ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ

Թվում էր՝ պատերազմի հետևանքների դիվանագիտական մեղմման ամենակարճ ճանապարհը պետք է լիներ մեր կողմից Արցախի կարգավիճակի և ճանաչման մասին խոսույթ բացելն ու այն թմբկահարելը։ Պարզվեց՝ այն հետաքրքրում է գրեթե բոլորին՝ բացի մեզնից։ Ամերիկացի կոնգրեսականներից մինչև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, Ֆրանսիայի նախագահից մինչև Փարիզի քաղաքապետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչից մինչև ռուս քաղաքագետներ՝ բոլորը խոսում են Արցախի վերջնական կարգավիճակի կարևորության մասին։ Իսկ Երևանի գերեզմանային լռությունն Արցախի միջազգային ճանաչման հարցում շարունակվում է։

Տասնամյակներ շարունակ մեզ ասվում էր, որ այդ հարցով ցանկացած որոշում կայացնելու դեպքում, օրինակ՝ Արցախի ճանաչման կամ ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման, պետք է ցուցաբերել ծայրաստիճան սառնասրտություն և երկարաժամկետ հեռանկարում հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Իր սահմանադրական տարածքով՝ 12 հազար քառ/կմ-ով, Արցախն այլևս չի կարող ճանաչվել, բայց անգամ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում և նույնիսկ ներկայիս տարածքով՝ առանց Շուշիի և Հադրութի շրջանների, Արցախի ճանաչման կամ կարգավիճակի մասին խոսք անգամ չկա։

Որքան հայկական կողմը հրաժարվում է Արցախի իրավասուբյեկտությունից և ձեռքերը լվանում անվտանգության ապահովումից, այնքան Ադրբեջանն առավելապաշտական դիրքորոշում է որդեգրում: Նույնիսկ ապակառուցողական բառը տեղին չէ, քանի որ բանակցություններ չկան, որ մթնոլորտն էլ կառուցողական լինի։

Պաշտոնական Երևանը մշտապես դանդաղել է Արցախի ճանաչման հարցում՝ թերևս ենթադրելով, որ իր կողմից այդ ակտն անհարկի սրելու է իրավիճակը, իսկ եթե այն ինքնաբերաբար հանգեցներ առնվազն մեկ տարածաշրջանային գերտերության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից Արցախի ճանաչման, կարելի էր և ընդունել այդ որոշումը։ Այդ դեպքում անվտանգության պողպատե երաշխիք կարող էր տրվել Արցախի ժողովրդին, ինչպես, օրինակ, Կոսովոյի ամերիկյան կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական ճանաչման դեպքում է։

Բանակցությունների մոտալուտ վերսկսման դեպքում (իսկ դրանք ոչ թե Արցախի ապագայի, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին են լինելու՝ մեզ համար երիցս անընդունելի գնով) մեր դիրքերի թուլությունն ուղիղ համեմատական է լինելու պաշտպանական այն նոր բնագծի հետ, որը ձևավորել է մեր զինուժը պատերազմական և հետպատերազմյան իրողությունների արդյունքում։ Ադրբեջանն, ընդհակառակը, անցած մեկ տարում ՀՀ-ի և Արցախի երկայնքով այնպիսի բնագիծ է ձևավորել, որն ի սկզբանե խոցելի հիմքերի վրա է դնում մեր մոտեցումները բանակցային գործընթացում: Օրինակ, Կութում կամ Փայլասարում թշնամու հնարավոր հետքաշումն արդեն իսկ ընկալվելու է որպես մեզնից նոր զիջում կորզելու միջոց։

Պաշտոնական Երևանի շարունակական հիշեցումները, թե մենք կողմ ենք խնդրի քաղաքական կարգավորմանը, տրամադրված ենք հաշտության և խաղաղության, երաշխավորում ենք նաև ադրբեջանցիների համար ընդունելի լուծում, ավելի են գրգռում թշնամու ախորժակը։ Փոխանակ մեր ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում մեծացնելու, այն վերականգնելու՝ հայկական կողմն զբաղված է թշնամու կողմից տարածաշրջանային հարթակների ստեղծման առաջարկների քննարկմամբ: Ստացվում է՝ Հայաստանն ինքն է հրաժարվում Մինսկի խմբի ձևաչափից։