Երևանյան բողոքի ակցիայի մասնակիցներից 10–ի նկատմամբ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ապրիլին բողոքի ակցիա իրականացրած անձանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, 10 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել էին «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել էին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, ըստ ՔԿ–ի, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել:

«Նրանցից երկուսը տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: