ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽ ԵՎ ՀԱՍՆԵԼ ԱՄԱՐԱՍ

Արցախում շարունակում են զբոսաշրջային երթուղիներ կազմել և հյուրեր ընդունել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի ժամանակ։

«Արցախն ավելի քան երկու հազար մշակութային հուշարձան է կորցրել, որոնց թվում նաև զբոսաշրջության տեսանկյունից կարևոր բազմաթիվ օբյեկտներ կան։ Այժմ մենք աշխատում ենք այն ուղղություններով, որոնք նախկինում պակաս նկատելի էին, բայց հիմա առաջին պլան են դուրս եկել»,-պարզաբանել է Շահվերդյանը։

Այդպիսին է, օրինակ, Հակոբավանքը (կառուցված է, ենթադրաբար, 13-րդ դարում, գտնվում է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մերձակայքում), ինչպես նաև մի քանի այլ վանքեր։ Դրանց շուրջ նաև անտառային տարածքով քայլարշավների երթուղիներ կան։

«Դրա հետ մեկտեղ շատ կարևոր է զբոսաշրջիկներին և նույնիսկ հենց ՀՀ բնակիչներին հասցնել այն տեղեկությունը, որ Արցախում անվտանգ է։ Ներքին զբոսաշրջության խոչընդոտներից մեկը հենց չստուգված և տագնապ առաջացնող տեղեկություններն են։ Մեր խնդիրը այդ կարծրատիպերը կոտրելն է, այնպես անելը, որ քաղաքացիները դադարեն անվերապահորեն վստահել այն ամենին, ինչ գրվում է սոցցանցերում»,-հայտարարել է Շահվերդյանը։

Դա վերաբերում է նաև Ամարասի վանական համալիր այցելությանը։ Հիմա այն բացարձակ հասանելի է, և յուրաքանչյուր ոք կարող է այցելել, նույնիսկ սեփական ավտոմեքենայով, ընդգծել է Շահվերդյանը: Ինչ վերաբերում է Դադիվանքին, ապա հունիսից դադարել են թույլատրել ուխտավորների մուտքն այնտեղ, և վանքում առայժմ մնում են միայն հայ հոգևորականները: Բայց հուսադրող տեղեկություններ կան, որ շուտով այն կրկին կբացվի, հավելել է նա։

Ինչ վերաբերում է Արցախ մուտք գործելուն՝ այն լիովին ազատ է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, բավական է միայն անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Բայց այլ երկրների քաղաքացիների համար նույնպես մուտքը փակ չէ նրանք առաջվա պես կարող են վիզա ստանալ Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով։

«Մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալիս նաև եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից»,-ավելացրել է նա։ Տարեսկզբից ի վեր, նշել է նա, Արցախն ընդունել է 2019թ-ի զբոսաշրջիկների քանակի մոտ 10 տոկոսը։

Նշենք, որ Արցախում հյուրերի և զբոսաշրջիկների ընդունելության համար շարունակում է գործել չորս հյուրանոց (մյուս հյուրանոցում դեռևս փախստականներ և բռնի տեղահանվածներ են բնակվում):

Sputnik Արմենիա