Հաստատվել է Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար։

Ըստ Էրմենիհաբերի՝ հանձնաժողովում հավանության արժանացած թեկնածուն Սենատի ընդհանուր նիստում ևս հաստատվելու դեպքում պաշտոնապես կսկսի կատարել իր պարտականությունները որպես Անկարայում ԱՄՆ-ի նոր դեսպան։

Ջեֆ Ֆլեյքը հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն հասցրել է զգուշացնել Թուրքիային, որ Ռուսաստանից հավելյալ զենք գնելու դեպքում ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել։

Նշվում է, որ Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։ ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայում, բացի այդ էլ Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ Թուրքիան ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր է գնել։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ, տեղեկացնում է Panorama.am։