Ո՞Վ ԹՈՒՅԼ ՏՎԵՑ ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարզպետ Մելիքսեթն ասաց, թե ադրբեջանցիները մոլորվել են…

Մայիսի 12-ին 250 ադրբեջանցիներից բաղկացած զինված խումբը վերահսկողության տակ առավ Իշխանասարի բարձունքն ու Սև լճի շրջակայքը Սյունիքում: Զավթիչների հսկողության տակ են հայտնվել նաև ներքին Շորժան ու Վերին Շորժան Գեղարքունիքի մարզում։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անմիջապես հայտարարեց, թե ադրբեջանցիները մոլորվել են, իսկ ինքը՝ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում ասաց, թե դա դիվերսիա է։ Եթե մարզպետն ապակողմնորոշում էր հասարակությանը (ընդ որում կարևոր չէ՝ միտումնավոր, թե անտեղյակության բերումով), ապա նրան պետք էր անհապաղ պատասխանատվության ենթարկել, քանզի նրա ապատեղեկատվությունը հեռուն գնացող հետևանքներ ունեցավ՝ բառացիորեն. զավթիչները խորացան Հայաստանի տարածքում, ընդ որում շարունակում են առաջ շարժվել առ այսօր, մինչդեռ նրանց կարելի էր կանգնեցնել անմիջապես, առաջին իսկ ժամերին։

Հատուկ ընդգծեմ, որ բռնազավթման փաստը հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը, իսկ իշխանությունը լռում էր։ Միայն նախկին մարզպետի հայտարարությունից հետո պաշտոնական ատյանները հանդես եկան մեկնաբանություններով…

Մայիսի 14-ին տեղացի կամավորները լքեցին իրենց դիրքերը, որպեսզի փակեն Հայաստան-Արցախ մայրուղին՝ պահանջելով զենք տրամադրել բռնազավթված տարածքներում գտնվող համայնքների բնակիչներին: Հարկ է հատուկ ընդգծել, որ բռնազավթումից ոչ շատ առաջ սահմանամերձ համայնքներում մարզպետների և ոստիկանության ծառայության անմիջական ցուցումով իրականացվել էին զենքի առգրավման գործողություններ: Սա ամենաուղղակի ապացույցն է այն բանի, որ Հայաստանի երկու մարզերի բռնազավթումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի զավթմանն ուղղված ագրեսիան կրել են պայմանավորված բնույթ։ Փաշինյանը գիտեր նախապատրաստվող օկուպացիայի մասին։ Ստուգարշավների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչներից խլել են նույնիսկ որսորդական հրացանները։

Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ բանակցությունների արդյունքում Սյունիքում ադրբեջանցիներին է անցել 4 դիրք։ Այդ բանակցությունների արդյունքների մասին հայտնի դարձավ դրանց ավարտից միայն 15 ժամ հետո։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջնորդությամբ փորձել է բանակցել Ալիևի հետ։ Մայիսի 19-ին ադրբեջանցիները բանակցությունների չեկան Սյունիքում, Փաշինյանը զանգահարեց Ալիևին։ Հաշված ժամեր անց Ալիևը հայտարարեց, որ ուժով կվերցնի Սյունիքով անցնելիք «միջանցքը»։

Մայիսի 27-ին հրաժարական տվեց ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Հրաժարականն ավելի շատ նման էր փախուստի։ Մայիսի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ ցուցադրեց «անկլավների» մասին։ Դատապարտումով հանդես եկած միակ պաշտոնատար անձը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր։ 2 մարզերի բռնազավթման պատմությունը հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Մի օր (հուսով եմ՝ շուտով) դա հիմք կդառնա մի խումբ անձանց պետական և ազգային շահերի դավաճանության մեղադրանք ներկայացնելու համար:

Փոխգնդապետ Բորիս Ավագյանն այն օրերին հայտարարեց, որ պետք է անհապաղ ձերբակալել զավթիչներին։ «Մենք անօգնական չենք, պարզապես իշխանությունը պատկերացում չունի, թե ինչպես է աշխատում անվտանգության համակարգը»,- ասաց նա: Մայիսի 15-ին ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը հաղորդեց, որ գիշերը զավթիչներն առաջ են շարժվել 3 ուղղություններով, Սև լիճ (5-6 կմ), Վերին Շորժա (2 կմ ուղիղ գծով, ինչը նշանակում է, որ բարձունքներով առաջխաղացումն ավելի մեծ է), Ներքին Շորժայից դեպի հյուսիս (1,5-2 կմ): Կութ գյուղում ադրբեջանցիների հետ բախվել էին հովիվները։

Ի տարբերություն Սյունիքի մարզպետի, որն ատամներով կառչել է աթոռին, Գնել Սանոսյանը շտապեց հրաժեշտ տալ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնին, հենց որ իրավիճակը սկսեց թեժանալ։ Նա աղաչել-պաղատել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո փոխվարչապետ նշանակված Սուրեն Պապիկյանին ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից և այլ պաշտոն գտնել իր համար։ Արդյունքում Պապիկյանը մարզպետ նշանակեց Կարեն Սարգսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ջրամատակարարման կոմիտեի նախագահի պաշտոնը։

Զինվորականների սպանության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Մայիսի 5-ից տեղեկատվական հոսք էր ընթանում, որից դժվար չէր կռահել ադրբեջանցիների մտադրությունների մասին։ Սահմանին ուժերի կուտակումներ էին դիտարկվում։ Ապրիլի 30-ին ադրբեջանցիները սոցցանցում տեղադրեցին Սև լճի, Վերին Շորժայի և Ներքին Շորժայի մերձակայքի տեսագրությունը: Բռնազավթիչների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 12-ին, իսկ մայիսի 15-ի գիշերը դրանց մասնակիցները տեղափոխվեցին Խնձորեսկ, օմբուդսմենն այն ժամանակ առաջին անգամ հայտարարեց անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց կապիտուլյանտի ղեկավարությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու անթույլատրելիության մասին…

Բայց ընտրությունները կայացան, քանի որ ծրագրի մասն էին։ Հենց այդ պատճառով էլ մինչև հունիսի 20-ը ադրբեջանցիները զավթած տարածքներում համեմատաբար հանգիստ էին պահում իրենց, հատկապես մայիսի 25-ին Գեղարքունիքում հայ զինվորի զոհվելու փաստի առնչությամբ արձագանքից հետո։

Հուլիսի 14-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեց 38-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Ալավերդյանը, հուլիսի 28-ին ադրբեջանցիները սպանեցին 3 և վիրավորեցին 5 զինծառայողի, օգոստոսի 16-ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց 46-ամյա զինծառայող Վահան Թաթոյանը: Սա մայիսի 12-ից ի վեր զոհվածների բնավ ոչ ամբողջական թվարկումն է, խաղաղ պայմաններում սպանված այդ մարդկանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Վաղարշակ Հարությունյանը պետք է բացատրություն տա

Բռնազավթված տարածքներում ադրբեջանցիների սանձարձակության գագաթնակետը դարձավ Երասխի գնդակոծումը, որտեղից մեքենայով կարելի է Երևան հասնել մեկ ժամում։ Երասխի՝ Երևանի դարպասի վրա հարձակման խորապատկերին հրաժարական տվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ցանկացած նորմալ երկրում այդ քայլը կհավասարեցվեր դասալքության։ Առ այսօր պարզաբանված չէ այն հարցը, թե ինչու են որպես նախարար նրա պաշտոնավարման ժամանակ հայկական ստորաբաժանումներն առանց մարտի հեռացել այն տարածքներից, որոնք ենթակա չէին հանձնման ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Ինչո՞ւ է ադրբեջանցիներին հանձնվել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի հատվածը (21 կմ)։

Ինչո՞ւ է զավթիչների վերահսկողության տակ հայտնվել Կապանի օդանավակայանի մոտակա տարածքը, Սև լճի շրջակայքը և այլ տարածքներ։ Ի վերջո, գեներալ Հարությունյանը պետք է պատասխանի ինչ-որ գաղտնի փաստաթղթերի սեպարատ ստորագրման հետ կապված հարցերին, ինչի մասին լրատվամիջոցները շեփորում են արդեն քանի ամիս շարունակ։ Հենց որ զավթիչները սկսեցին գնդակոծել Երասխը, Երևանում սկսվեցին ոստիկանության գիշերային ստուգարշավները՝ զենքի առգրավման նպատակով։ Ստուգում էին հիմնականում Երասխի ուղղությամբ գնացող մեքենաները, առգրավում նույնիսկ դանակները…

Մեծածավալ դավաճանությունները կատարվում են բնավ ոչ միայնակ

Սյունիքի և Գեղարքունիքի սողացող բռնազավթման կարգի մեծածավալ դավաճանությունները կատարվում են բնավ ոչ միայնակ. Փաշինյանը հենվում էր ոչ միայն ՊՆ-ի և Գլխավոր շտաբի վրա, նրան օգնում էին մարզպետները, խորհրդարանական «ուսապարկերը» և նույնիսկ համայնքների ղեկավարների պաշտոնակատարի կարգավիճակով դրածոները։ Օրինակ, Տաթևի բնակիչները հոկտեմբերի 17-ի քվեարկությամբ 7 մանդատ են տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եվ դա այն բանից հետո, երբ կուսակցության ցուցակը գլխավորում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթևոսյանը, որը հրապարակավ ճանաչել է ադրբեջանցիների իրավունքը Սյունիքի տարածքի նկատմամբ, հայտարարելով, թե իբր՝ Շուռնուխում նրանք իրենց տանն են։

Մնում է հուսալ, որ համայնքի խորհրդում ընդգրկված մյուս կուսակցությունները չեն քվեարկի Մաթևոսյանին Տաթևի ղեկավար ընտրելու օգտին: Հարցը կարող է լուծվել 2 ձայնի առավելությամբ։

Մեծածավալ դավաճանությունները կատարվում են բնավ ոչ միայնակ։ Դրանք չեն կարող իրականություն դառնալ առանց «ներքևից» ցուցաբերվող աջակցության կամ լուռ թողտվության։ Մեր դեպքում տեղին է խոսել համատարած անտարբերության և զանգվածային ապատիայի մասին։ Ի ապացույց՝ օրինակ բերեմ Գեղարքունիքի բնակիչներին, որոնք օրերս փակել էին մայրուղին՝ բողոքելով ձկնորսությունն արգելելու կառավարության որոշման դեմ։ Վերին Շորժայի և Ներքին Շորժայի բռնազավթման, զոհված զինվորների, համայնքների գնդակոծության մասին ակցիայի ընթացքում մի բառ անգամ չասվեց։

Դավաճանությունը շարունակվում է, զավթիչներն օգտագործում են ցանկացած հնարավորություն՝ պետության տարածքում խորանալու համար, այդ մասին ահազանգող միակ պաշտոնյան Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։ Իշխանությունը նրան պատասխանում է լիազորությունների ժամկետի առաջիկա սպառմանը հղումով։ Արդեն նույնիսկ իրավահաջորդ են գտել։ Ռեժիմի առաջին դեմքերի մատուցմամբ ԶԼՄ-ներում արտահոսքեր են կազմակերպվել այն մասին, որ Թաթոյանին փոխարինելու է Էդմոն Մարուքյանը։ Դե, ո՞նց այստեղ զերծ մնաս Աստծո պարգևը ձվածեղի հետ համեմատելուց: