ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ. Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑԻՆ Է ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Իշխանության ճամբարի պաշտոնյաների և պատգամավորների որոշ հայտարարություններով պետք է զբաղվեն ոչ թե վերլուծաբանները կամ քաղաքական գործիչները, այլ քննիչներն ու հատուկ ծառայությունները։ Համացանցում այսպես են արձագանքել բազմաթիվ փորձագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի վերջին սկանդալային հայտարարություններին, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել նրան հակապետական քարոզչության համար։

Ասենք, նույն այդ փորձագետները, հասարակակաՆ և քաղաքական գործիչները մեծ թերահավատությամբ են վերաբերվում նման հնարավորությանը ներկայիս իշխանության օրոք: Քանզի, օրինակ, նախկին պատգամավոր Արման Աբովյանի խոսքերով, «եթե մենք հերքումներ չլսեցինք Խաչատրյանի կուսակիցների կամ իշխանական պաշտոնյաների կողմից, նշանակում է՝ տվյալ հակահայկական հայտարարություններն այսօրվա դրությամբ իշխանության համերաշխ դիրքորոշումն են…»

Անցած ուրբաթ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերով հայկական կենտրոնի» կազմակերպած բանավեճի ընթացքում Վիգեն Խաչատրյանը, հիշեցնենք, հայտարարեց հետևյալը. «Այսինքն Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով, կլինի Արցախ, կլինի նաև Հայաստան, չի լինի Արցախը, ուրեմն վերանում է նաև Հայաստանը։ Սա որպես քաղաքական դիրքորոշում սխալ է... Սա չի նշանակում, թե մենք հրաժարվում ենք Արցախի խնդիրը հետապնդելու նպատակից, բայց գերնպատակը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արցախը... Մենք չենք կարողացել լուծել այն կարևոր հարցը, որ Արցախի հետ կապված հարցերում Հայաստանը հանդես գա մեկ ճակատով, մեկ դիրքորոշմամբ և մեկ նպատակով։

Մեր ժողովուրդը դարեր շարունակ միասնական դիրքորոշում չի ունեցել Արցախի հարցում։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանի պետականության մեջքին կանգնել ա եկեղեցին, ես չեմ տեսնում քաղաքական ուժերի միասնություն էս հարցերում։ Անվտանգության հարցերը, Արցախի հիմնահարցը իշխանության համար պայքարի թատերաբեմ չպիտի լինի ընդհանրապես։ Էն հարցերը, որ վերաբերում են բանակին, անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, Արցախին, տարաձայնությունները չպիտի բարձրաձայնվեն։ ( ... ) Մենք այսօր պետք է մեր քաղաքականությունը կառուցենք, ելնելով պատմական իրողություններից, ելնելով Արցախի հիմնահարցի կենսական կարևորությունից, նկատի ունեմ կարգավիճակը, և կարևորելով Հայաստանի Հանրապետությունը։ Այլապես մենք կլինենք բողոքողներ, որոնց հետ ոչ ոք հաշվի չի նստի, պատմական արդարությունն էսօր ոչ մեկին չի հետաքրքրում։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա, Արցախի հարցի պատմաիրավական ասպեկտը պիտի որ բոլորին միավորեր ու հնչեցվեր բոլորի կողմից, որ գոնե պետությունը էդ բեռից ազատվեր։ Բայց դա տարօրինակ ձևով չի արվում։ ( ... ) Մենք պետք է իրականությանը ուղիղ նայենք և հասկանանք, որ խնդիրը չի կարա գնա էդ տարածքը Հայաստանինը համարելու, խնդիրը կարա գնա, որ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգված են, այսինքն իրանց գոյությունը, ազգային պատկանելությունը։ Մեր իշխանությունները, իմ պատկերացմամբ, կարծես թե սկսել են իրատեսական քաղաքականություն վարել, որը չի կարողանում հենվի միասնության վրա, որը բացակայում է։ Հասարակական, քաղաքական և փորձագիտական ընտանիքի խնդիրն է այդ միասնությունը կամաց-կամաց ապահովել…»։

Ահա այսպիսի բոցաշունչ ճառ արտասանեց ներկայիս ՔՊ-ական Խաչատրյանը։ Արժե՞ արդյոք զարմանալ, որ նրա ելույթը լայն դրական արձագանքի արժանացավ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ու Երևանի նկատմամբ նկրտումներ ունեցող թշնամական պետությունում, որին հայ պատգամավորը «քնքուշ» անվանում է «հակառակորդ»։ Թեև իրենք՝ ադրբեջանցիները, շարքային փորձագետներից մինչև նախագահ, ատելությամբ լեցուն և հայերի արժանապատվությունը նվաստացնող մակդիրների առումով, որպես կանոն, չափ ու սահման չեն ճանաչում։ Հարևան երկրի հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ համառորեն կոչ են անում հայերին հրաժարվել ադրբեջանական հողերը յուրացնելու սևեռուն գաղափարից, որն արմատավորել է նախկին ղեկավարությունը, և ուղղել ջանքերը հայկական տարածքների շրջանակներում հայերի համար նորմալ կյանք կառուցելուն:

Հենց այս ոգով արձագանքեցին ադրբեջանական լրատվամիջոցները Խաչատրյանի ելույթին, ընդ որում հույս հայտնելով, թե «առանձին հայ բանախոսներ կկարողանան դրանում համոզել նաև հասարակության մնացած հատվածին»։ Իսկ որպես դրական միտում, որը մատնանշում է ադրբեջանական ծրագրերի իրականացումը, Բաքվում ներկայացնում են ՀՀ ԱԺ հունիսյան ընտրությունների արդյունքները։

Մինչդեռ, հոկտեմբերի 17-ին Գորիսում ու Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հստակ ցույց տվեցին «առանձին հայ բանախոսների» իրական տեղը և «հասարակության մնացած մասին համոզելու» նրանց հնարավորությունը: Այստեղ ակներև է ավելի շուտ հակառակ միտումը. մեր հասարակության աչքերը սկսել են բացվել խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ մասին, որքան էլ տարօրինակ հնչի, վկայում է նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի հաղթանակը Մեղրիում։ Շարքային քաղաքացիները չեն խորանում այն փաստի մեջ, որ Արամ Զ.Սարգսյանի կուսակցությունը իշխանության արբանյակն է, նրանց համար գլխավորը ՔՊ-ի օգտին ձայն չտալն է, ինչը, համաձայնեք, նույնպես տագնապալի ազդանշան է իշխանության համար։

Արժե, ի դեպ, նշել, որ Մեղրիում, ինչպես նաև Տաթևում, Տեղում և Դիլիջանում, խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների թեկնածուներն առաջադրված չեն եղել։ Թե ինչու, դա առանձին խոսակցության թեմա է։

Վերադառնալով պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, նկատենք, որ սա նորաթուխ ՔՊ-ականի բնավ ոչ առաջին և, դատելով ամենից, ոչ էլ վերջին ճառն է ազերքարոզչության ոգով։ Դեռ նախքան խորհրդարանի ներկայիս կազմի ձևավորումը նա տքնել է այսօրվա խորհրդարանական ընդդիմության պիտակավորման գործում՝ ակտիվորեն հնչեցնելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անգործունակության ու արտախորհրդարանական այլ ուժերով նրանց փոխարինելու հնարավորության մասին միտքը, որոնց հետ աշխատելն իշխանության համար ավելի հարմար կլինի։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է խանգարել իշխանությանը, ապա այդ ընդդիմությանը պարզապես պետք է շրջանցել ու անտեսել, հայտարարում էր Խաչատրյանը հունիսին, փորձելով տեղ ազատել տասնյակ գրպանային քաղաքական միավորների՝ իշխանության հաճկատարների համար։

Օրինակ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ապագա քննիչ հանձնաժողովում։ Կամ, ինչպես հիմա, ՀՀ «վիճելի» տարածքների պատկանելության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի քաղաքական, հասարակական ու փորձագիտական շրջանակների իբր միասնական մոտեցումը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Ի դեպ, հենց այդ գրպանային տասնյակի որոշ ներկայացուցիչների հետ էլ բազմել էր նա «Ժողովրդավարության և անվտանգության հարցերով հայկական կենտրոնում», արտասանելով վերոնշյալ ճառը։

Բազմաթիվ կուսակցություններ ու տերեր փոխած նույն այդ պարոնը օգոստոսին խորհրդարանի ամբիոնից բարբաջում էր այն մասին, թե պատմական իրողությունների ու ազգային շահերի հետ հաշվի նստելը կործանարար է ժողովրդի համար, թե չի կարելի զոհաբերել սեփական կյանքը հանուն ազգային շահերի, և իբր՝ այդ բոլոր այլասերումները հանգեցրին նրան, որ պատերազմը թակեց մեր դուռը։ Թանձր միախառնելով իր ճառը կոռուպցիայի դեմ և քաղաքացիների բարօրության համար պայքարի մասին դատողությունների հետ, Խաչատրյանն այն ժամանակ, ըստ էության, անուղղակի կոչ արեց հանձնվել թուրքերի ողորմածությանը, գրեթե բառ առ բառ կրկնելով ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը։

Կրկնենք. ակնհայտ է, որ Խաչատրյանն ու մյուս ՔՊ-ականները, մնալով իշխանության ղեկին, շարունակելու են այդօրինակ մտքեր հնչեցնել տարբեր հարթակներից, փորձելով մխել դրանք քաղաքացիների ուղեղի մեջ։ Սակայն վերջերս կայացած ՏԻՄ ընտրությունները որոշակի չափով ցույց տվեցին, որ հայ հասարակայնության համար ամեն ինչ կորած չէ, և մարդկանց անտարբերությունը, որի մասին ընդունված է խոսել վերջին ժամանակներս, դանդաղ, բայց այնուամենայնիվ փոխարկվում է ապագայի համար սեփական պատասխանատվության գիտակցման