Թաթոյան․ Սոթքում ադրբեջանցիների պատճառով օտարերկրյա ընկերությունը 5 մլն դոլարի վնաս է կրել

Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել` մանրամասներ հայտնելով, թե ինչպես են ադրբեջանցիերը երկու հողմակայանները խլել։

Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-ի անօրինական տեղակայումների պատճառով վտանգված, գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել` այդ մասին փաստեր ներկայացնելով։

Նշենք, որ խոսքը Սոթքի տարածքի մասին է։

«Ադրբեջանական ԶՈւ-ի հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը (ԶՈԴ ՈւԻՆԴ) չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատկացված 200 հա տարածքից։ Այդ տարածքի 75 հեկտարի վրա ընկերությունը կառուցել է երկու հողմակայան։ 2020-ի նոյեմբերին ադրբեջանական ԶՈՒ–ն տեխնիկայով ներխուժել է ընկերության տարածք և աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այնտեղ»,–ասվում է Թաթոյանի հրապարակած տեսանյութում։

Նշվում է նաև, որ գործարար ընկերությունը զրկվել է 2 հողմակայանից, որի հետևանքով 5 միլիոն դոլարի վնաս է կրել։

Ի դեպ, դեռ մայիսին ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ ՀՀ վարչական դատարանում փոխհատուցում պահանջելով բիզնեսը չպաշտպանելու համար։

Ի դեպ, հենց այդ վայրից ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար գնդակոծության տակ են պահում ՀՀ գյուղերը, ինչի հետևանքով էլ մարդիկ զրկվել են խոտհարքներից և արոտավայրերից օգտվելու իրավունքից։ Սա էլ սոցիալական խնդիրների կտրուկ աճի է հանգեցրել։

Այսպիսով, ադրբեջանական զինված ուժերի քայլերի հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչների մի շարք իրավունքներ են խախտվել` կյանքի, սեփականության և այլն։

Թաթոյանը հավելում է, որ այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին էլ Թաթոյանը հայտնել էր` Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Օմբուդսմանը շեշտել էր` խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է։