ՈՒՐԵՄՆ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ Հայաստանի անվտանգության խնդիրները քննարկելու նպատակով, հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեքշաբթի օրը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում: Ասենք, կասկածի նշույլ անգամ չկա, որ նիստը իրավունքի ուժով կգումարվի, բայց իշխանության խմբակցությունն ու կառավարությունը կձախողեն այն. առաջինը՝ քվորում չապահովելով, երկրորդը՝ ոլորտների համար պատասխանատու անձանց բացակայությամբ։

Արդեն ավելի քան մեկ ամիս է անցել այն օրից, երբ խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց որևէ ձևաչափով անցկացնել սահմաններին տիրող իրավիճակի քննարկում՝ ՊՆ, ԱԱԾ, ԱԳՆ ղեկավարների, Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ։ Նույնքան ժամանակ էլ անցել է նման քննարկում կազմակերպելու ԱԺ ղեկավարության խոստումից։ Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովից, որին էլ, ըստ էության, առավելապես վերաբերում է այդ հարցը, ընդհանրապես ոչ մի օգուտ չկա։ Դա զբաղված է միայն ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանին «չընտրելով»։

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի մեկուկես ամսվա ընթացքում այդ հանձնաժողովն անցկացրել է արդեն ութ նիստ, և բոլորը՝ օրակարգի մեն-միակ հարցով. հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Ու վե՛րջ։ Ասես դա Շվեյցարիայի խորհրդարանի հանձնաժողովն է, այլ ոչ թե մի երկրի, որի ինքնիշխան տարածքում թշնամական զորքն արդեն ավելի քան 5 ամիս զգում է իրեն ինչպես տանը՝ օրըստօրե ավելի հիմնավոր բնակռելով հայկական հողում։

Ախ հա՜, անցած երեքշաբթի, բացի փոխնախագահի թեկնածությունից, հանձնաժողովը քննարկել է նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ՀՕՊ ուժերի կողմից պաշտպանության միջոցների կիրառման կարգին, թշնամական գործողությունների պարագայում նրանց իրավասություններին, ներառյալ վայրէջքի պարտադրումն ու ոչնչացումը: Փոփոխությունների անհրաժեշտությունը, եթե հավատանք օրինագծի հեղինակներին, առաջացել է այն պատճառով, որ գրեթե 20 տարի մենք չենք ունեցել այդ հարցի հստակ կարգավորում։ Եթե հավատանք։ Քանի որ ավիացիոն ոլորտի փորձագետ, իրավաբան Լևոն Ջանիբեկյանը հավաստում է, որ բոլոր այդ հարցերը կարգավորված են ավելի վաղ ընդունված օրենքներով, Հայաստանի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերով և կառավարության որոշումներով:

Այլ կերպ ասած, այսօր իշխանությունը՝ ի դեմս կառավարության և ԱԺ իշխող խմբակցության, զբաղված է ջուր ծեծելով՝ փոխարինելով անվտանգության կարևոր, կենսական խնդիրները գործունեության բացահայտ իմիտացիայով…

Բայց վերադառնանք ընդդիմության կողմից հատուկ նիստի հրավիրման հարցին։ Երեքշաբթի օրը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ ի պատասխան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած այն տեղեկությունների, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի զինվորականների թիվն ավելացել է, և նրանք այնտեղ ինժեներական-ամրաշինական և այլ աշխատանքներ են իրականացնում:

Մասնավորապես, պաշտպանական գերատեսչությունից նշեցին, թե ադրբեջանցիների կողմից թաքստոցների և ճանապարհների կառուցման, դիրքեր տանող ճանապարհների բետոնապատման, ակտիվության աճի, զինվորականների և սպառազինության թվաքանակի ավելացման վերաբերյալ Թաթոյանի տեղեկատվությունը չափազանցված է: Նման բան չկա. ավելին, այդպիսի փորձերը կասեցվում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից, հայտարարեց ՊՆ-ն՝ կոչ անելով իրենց հետ ճշտել տվյալները և պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցելու Մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Դրանից մեկ օր առաջ Սյունիքում ռազմավարական բարձունքը՝ Փայլասարը ադրբեջանցիներին հանձնելու մասին տեղեկության հերքումով հանդես եկավ ԱԱԾ-ն, նշելով, թե այդ տարածքում դիրքային ոչ մի փոփոխություն չի եղել։ Եվ ինչն է հետաքրքիր. տեղական աղբյուրներից շարունակում է ստացվել տագնապալի տեղեկատվություն, չնայած բոլոր այդ պաշտոնական հայտարարություններին, հերքումներին և այլն։ Ասենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջիններիս նկատմամբ վստահություն չկա վաղուց, արդեն գրեթե մեկ տարի շարունակ. 2020 թվականի նոյեմբերից ի վեր։

Այժմ տանք մի շարք հարցեր, առանց ակնկալելու, թե կստանանք պատասխանները։ Ի՞նչն է խանգարում հենց նույն ՊՆ-ին և ԱԱԾ-ին հայտարարությունների ու հերքումների փոխարեն պարզապես գալ խորհրդարան և քննարկել իրավիճակը, թեկուզ փակ ռեժիմով, տալ հասարակությանն ու ընդդիմությանը հուզող ԲՈԼՈՐ հարցերի պատասխանները և այդպիսով փորձել գոնե մեղմել այդ գերատեսչությունների նկատմամբ հասարակության անվստահության մակարդակը։

Եթե մինչև վերջերս լռություն պահպանող, սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ընդդիմության բոլոր հայտարարությունների նկատմամբ բացարձակ անտարբերություն ցուցաբերող ՊՆ-ն և ԱԱԾ-ն բարեհաճեցին հայտարարություններ ու հերքումներ հնչեցնել, ինչո՞ւ են ԱԺ ղեկավարությունը, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որի իրավասության տակ են գտնվում այդ հարցերը, մերժում սահմանային իրավիճակը քննարկելու խորհրդարանական խմբակցությունների առաջարկը:

Ինչո՞ւ է պրոֆիլային հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, ակնհայտորեն ավելի լավ կիրառման արժանի համառությամբ, փայտ խրում նման նախաձեռնություններով հանդես եկող ընդդիմության անիվների արանքը։ Ավելին, փակում այն պատգամավորների բերանը, որոնք փորձում են հասարակությանը տեղեկացնել ինչպես հենց Քոչարյանի, այնպես էլ Պաշտպանության ու անվտանգության ողջ հանձնաժողովի, ըստ էության, սաբոտաժային գործունեության մասին։ Կարո՞ղ է արդյոք շարքային քաղաքացին, ելնելով իշխանության կողմից հասարակությանը հուզող հարցերի անհասկանալի համառ անտեսումից, ենթադրել, որ իշխանությունը թաքցնելու բան ունի, մանավանդ որ դրա տխուր փորձը մենք արդեն ունենք։

Եվ վերջին, բավական պերճախոս փաստը։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է առաջնագիծ այցելելու թույլտվություն տրամադրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանին: ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ուղղված նրա հարցմանը, որը երկար ժամանակ մնաց անպատասխան, վերջապես արձագանքել է պաշտպանության նախարարը՝ աննպատակահարմար համարելով Աբրահամյանի այցն առաջնագիծ: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Ուրեմն սրանք իրենց անփառունակ գործունեությունը և ծառայության նկատմամբ ոչ հարիր կեցվածքը քողարկելու համար որոշել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցչի մուտքն առաջնագիծ փակել։ Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է ոչ միայն այս երկուսի (Արտակ Դավթյանի և Արշակ Կարապետյանի – Ա.Մ.), այլ իրենց քաղաքական առաջնորդի համար խնդիրներ ստեղծել և որպես «լուծում» ԳՇ պետը նախ խախտում է օրենքը՝ պատգամավորի գրությանը սահմանված ժամկետում չպատասխանելով, իսկ ավելի ուշ Պնախարարն արձագանքում է, թե պատգամավորի այցն առաջնագիծ նպատակահարմար չեն համարում», - գրել է պատգամավորը։

Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին։