Արմեն Գևորգյան. Դատարանում պայմաններ չեն ստեղծվել փաստաբանների կողմից իմ պաշտպանության համար

Դատարանում փաստաբանների կողմից իմ պաշտպանության համար պայմաններ չեն ստեղծվել: Այս մասին դատական նիստին հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Ինչպես արդեն հաղորդվել էր, փաստաբաններից մեկը երեքշաբթի օրերին զբաղված է և չի կարող ներկա լինել նիստին, սակայն ամեն անգամ, երբ նա դատարանից խնդրում է հետաձգել նիստը, դատարանը համառորեն հրաժարվում է դա անել: Երկրորդ փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրում է տրամադրել գործի նյութերը և ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար: Այս գործով դատարանը նույնպես մերժում է: Արդյունքում, այսօրվա նիստին Գևորգյանը հայտնվեց առանց փաստաբանների:

«Իմ պաշտպանները, մասնավորապես՝ Սահակյանը, բազմիցս խնդրել են տրամադրել նյութերը՝ դրանց հետ ծանոթանալու համար: Փաստաբաններն այստեղ են ոչ թե ներկա լինելու, այլ պաշտպանվելու համար»,- ընդգծեց Գևորգյանը՝ նշելով, որ դատարանը հրաժարվում է բավարարել փաստաբան Կոչուբաևի խնդրանքը և հետաձգել նիստերի օրը: «Դուք ձևացնում եք, որ սա ամենակարևոր գործընթացն է: Կարծում եմ՝ դատավորը պարտավոր է պայմաններ ստեղծել փաստաբանների աշխատանքի համար: Անկախ նրանից, թե որքան ժամանակ է ընթանում գործընթացը: Ես խնդրում եմ ձեզ ստեղծել պայմաններ, որպեսզի փաստաբանները լիովին պաշտպանեն իմ իրավունքները: Թեև դատարանն արդեն բազմիցս խախտել է իմ՝ որպես քաղաքացու և պատգամավորի իրավունքները»,- շեշտեց Գևորգյանը՝ հիշեցնելով, որ դատարանի գործողությունների պատճառով չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին: «Սա պետք է անհանգստացնի ոչ միայն ինձ, այլև դատախազներին, որոնք պետք է պաշտպանեն պետության իրավունքները»,- ասաց նա:

Դատավորը հարցրեց՝ արյդո՞ք կարելի է եզրակացնել, որ Սահակյանն այդ պատճառով չի եկել: «Ոչ Ես ասացի, որ սա իմ կարծիքն է, և խնդրում եմ իմ կարծիքը ուրիշներին չվերագրել»,- պատասխանեց Գևորգյանը:

Նա տեղեկություն ունի՞ փաստաբանի բացակայության պատճառների մասին: «Ոչ, և ես չեմ պատրաստվում պարզել: Ամեն դեպքում, կան հանգամանքներ, որոնք խանգարում էին նրան գալ»,- պատասխանեց Գևորգյանը:

«Ի՞նչն է ձեզ խանգարում զանգահարել»,- հարցրեց դատավորը: «Ի՞նչն է խանգարում դատական ապարատին դա անել»,- հակադարձեց Գևորգյանը:

«Դուք անօրինական կերպով ոտնահարում եք իմ իրավունքները, իսկ հիմա խնդրում եք ինձ զանգահարել: Անեիք դա մինչև նիստը, պարզեիք»,- ասաց Գևորգյանը, տեղեկացնում է News.am: