ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԴՈՒԽԸ»՝ ԱՐՑԱԽՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևման գործընթացը, ինչի համար երեքուկես տարի առաջ արտաքին ուժերն իշխանության բերեցին Փաշինյանին, կարծես թե մոտենում է ավարտական փուլին։ Համենայնդեպս այն ամենի առումով, ինչ վերաբերում է Հայաստանին և Արցախին։ Այդ մասին է վկայում Փաշինյանի մերձավոր աղբյուրի թույլ տված «արտահոսքը»՝ նոյեմբերի 9-ին (!) Մոսկվայում համաձայնագրերի ստորագրման ծրագրերի վերաբերյալ, որոնք կդառնան 2018 թվականի գարնանը սկսված և, անշուշտ, հայ ժողովրդին ու հայոց պետականությանը հիրավի կործանարար հետևանքներով սպառնացող գործընթացների տրամաբանական ավարտը։
Փաշինյանի նախկին խորհրդականի ձեռնարկած «արտահոսքը», որն այնուհետ կարծես թե հաստատեց «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ինչ-որ աղբյուրի ( ի դեպ, սկզբնաղբյուրի կայքում՝ ria.ru-ում այդ տեղեկատվությունը գտնելու մեր բոլոր փորձերն ապարդյուն գտնվեցին. հաղորդագրություն այնտեղ պարզապես չկա), արդեն մեծ թվով մեկնաբանությունների, քաղաքական ուժերի հայտարարությունների ու փորձագիտական գնահատականների տեղիք է տվել։ Շատերն արդարացիորեն ընդգծում են, որ փաստաթղթերի ստորագրումը, որոնցից մեկը ենթադրում է սահմանների գծանշում ու սահմանազատում (ինչն ինքնըստինքյան նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում), լոկ ամրագրում է այն հանրահայտ փաստը, որ Փաշինյանի կառավարությունը վաղուց հրաժարվել է Արցախից և համաձայն է հայկական երկրամասն արդեն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ընդգրկելուն։
Դրա հետ մեկտեղ, մի շարք տելեգրամ-ալիքներ մեկնաբանություններ են տարածում, թե իբր՝ «Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ բանակցությունների շրջանակներում Արցախի և նրա կարգավիճակի վերաբերյալ որևէ հարցեր չեն քննարկվում», և այդ թեման քննարկվելու է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նման պնդումները վկայում են կա՛մ Արցախի հարցի էության վերաբերյալ հեղինակների անտեղյակության մասին, կա՛մ, ինչը շատ ավելի հավանական է, միտումնավոր սուտ են, որը կոչված է բթացնելու հայ հասարակության սթափ հատվածի զգոնությունը։ Իբր՝ Արցախի ճակատագրի համար անհանգստանալ ներկայումս չարժե, քանի որ կարգավիճակի հարցը ոչ մի կերպ չի տեղավորվում ենթադրվող համաձայնագրերի շրջանակներում և կլուծվի Մինսկի խմբի ձևաչափում։
Արցախի թեմայի շուրջ մանիպուլյացիաները, այդ թվում՝ այդպիսի վտանգավոր հայտարարություններն ու գնահատականները, է՛լ ավելի է խորացնում այն փաստը, որ հետպատերազմյան շրջանում, ինչպեսև 44-օրյա պատերազմից դեռ շատ առաջ, փաշինյանական թիմի ներկայացուցիչները ոչ մի անգամ հստակ ու միանշանակ չեն հայտարարել, որ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Միակ երկու կետերը, որոնք այսօր բխում են անձամբ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հայտարարություններից, նախ՝ այն է, որ խնդիրը պետք է վերջնականապես կարգավորվի Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսման միջոցով, երկրորդ՝ որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքներից մեկի՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաշվառումով։
Մինչդեռ, և այդ մասին տասնամյակներ շարունակ բազմիցս խոսել են բանիմաց փորձագետները, փաստն այն է, որ ինքնորոշումը միանգամայն հնարավոր է նաև մետրոպոլիայի ներսում, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, և դա ոչ մի կերպ չի հակասում միջազգային իրավունքին։ Հարևան հանրապետությունում միշտ էլ շատ լավ հասկացել են դա, ձգտելով հասնել գլխավորին՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն։ Քանի որ դրանից հետո կարգավիճակի հետ կապված ամեն ինչ դառնում է Ադրբեջանի ներքին գործը, թեև բանակցություններ հնարավոր են նաև միջազգային միջնորդների, տվյալ դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմամբ։ Այդպիսի բանակցություններ իսկապես կարող են ընթանալ կարգավիճակի շուրջ, բայց բացառապես Ադրբեջանի ներսում, և վերաբերել ինքնավարության մակարդակին. լինի դա հանրապետության տեսքով, ինչպես, ասենք, այսօրվա Նախիջևանը, թե մարզի, ինչպես խորհրդային տարիներին էր, թե պարզապես տխրահռչակ «մշակութային ինքնավարության»։
Բայց դա արդեն բացարձակապես նշանակություն չի ունենա, քանի որ Արցախի ճակատագիրը կանխորոշված կլինի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա տեղի ունեցավ հայկական Նախիջևանի հետ։ Ամենևին էլ պատահական չէ, որ այսօր Բաքուն փորձում է Արցախի մնացած հայկական հատվածում ստեղծել այնպիսի անտանելի և կյանքի համար պարզապես վտանգավոր պայմաններ, որոնք ժամանակի ընթացքում, ընդ որում շատ շուտով, կհանգեցնեն նաև մեր վերահսկողության տակ մնացած մասի իսպառ հայաթափության։
Հենց այդ սցենարն է նախատեսվում իրականացնել՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին համաձայնագրի ստորագրման դեպքում։ Փաշինյանի ստորագրությունն ինքնըստինքյան կնշանակի Արցախի կարգավիճակի հարցի կանխորոշում դրա գլխավոր բաղկացուցչի ՝ Ադրբեջանին պատկանելության և Բաքվի ու Ստեփանակերտի միջև ուղղաձիգ փոխհարաբերությունների առումով։ Այդօրինակ համաձայնագրի ստորագրումից հետո Բաքուն այլևս ոչ մի խնդիր չի ունենա բանակցային գործընթացի վերսկսման հարցում. բանակցեք ինչքան ուզում եք, ճամփորդեք, հանդիպեք, քննարկեք, թուրքերի գլխավոր նպատակն արդեն իրականացված կլինի։
Եվ կարևոր չէ, թե ինչ կթույլատրվի ունենալ Արցախին՝ բանակցային գործընթացի արդյունքում. սեփական խորհրդարան, ոստիկանություն, նահանգապետ, թե Ադրբեջանում իշխող կուսակցության առաջին քարտուղար, նույնիսկ խաղաղապահներ՝ ցեղասպանությունից ֆիզիկական պաշտպանության համար։ Այդ ամենը կլինի Բաքվի ակնդետ վերահսկողության տակ և շատ արագ կհանգեցնի բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Բնավ պատահական չէ, որ Ալիևը, «մոռանալով» խորհրդային սահմաններից իր երկրի պաշտոնական հրաժարման մասին, պնդում է կիրառել հենց խորհրդային քարտեզները. Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է եղել միմիայն ԽՍՀՄ ժամանակներում։ Եվ Փաշինյանը հենց այդ պատճառով էլ համաձայնում է (թեև նրա կարծիքն առանձնապես չեն էլ հարցնում) Բաքվի և Մոսկվայի այդ պայմանին, որը երաշխավորում է հարցի թուրքերի համար բաղձալի լուծում։
Հարցն այստեղ կարող է լինել լոկ մեկը. գիտակցելով հանդերձ նման քայլի ողջ նշանակալիությունը հայոց պետականության ճակատագրի համար, կբավականացնի՞ արդյոք Նիկոլի սիրելի «դուխը», որպեսզի ստորագրի այդ համաձայնագիրը։