ՔՊ-Ն ԹՈՂ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉԽՈՍԻ ՆԱԽԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Իշխող խմբակցությունը տապալեց դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցը։ Հանձնաժողովը, որի նախաձեռնողներն են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները, իհարկե, արդեն ստեղծված է համարվում իրավունքի ուժով։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրաժարվեց հաստատել այդ հանձնաժողովի անդամների թիվը, համապատասխանաբար՝ նաև չի առաջադրի իր պատգամավորներին այդ հանձնաժողովում աշխատելու համար։

Ու թեեվ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով և աշխատելու է, դժվար թե նման բան հնարավոր լինի, հաշվի առնելով, որ հանձնաժողովի անդամների թիվը խորհրդարանի կողմից հաստատված չէ: Եվ նույնիսկ հաստատվելու (բայց աշխատանքին չմասնակցելու) դեպքում միայն ընդդիմադիր խմբակցությունների անդամները չեն կարող քվորում ապահովել։

Ասենք, իշխանության խմբակցության այդօրինակ պահվածքը անսպասելի չէր։ ՔՊ-ականները, իհարկե, փորձեցին դա պատճառաբանել նրանով, թե հարցը խորհրդարանի լիազորությունների մեջ չի մտնում։ Խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի խոսքերով, իրենց մասնակցությունը կարող էր ստեղծել վատ նախադեպ, որին իրենք, իբր, չեն կարող կողմ քվեարկել։ Ի՞նչ վատ նախադեպի մասին է խոսում Բաղդասարյանը։ Իշխանության մեկ՝ օրենսդիր ճյուղի միջամտությա՞ն մյուսի՝ դատականի գործերին։ Թե կարող է արդյոք նման բան տեղի ունենալ տվյալ հանձնաժողովի աշխատանքի դեպքում, թող ասեն փորձագետները։ Սակայն պետք է հիշեցնել, որ և՛ գործադիր, և՛ օրենսդիր ճյուղերը Հայաստանում վաղուց արդեն միջամտում են դատական իշխանության գործերին։ Ավելի ճիշտ՝ 2019-ի մայիսի 19-ից։

Երբ վարչապետ Փաշինյանը մայիսի 20-ին հրամայեց պաշարել դատարանների շենքերը, և երբ այդ «միջոցառմանը» մասնակցեցին նաև իմքայլական պատգամավորները։ Երբ վարչապետը դատավորներին անվանում էր «վնգստացող», «անտեր մնացած»։ Երբ փորձեց ձեռնարկել իշխանության համար անցանկալի սկզբունքային դատավորների զտում՝ քողարկվելով «վեթինգ» մոդայիկ բառի հետևում։

Երբ օրենսդիր իշխանությունը՝ ի դեմս իշխող խմբակցության, մի ամբողջ տարի մաքառում էր Սահմանադրական դատարանի կազմը փոխելու համար՝ իր շեֆի ցանկություններին համապատասխան, և իրավաբանության ոլորտում կասկածելի գիտելիքներ ունեցող պատգամավորի հեղինակած օրենսդրական կասկածելի փոփոխությունների շնորհիվ հասավ ուզածին։

Երբ արդարադատության ներկայիս նախարարը, որը ժամանակին եղել է մարդու իրավունքների պաշտպան, իսկ այժմ երկրպագում է իր աշխատասենյակում փակցրած վարչապետի լուսանկարը, հայտարարում էր, թե անձամբ հաշվարկել է շուրջ չորս տասնյակ «անվստահելի» դատավորների, որոնցից պետք է ազատվել։ Ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում այսօր…

Օրինակները շատ են։ Իհարկե, դա բնավ չի նշանակում, թե հետևելով դրանց՝ խորհրդարանը կարող էր հերթական անգամ միջամտել դատական իշխանության գործերին, թեկուզև ընդդիմության նախաձեռնությամբ։ Բայց, կրկնենք. այն հարցի պատասխանը, թե խորհրդարանի լիազորություններից դուրս է արդյոք դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թողնենք մասնագետներին։ Իսկ այ իշխող խմբակցության կողմից ինչ-որ նախադեպի մասին խոսելը, մեղմ ասած, անազնվություն է…