ԻՋԵՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ, ԹԵ ՈՎ ԷՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ «ԱՐՅԱՆ ԳԵՏԵՐ» ԱՊԱՀՈՎԵԼ

Ո՞վ ասաց, թե Փաշինյանի կուսակցության հաղթանակը կասկածից վեր է

Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ Փաշինյանի ծննդավայրում, տեղի կունենան ավագանու ընտրությունները: Հիշեցնեմ, որ ժամանակին իշխանությունը առավելագույն ջանքեր գործադրեց՝ այդ պաշտոնում Հայկ Ղալումյանի ընտրվելը կազմակերպելու համար, սակայն գիտակցելով, որ համայնքի բնակիչները նրա օգտին չեն քվեարկի, Փաշինյանը նշանակեց Ղալումյանին Տավուշի մարզպետ։

Հոկտեմբերի 17-ի ընտրություններում երեք խոշոր համայնքներում (Գորիս, Մեղրի, Գյումրի) խայտառակ պարտությունից հետո ռեժիմն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Իջևանի ավագանու ընտրություններն անցնեն հարթ ու առանց խնդիրների: Հաշվի առնելով Փաշինյանի մանկության քաղաքի նկատմամբ իշխանության մեծ հետաքրքրությունը՝ լրատվամիջոցները երկար ժամանակ ենթադրություններ էին անում, թե իշխող կուսակցության ցուցակը կգլխավորի վարչապետի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, սակայն այդ կանխատեսումները չարդարացան։ Ներկայումս Սիփանը զբաղված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզելով։

Իջևանում, ինչպեսև բազմաթիվ այլ համայնքներում, իշխանությունը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նշանակեց իր դրածոյին՝ պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ քանի որ խոսքը քաղաքային տիպի համայնքի մասին էր, ապա, ըստ օրենքի, պաշտոնակատարին նշանակեց անձամբ Փաշինյանը։

Հոկտեմբերի 20-ին Իջևանում մեկնարկել է պաշտոնական նախընտրական քարոզարշավը: Քաղաքում թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովն է՝ Աիդա Սարգսյանի նախագահությամբ: Տեղամասային հանձնաժողովներն արդեն ձևավորված են, խոշորացված համայնքի ավագանու անդամության համար կպայքարեն ընդամենը 2 կուսակցություն՝ ՔՊ-ն և ՀՅԴ-ն։

Իշխող կուսակցության ցուցակը, ինչպեսև ենթադրվում էր, կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։ Ցուցակում 2-րդը նրա տեղակալ Արգիշտի Ամիրխանյանն է, 3-րդը՝ թիվ 1 դպրոցի փոխտնօրեն Մանե Ղազումյանը՝ ոչ վաղ անցյալում Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Ցուցակում կա 56 ազգանուն, նախընտրական մրցավազքի բոլոր մասնակիցները իշխանական կուսակցության անդամներ են։ Նրանց մեջ շատ են խոշորացման ենթակա Սև Քար, Կիրանց, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ և այլ համայնքների ղեկավարները։

ՀՅԴ-ն ներկայացրել է 14 թեկնածուներից բաղկացած ցուցակ։ Առաջին տեղում անհատ ձեռներեց Վահան Ղազումյանն է։ Հոկտեմբերի 17-ի ընտրություններում 3 խոշոր համայնքներում իշխող կուսակցության սկանդալային պարտությունից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների ղեկավարությունը հաստատ փոշմանել է, որ Իջևանի ընտրություններին ավելի ներկայացուցչական ցուցակ չի առաջադրել։ Այլ կերպ ասած՝ եթե ընտրություններին մասնակցեր ամբողջ «Հայաստան» դաշինքը, այլ ոչ թե միայն ՀՅԴ-ն, ապա իշխող կուսակցության հաղթանակի հնարավորությունները կհասցվեին նվազագույնի։

Թեպետ, ակնհայտ է, որ ՀՅԴ-ի ցուցակին կսատարեն ընդդիմադիր կուսակցությունների բոլոր տեղական ստորաբաժանումները, ուստի նոյեմբերի 14-ի քվեարկության արդյունքների վերաբերյալ եզրակացություններ անել դեռ վաղ է։ Ո՞վ ասաց, թե Փաշինյանի կուսակցության հաղթանակը կասկածից վեր է։ Քաղաքագետները ելնում են քաղաքական հակառակորդների ուժերի մեխանիկական հարաբերակցությունից, բայց կան ելակետային նաև այլ տվյալներ, օրինակ՝ մարդկային հիշողությունը…

Տեղացիները հիշում են ոստիկանական հաշվեհարդարը

Չարժե հաշվից դուրս թողնել այն հանգամանքը, որ տեղի բնակիչները շատ լավ հիշում են 2019-ի ամռանը ապօրինի անտառահատման մեջ կասկածվողների զանգվածային բերման ենթարկման ոստիկանական գործողությունը (հաշվեհարդարը): Հիշեցնեմ, որ ոստիկանները գիշերով ներխուժում էին տներ, դուրս բերում տղամարդկանց՝ թույլ չտալով հագնվել, լցնում ավտոբուսները: Այդ գիշերային հաշվեհարդարից հետո երեխաները մի քանի օր շարունակ չէին խոսում ապրած ստրեսից, իսկ կանայք տեսախցիկների առջև արցունքն աչքերին պատմում էին Եժովի և Բերիայի ժամանակների ՆԳԺԿ-ի ոգով գիշերային ձերբակալությունների մասին:

Ավելի ուշ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունից հայտնի դարձավ, որ այդ օրերին Փաշինյանը կատաղության մեջ էր և պահանջում էր, որ Վանեցյանը «արյան գետեր ապահովի Իջևանում»: Կարծում եմ, համայնքի բնակիչներն այդ մասին չեն մոռացել։ Այդ հաշվեհարդարի մասին հիշում են նաև ռեժիմի պարագլուխները, ուստի ավագանու ընտրություններին նախորդեց համայնքի խոշորացումը հարակից գյուղերի հաշվին։

Այդ գյուղերի բնակիչները 2019-ի ամռան իրադարձությունների մասին լոկ լսել են, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կարող է լինել նրանց քվեարկության արդյունք, ովքեր նշյալ իրադարձությունների պահի դրությամբ ապրել են մեկուսի ռեժիմով, ուստի Իջևանում տեղի ունեցած ոստիկանական հաշվեհարդարը նրանց չի դիպչել։

Համայնքի խոշորացման գործընթացի նպատակը ընտրողների թիվն ավելացնելն էր իշխող կուսակցության համար։ Չնայած մի շարք սոցիալական նախագծերին, Արթուր Ճաղարյանի կերպարը մեծ ժողովրդականություն չի վայելում քաղաքացիների շրջանում։ Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին ոստիկանների և ճանապարհն արգելափակած իջևանցիների ընդհարման արդյունքում վիրավորվեց 12 ոստիկան և 2 քաղաքացիական անձ։ Ակցիայի ընթացքում մարդիկ հայհոյանքներ էին գոչում Փաշինյանի հասցեին։ Մի՞թե 2 տարվա ընթացքում Իջևանի բնակիչները մոռացել են, թե ով էր պահանջում «արյան գետեր» ապահովել իրենց քաղաքում։

Այդ գործողությունից հետո ռեժիմը առավելագույն ջանքեր գործադրեց Հայկ Ղալումյանի ընտրությունն ապահովելու համար, բայց հաշվի առնելով համայնքի բնակիչների տրամադրությունները՝ ընտրություններից հրաժարվեցին, կորոնավիրուսի համավարակի պատրվակով։ Ղալումյանին դարձրեցին մարզպետ, նրա եղբայր Վահեն կրկին դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ ռեժիմը գնաց համայնքի խոշորացման ճանապարհով։ Հոկտեմբերի 14-ի ընտրությունների ելքը կանխորոշված է միայն այն դեպքում, եթե համայնքի բնակիչները մոռացել են 2 տարվա վաղեմության իրադարձությունները։ Դրան դժվար է հավատալ. նման բանը չի մոռացվում:

Основная тема:
Теги: