ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՈՒ ԱՐԱՄ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԻ ՍԵՐՈ՞ՒՆԴԸ, ԹԵ՞ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԸ

Փորձե՞լ ենք մենք երբևէ ազգովի ներհայեցմամբ զբաղվել, զննել մեզ կողքից, ախտորոշել սեփական թերություններն ու փորձել վերացնել դրանք։ Թե՞ ավելի հեշտ է «Մեր տեսակին հաղթելն անհնար է», «Հայ ժողովուրդը սերում է անպարտելի Հայկ Նահապետից ու Արամ Աշխարհակալից», «Մենք բարեպաշտ քրիստոնյաներ ենք, իսկ թշնամին մարդկային նկարագրից զուրկ է և նույնիսկ սեփական զինվորների դիակներն է անարգում» և նմանատիպ այլ մտավարժանքներով փախչել իրականությունից և զբաղվել ինքնախաբեությամբ։

Ցավոք, մեր տեսակն իր գենետիկ ժառանգական հիշողությունը վաղուց է կորցրել և որևէ կապ չունի Հայկ Նահապետի ու Արամ Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Խորենացու ու Նարեկացու հետ։ Դա բացառիկ բան չէ, աշխարհի շատ ժողովուրդներ են ժամանակի ընթացքում փոխել իրենց գենետիկ կոդերը։ Հույները որևէ կապ չունեն հին հույների, եգիպտացիները՝ հին եգիպտացիների հետ, անգամ ռուսները գրեթե աղերս չեն գտնում Իվան Ահեղի կամ Պետրոս Առաջինի ժամանակների և իրենց ներկայիս գենետիկ կոդի միջև։

Առաջին արցախյան պատերազմում մեր հաղթանակը հարյուրամյակների դադարից հետո խանդավառության մի ակնթարթ էր, որը մեր մեջ արթնացրեց երբեմնի նվաճումների վերհուշը, ազգային էպոսի, ազատագրական պայքարի, հայդուկային շարժումների զգացողությունը: Սակայն այս անգամ հաղթեց Բելը, միգուցե Նեռը կամ մի այլ խորհրդանիշ, բայց ոչ մենք:

Մենք ցավալիորեն չարժևորեցինք արցախյան հաղթանակն իբրև խոշորագույն ձեռքբերում, չվերակազմակերպեցինք մեր կյանքը, պետական գնացքը, և բանակը չդարձավ առաջատար կամ պետականածին: Մինչդեռ այն մեր ժողովրդի ապահովության ոչ թե հիմնական, այլ միակ պարիսպն է: Նույն պատմական սխալը թույլ տվինք, ինչպես Բագրատունյաց հարստության կամ Առաջին հանրապետության կործանման օրերին:

Ինչպես Հովհաննես Սմբատն էր սեփական մորթապաշտության և անհեռատեսության պատճառով բանագնացներ ուղարկում Բյուզանդիայի կայսր Բարսեղ 2-րդի մոտ, իսկ Առաջին Հանրապետության պաշտոնաթող վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն ստիպված էր Ալեքսանդրապոլում ընդունել Քյազիմ Կարաբեքիրի պարտադրած ծանր պայմանները, այդպես էլ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է գլխահակ սպասում, թե ինչ կորոշեն Հայաստանի և իր ճակատագրի հարցով Էրդողանն ու Ալիևը։ Զինվորն ու սպան անմարդկային պայմաններում, անձրևի ու ձյան տակ դիրք են փորում ու այն պահում, իսկ Փաշինյանը, ձայնակցելով թշնամի պետությունների ղեկավարներին, պնդում է, թե այդ լեռնային դիրքերն ու հենակետերը մեր ինչի՞ն են պետք։

Ժամանակին Հայաստանը և՛ խոսքով, և՛ գործնականում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկներից էր՝ մասնակցելով աշխարհի թեժ կետերում խաղաղարար առաքելություններին, իսկ միջազգային հարթակներում քողազերծելով Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան և ահաբեկչական բնույթը։ Ի՞նչն է այսօր մեր պետության ու ժողովրդի գաղափարական հիմքն ու շաղախը, կամ կա՞ առհասարակ այդպիսին։

Հայ և թուրք ժողովուրդների միջև գոյաբանական պայքարը երբեք չի ավարտվելու։ Այն սկսվել է մեկ հազարամյակ առաջ՝ տարածաշրջանում թյուրքական տարրի հաստատմամբ, և մշտապես ուղեկցվել է պատերազմներով ու ցեղասպանություններով։ Անտիպոդի կամ անտագոնիստի գոյությունը՝ ի դեմս թուրք տարրի, և նրանից եկող սպառնալիքը, եղել է դարերով մեզ զգոն պահող և ապրեցնող հիմնական բնազդներից մեկը։ Դրա բթացմամբ կամ վերացմամբ կվերանա նաև հայկական տարրը, այս անգամ՝ վերջնականորեն և անվերադարձ։