Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԴՈՒՔ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ ԵՐԿՐԻ ԱՌԱՋ ԵՂԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵՔ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։
Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ինչ աշխատանքներ են տարվել և տարվում։
Արդյոք Ադրբեջանը հաստատում է վերջինիս գերության փաստը։ Եթե չի հաստատում, արդյոք ԱԱԾ-ն ունի այլ գործիքակազմ նման դեպքերում զինծառայողների ճակատագիրը ճշտելու և նրանց հայրենադարձումը կազմակերպելու համար։
Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքել։ Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Սա արդեն 4-րդ նման դեպքն է։
Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։
Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք։ Պարզ գրություն առանց ինտրիգների, ներքաղաքական կոնտեքստի և շահարկումների՝ հայի ճակատագրի մասին՝ անպատասխան»։