Վարդևանյան․ Իշխանությունները փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց պայքարելում են ԶԼՄ-ների հետ

Բնական է, որ ցանկացած իշխանություն փորձում է միշտ հեռու մնալ կամ սահմանափակել խոսքի ազատությունը, բայց այս իշխանությունները պետք է տարբերվեին դրանով, ԱԺ-ում ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«Ընդդիմությունից գալ իշխանություն և վերածվել «левиафан» հասկացության, իսկապես աբսուրդի ժանրից է», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում կա Սահմանադրություն և այն երաշխավորում է խոսքի ազատությունը։

Պատգամավորի խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները տեսել են, թե ինչպիսի գրոհներ են տեղի ունեցել լրատվամիջոցների նկատմամբ հենց իշխանությունների կողմից, նաև՝ թե իշխանություններն ինչ անհանդուրժող են քննադատությանը, ինչն էլ արտահայտվել է օրենքի նախագծով, որը ներկայացրել են իմքայլական պատգամավորները։

«Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե ֆեյքերի դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ների դեմ պայքարելով։ Այսինքն՝ ոչ թե ասում են անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, թե ԶԼՄ-ն իր գործունեության մեջ պետք է ազատություն ունենա։

Հիշեցնենք, որ ԱԺ իմքայլական պատգամավորները ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ են ներկայացրել, ինչն ընդդիմադիր պատգամավորները և ոլորտի ներկայացուցիչները խնդրահարույց են համարում, տեղեկացնում է Aysor.am։