Օհանյան․ Մեզ ասացին` Սյունիքի Փելա սար կոչվող տարածքում ռուսական դիրքն է միայն հանվել

ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ քիչ առաջ ավարտվել է սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկումը, որին ներկա են եղել Կամո Քոչունցը և Արման Մարալչյանը։

«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` այս դեպքում լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ լուրեր էին շրջանառվում, թե իբր Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։Նրա խոսքով` եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։

Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ–ն հերքեց այդ լուրերը` ասելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։