ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԳԱՆՁԱԿ ԷԻՆՔ ՀԱՍՆՈՒՄ», ԱՅՍՕՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ
Անցած տարի այս օրերին իշխանությունը ներհայկական տեղեկատվական դաշտը լցնում էր զանազան կեղծիքներով իբր Գանձակի օդանավակայանի թռիչքուղին ոչնչացնելու, այնտեղ տիրող ահավոր վայնասունի, Շահումյանի շրջանի ազատագրման և այլ մտացածին իրադարձությունների մասին: Ճակատից ոչ պաշտոնական տվյալներ ստացող մեր հայրենակիցները մոլորության մեջ էին՝ հավատալ զորքի ու աշխարհազորի պատմածների՞ն, թե՞ սուտ քարոզչությանը, թե իբր թշնամին խուճապի մեջ է, Գանձակը տարհանվել է, մենք հաղթում ենք, և մեր զորքը շուտով կհասնի պատմական Գարդմանք։
Ժամանակը ցույց տվեց, որ մեզ հասցված ամենախորտակիչ հարվածը բարոյականն էր, հոգեբանականը։ Կեղծ իրականության պատրանքը փշրեց Ադրբեջանի նախագահը՝ հայտարարելով Շուշիի մոտալուտ գրավման ծրագրի մասին, երբ մենք դեռևս Հադրութի կորուստն էլ չէինք ընդունել։ Ե՛վ այն օրերին, և՛ հիմա Ալիևը բավական անկեղծ էր իր ժողովրդի և հայ հանրության հետ՝ չթաքցնելով սեփական ծրագրերը։ Եթե այն ժամանակ նրա պլան մաքսիմումը Շուշին էր, հիմա նույնիսկ ոչ թե Ստեփանակերտն է, այլ Երևանը։
Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում պնդում էր, թե ադրբեջանաթուրքական տանդեմը եվրոպական քաղաքակրթության դեմ է պատերազմում, մենք էլ փրկում ենք այդ քաղաքակրթությունը ոչնչացումից՝ պաշտպանելով ոչ միայն Երևանն ու Ստեփանակերտը, այլև Բեռլինն ու Փարիզը։ Պատերազմից հետո պարզվեց, որ հակաքաղաքակրթական այդ տարրի հետ Հայաստանն ուզում է շուտափույթ երկխոսել, ընդ որում՝ միակողմանի զիջումների գնով։
Մեր ճամարտակները նաև Ռուսաստանին էին խելք սովորեցնում, համոզում, որ Մոսկվան Արցախում փրկում է Թաթարստանն ու Մերձվոլգան անջատումից, կարծես թե մենք պետք է ռուսներին իրենց ազգային շահերը բացատրենք։ Հիշեցնում էին, որ դարեր շարունակ թուրքերն իրենց ճանապարհին ոչնչացրել ու կործանել են ամեն ինչ, ուծացրել տասնյակ ազգությունների, պատմում, թե ինչպես է Թուրքիան սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղակայում Արցախում: Այսօր այդ պետության առաջնորդը մասնակցում է Վարանդայի նորակառույց օդանավակայանի բացմանը և շնորհավորում կրտսեր եղբորը Զանգեզուրի միջանցքը հայերից կորզելու առիթով։
Խորհրդարանում վերջերս հրավիրված մի քննարկման ժամանակ Շուշիի պատմության թանգարանի նախկին տնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն ուղղակիորեն խոստովանել է՝ Պաշտպանության բանակը պետք է լուծարվի։ Այն արդեն իսկ անբնական վիճակում է, քանի որ ՀՀ-ից չի համալրվում, զենքի փոխադրումն էլ հարցականի տակ է։ Սպառազինության սոսկալի կորուստները վերականգնված չեն, զորքերի բարոյակամային մակարդակը հասկանալի պատճառով ևս նախանձելի չէ։
Ադրբեջանը շարունակում է իր ռազմաքաղաքական գործընկերներից՝ Թուրքիայից, Իսրայելից, ՌԴ-ից, Բելառուսից զենքի խոշոր խմբաքանակների գնումները։ Դրանք հարձակողական զենքեր են, օրինակ՝ հեռահար հրթիռներ, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, բնավ մեզ բնորոշ խաղաղասիրական նպատակներով չեն ձեռք բերվում։ Տարածաշրջանում մեր անմիջական հարևանների թվում միայն Իրանն է, որը զսպում է Բաքվի ծավալապաշտական նկրտումները։
Առաջիկա եռակողմ հանդիպմանն արձանագրվելիք հերթական կապիտուլյացիային ընդառաջ՝ արժե մի պահ հետ նայել ու հիշել պատերազմի ավարտից ի վեր Արցախի նախագահի բոլոր խոստումներն ու ելույթները, թե կյանքի գնով պահելու են Արցախի՝ մեզ մնացած փոքր հատվածը, և թշնամին չի կարող փորձել տիրանալ ավելիին։ Պարզվում է՝ թշնամին ռազմական նոր արկածախնդրության դիմելու կարիք էլ չունի, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հլու-հնազանդ Բաքվին կզիջի իր ուզածն առանց նոր պատերազմի։