ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԿԴԱՐՅԱ ԵՐԱԶԱՆՔՆ ՈՒ ԱՅՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երկարաժամկետ հեռանկարում 44-օրյա պատերազմի ամենաաղետալի հետևանքը Թուրքիայի ներկայացվածության աննախադեպ մեծացումն է Հարավային Կովկասում, նախևառաջ՝ Հայաստանում և Արցախում։ Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի կլիենտ պետություն, իսկ Վրաստանը՝ իբրև թուրքական տնտեսական էքսպանսիոնիզմի ճիրաններում գտնվող երկիր, վաղուց էին նվաճված, անառիկ էր միայն Հայաստանը։ Պատերազմը «շտկեց» այդ բացը և Հայաստանը դրեց թուրքական բացահայտ հարվածի տակ։
Վստահաբար կարելի է պնդել, որ 1920-ի թուրք-հայկական երկրորդ պատերազմից ի վեր՝ անցած հարյուր տարում Թուրքիայի այս չափի մասնակցություն Հայաստանի կյանքին չի եղել։ Ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ առաջին արցախյան պատերազմում, ո՛չ էլ հայ-թուրքական երկու արձանագրությունների քննարկումների ժամանակ Անկարան երբեք չի ունեցել Երևանի վրա ճնշում բանեցնելու այնքան լայն լծակներ, որքան հիմա, Երևանն էլ այսչափ թուլացած երբևէ չի եղել։
1993-ին Թուրքիայի ցամաքային ներխուժումը Հայաստան կանխվեց մեր իշխանությունների՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հետ համաձայնեցված գործելու արդյունքում։ Ո՛չ 1990-ականներին, ո՛չ էլ 2016-ին Թուրքիան չէր կարող համարձակվել նման բացահայտ և լայնածավալ կերպով աջակցել Ադրբեջանին։ Մեր դիվանագիտությունը հաջողում էր ստանալ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի նախազգուշական կոչերն այն մասին, որ երրորդ երկրները՝ ի դեմս Թուրքիայի, չպիտի մասնակցեն արցախյան հակամարտությանը։
Այսօրվա իշխանության ձեռքին «թղթե շերեփ» է (ճիշտ է, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարն իր ընդդիմադիր տարիներին երկաթե շերեփ էր ճոճում)։ Ռուսական կողմի թողտվությամբ՝ թուրք զինվորականներն Ակնայում մշտադիտարկման կենտրոն ունեն, Քաշաթաղում էլ զորավարժություն են անցկացնում։ Էրդողանը՝ Թուրքիայի պատմության մեջ առաջին առաջնորդը, ոտք է դնում Շուշի, օրեր անց էլ Վարանդա է մեկնելու։
Այսինքն, արցախա-ադրբեջանական առաջնագծում հրադադարի պահպանման մշտադիտարկողը նաև Թուրքիան է, այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Ռազմական հանցագործությունների հեղինակ, ցեղասպան, տարածաշրջանի մի շարք երկրներն ապօրինաբար զավթած Թուրքիան մեզ պետք է համակեցություն սովորեցնի իր կրստեր եղբոր հետ։ Սա այն պետությունն է, որն Ադրբեջանի հետ մի զորավարժությունը չավարտած՝ նորն է սկսում, այդ ամենը՝ մեր և ռուս խաղաղապահների քթի տակ, իբրև պայմանական հակառակորդ՝ հայկական զորքի ոչնչացման մոդելավորումով։
Կարո՞ղ է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող որևէ առաջարկ բխել մեր ազգային շահերից կամ համընկնել դրանց հետ։ Եթե ոչ, ո՞ւր է Հայաստանի բացասական դիրքորոշումն Անկարայի առաջարկած տարածաշրջանային «3+3»-ի վերաբերյալ, որն իբր պիտի փոխարինի Մինսկի խմբին, հատկապես որ այն արդեն իսկ մերժել է Վրաստանը, իսկ ԱՄՆ-ն առարկել է դրա ստեղծմանը։
Պաշտոնական Երևանը, բանակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, խիստ կաշկանդված է և իրեն չի կարող թույլ տալ միջազգային ամբիոններից հիշեցնել, որ այդ պետություները խրախուսում են ահաբեկչությունը։ Ալիևի անվան շուրջ միջազգային կոռուպցիոն սկանդալը կամ ԱՄՆ Կոնգրեսի հակաադրբեջանական բանաձևերը բնավ մեր դիվանագիտության շնորհքը չեն, ինչպես այդպիսին չէր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այլ բան, որ նույնիսկ այդ հանգամանքներից հայկական կողմն ի զորու չէ կամ ցանկություն չունի օգտվելու։
Հայաստանն ունակ չեղավ անգամ Թուրքիայի դեմ իր բնական դաշնակիցների՝ Կիպրոսի, Հունաստանի, Սիրիայի, այդ երկրի հետ լրջագույն խնդիրներ ունեցող Իրանի, Չինաստանի, Եգիպտոսի, Սերբիայի և մի շարք այլ պետությունների դիվանագիտական աջակցությունն ստանալ և այն կապիտալիզացնել միջազգային հարթակներում։ Պատերազմից առաջ հակաթուրքական ալյանսին անդամակցել պատրաստվող Հայաստանն այսօր, պարզվում է, բարեկամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ և նույնն էլ ակնկալում է նրանից։ Պատմություն իմացողները լավ գիտեն՝ ինչ է լինում ամեն անգամ, երբ հայերը Թուրքիան չեն դիտարկում իբրև սպառնալիք։