ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ՝ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԻՐԱԿԱՆ

Մինչև 44-օրյա պատերազմը ՌԴ-ն Հարավային Կովկասում ամենամեծ ռազմաքաղաքական ազդեցություն ունեցող պետությունն էր։ Ճիշտ է, Վրաստանի հետ առկա տևական հակամարտությունը և Ադրբեջանի՝ Թուրքիայի դաշնակից լինելը որոշակիորեն սահմանափակում էին ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, բայց այդ երկու երկրում էլ տեղի ունեցող քաղաքական, գեոտնտեսական, էներգետիկ և այլ գործընթացներում Մոսկվայի մասնակցությունն անխուսափելի և ակնհայտ էր։ Հայաստանի մասին խոսք չկա, ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, անվտանգության երաշխավորն ու հիմնական առևտրատնտեսական գործընկերը։

Հետպատերազմյան իրողությունները Հարավային Կովկասում բոլորովին այլ են։ Թուրքիան նոր տարածաշրջանային հավակնություն է ներկայացնում։ Ադրբեջանը բոլոր առումներով շատ ավելի սերտորեն է ինտեգրվել Թուրքիային՝ համատեղ Զինված ուժերի կառուցումից մինչև երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկում։ Անկարան իր ռազմական, հետախուզական, քարոզչական, տեղեկատվական և այլ ռեսուրսներն ի սպաս է դնում Ադրբեջանին, Բաքուն էլ բոլոր կարևոր որոշումները կայացնում է բացառապես Թուրքիայի հետ խորհրդակցելով կամ նրա հավանությամբ։

Չնայած ռուս-թուրքական աննախադեպ ձնհալին՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այսօր փաստացի այն միակ գործոնն է, որն ունակ է չեզոքացնելու Թուրքիայի կողմից շատ ավելի մեծ արկածախնդրության դիմելը, օրինակ՝ ցամաքային ներխուժումը Հայաստան: Կասկածից վեր է, որ ՌԴ-ում անկայուն իրավիճակի, իշխանափոխության, Հյուսիսային Կովկասում իրավիճակի սրման կամ որևէ այլ ֆորս մաժորի դեպքում Թուրքիան, առանց էական միջազգային դիմադրության, կարող է զորք մտցնել Հայաստան, այնպես, ինչպես այսօր անում է Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Աֆղանստանում և այլ երկրներում։

Թուրքիային որևէ միջազգային պատժամիջոց չի զսպում, այդ երկիրը խորապես արհամարհում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոշտ արձագանքներն իր քայլերին, ՄԻԵԴ-ի որոշումները, և դա մեզ համար նորություն չպետք է լինի։ Նման վտանգահարույց իրավիճակում պետք է ոչ թե թշնամուց տրտնջալ, այլ գործի դնել համահայկական ամբողջ ներուժը՝ փափուկ ուժով աշխարհին ցույց տալու Թուրքիայի ցեղասպան դեմքը։ Պետության հանցավոր լռության պայմաններում հայաստանյան հանրույթն ու Սփյուռքն իրենց վրա պետք է վերցնեն այդ բեռը։

Իրանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան և մի շարք այլ երկրներ Թուրքիայի դեմ իրենց հին հաշիվները բանեցնելով՝ երբեմն ակնարկում են նաև հայկական թեմատիկան, էլ չասած Թուրքիային հակառակորդ համարող Հունաստանի կամ Կիպրոսի մասին: Հայկական կողմը չի՞ պատրաստվում առնվազն ձայնակցել այս պետություններին, թե՞ թշնամանքի ընկալումը պետք է փոխվի, ինչպես կոչ էին անում վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Թուրքիան այլևս չի նահանջելու, Ադրբեջանն էլ չի հրաժարվելու Թուրքիայի հպատակությունից։ Ի՞նչ է, մենք նաև Ադրբեջանի հանդեպ թշնամա՞նքն ենք «կառավարելի» դարձնելու։

Օրերս Պուտինը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը չի կարող կարգավորվել առանց ՌԴ-ի՝ հստակորեն հասկացնելով, թե ով է իրավիճակի տերը տարածաշրջանում։ Սակայն հարցի դիվանագիտական լուծում չի նշմարվում, եթե, իհարկե, Երևանը տեղի չտա Բաքվի առավելապաշտական կեցվածքին, Թուրքիան էլ շարունակաբար բորբոքում է հարաբերականորեն մարած օջախները՝ Ադրբեջանին հրահրելով նոր պատերազմի։

Միջազգային ահաբեկչության կառավարիչ երկրներից մեկին՝ Թուրքիային, ներվում է ամեն ինչ՝ մոջահեդների ներգրավումից մինչև ֆոսֆորային ռումբեր, պանթուրքական գաղափարների իրագործումից մինչև ռազմական հանցագործություններ։ Այդ երկրի միջազգային կշիռն այսօր առավել քան բարձր է, իսկ դրա գինը կարող է լինել Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին մի հերթական ոտնձգությունը հերթական հարևանի նկատմամբ: Եթե մի նպաստավոր պահի թուրքը փորձի ոտքն Արաքսից այս կողմ դնել, մտածե՞լ ենք՝ ինչպե՞ս ենք գործելու: