ՀՀ նախագահը գիտի` ինչ է պետք անել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Նա իր տեսակետը հայտնել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում։

«Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը», - նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով՝ կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը:

«Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը»,– շեշտել է Սարգսյանը։

Նա խոսել է «Մտքերի հայկական գագաթնաժողով» անցկացնելու որոշման մասին, որն արդեն զուտ «հայկական պատմություն» է դարձել։ Նախագահը կարծում է, որ նման համաժողովները (ռուսական Վալդայի պես) աշխարհի գլխավոր խնդիրների մասին խոսելու հնարավորություն են տալիս պետական գործիչներին: Սարգսյանի խոսքով` աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: