Դավիթ Տոնոյանի փաստաբանները ուզում են մասնակցել «անորակ» զենք-զինամթերքի փորձաքննությանը

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է, որ իրենց թույլ տրվի մասնակցել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների փորձաքննությանը, նշված է փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ։

«Փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ, և ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում»,– նշում են փաստաբանները։

Նրանք նաև փոխանցում են, որ Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Մինչդեռ, անկատար փորձաքննության պայմաններում Տոնոյանին մեղադրանքներ ներկայացնելն ու նրան կալանավորելը, ըստ փաստաբանների` բացարձակապես հիմնազուրկ է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են, տեղեկացնում է Sputnik Արմենիա։