով» գործի անցան բոլոր ուժային կառույցները, և իր հաղթանակով Փաշինյանը մեծապես պարտական է նրանց։ Այս անգամ ուժայինները ավելի զուսպ էին, հավանաբար այն պատճառով, որ Նիկին վստահ էր, թե հաղթելու է։ Դե, և վերջապես, պետք է խոստովանել, որ տեղական ընտրությունների ներկայիս քարոզարշավին չի մասնակցել անձամբ Փաշինյանը. երկրի գլխավոր մանիպուլյատորը քարոզչություն չի իրականացրել, քանի որ, որպես գործադիր իշխանության ղեկավար, չունի դրա իրավունքը։ Եվ սա վկայությունն է այն բանի, որ առանց Փաշինյանի իր թիմն ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չէ, ինչի մասին, ըստ էության, գիտեն բոլորը, բացի ուսապարկերից ու մի զվարճալի հաղորդավարից։
Դե ինչ, Փաշինյան, ժողովրդական բարձրագույն դատարանը որոշեց, որ Առուշ Առուշանյանը իրավացի՛ է, իսկ դու՝ ոչ։ Ժամանակն է ազատ արձակել Գորիսի քաղաքապետին և ներողություն խնդրել։ Ու չագուճիկով զարկել բոլոր այն դատավորների գլխին, որոնք նստեցրել են Առուշանյանին՝ կատարելով քո պատվերը։ Ժողովուրդն է այդպես որոշել, բարձրագույն դատավորը. չէ՞ որ ինքդ էիր ասում, որ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Եվ քո ինքնասիրահարված գլխին էլ չի խանգարի զարգել նույն չագուճիկով, Նիկի: Դե, ինչպե՞ս են այնտեղ սերտիֆիկացված տնկիները, գյուղացիներն արդեն կտրե՞լ են իրենց այգիները։
Իսկ դու համարձակվիր ընտրություններ անցկացնել նաև Երևանում...