ԵԽ-ը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել «Պանդորայի փաստաթղթերում» հայտնաբերված խախտումները

Եվրախորհրդարանը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել այսպես կոչված «Պանդորայի փաստաթղթերում» հայտնաբերված խախտումները:

Ընդունված բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են այն ամենահրատապ միջոցները, որոնք ԵՄ-ն պետք է ձեռնարկի` փակելու բացերը, որոնք ներկայումս թույլ են տալիս հարկերից մասսայական խուսափումն ու փողերի լվացումը: Նրանք նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին դատական միջոցներ ձեռնարկել ԵՄ այն երկրների դեմ, որոնք պատշաճ կերպով չեն հետևում գոյություն ունեցող օրենքներին:

Այսօր ընդունված բանաձևը կոչ է անում ԵՄ ազգային իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն սկսել «Պանդորայի փաստաթղթերում» իրենց իրավասություններում հայտնաբերված ցանկացած խախտումների վերաբերյալ: Եվրախորհրդարանի պատգամավորները խնդրում են ԵՀ-ին վերանայել բացահայտումները և վերլուծել՝ արդյո՞ք անհրաժեշտ է հետագա հետաքննություն և պարզել, թե արդյո՞ք որոշ անդամ երկրների դեմ դատական ​​հայցերն արդարացված են:

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են փաստաթղթում նշված քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից հրապարակված «Պանդորայի փաստաթղթերը» (Pandora papers) ներկայացնում են օֆշորային սխեմաներում համաշխարհային առաջնորդների հնարավոր ներգրավվածությունը: Տեքստում նշվում է, որ բացահայտվել են ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 պետական ​​պաշտոնյաների օֆշորային գործարքներ։

Փաստաթղթերում ներառված համաշխարհային առաջնորդների թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրել է BBC-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում էր սեփական երկիրը կողոպտելու մեջ: Pandora Papers-ի համաձայն՝ Ալիևներն ու նրանց մտերիմները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտ արժեքով (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար) անշարժ գույքի գործարքներում:

Ալիևների որոշ գործարքներ կարող են բրիտանական իշխանությունների մասին բացահայտումներ անել: Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, ավելի քան 30 միլիոն ֆունտ ստերլինգ է վաստակել՝ վաճառելով իրենց շենքերից մեկը Թագավորական հողերում: Դա տասնյակ միլիարդավոր ֆունտ արժողությամբ անշարժ գույք և հողատարածքներ են, որոնք պատկանում են թագուհուն, սակայն ղեկավարվում են նրա հպատակների շահերից ելնելով։

Pandora Papers-ը վկայություններ է պարունակում, որ Ադրբեջանի առաջնորդ Ալիևի ընտանիքը Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել 17 անշարժ գույք, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ գրասենյակային շենք իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար:

Լոնդոնի Մեյֆեյր էլիտար թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings-ը, որը 2009 թվականից պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։ Մեկ ամիս անց սեփականությունը վերաձևակերպվել է Հեյդարի անունով։

Ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք Թագավորական հողերում, տեղեկացնում է News.am: