ԿՈՎԿԱՍԻ ՌՈՒՍ ՓՈԽԱՐՔԱ՞, ԹԵ՞ ԹՈՒՐՔ ՍՈՒԼԹԱՆԻ ՏԵՂԱՊԱՀ՝ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ

Ամիսներ շարունակ մեր իշխանությունների հերքած հայ-թուրքական միջնորդավորված ստվերային բանակցությունների մասին, փաստորեն, ակնարկեցին Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Էրդողանը զավթված Կովսականից պնդեց, թե Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման նախապայմանը հայ-ադրբեջանական համապարփակ համաձայնությունն է, Չավուշօղլուն էլ հավելեց, որ Թուրքիան պատրաստվում է համակարգել Երևանի և Բաքվի միջև ընթացող «խաղաղության նախապատրաստումը»։

Այն, ինչ պահանջվում էր ապացուցել եվս մեկ անգամ՝ Անկարան ամբողջապես իր ձեռքն է վերցրել Բաքվի քաղաքական և ռազմական ղեկը Հայաստանի հետ հարաբերություների պարզման հարցում՝ ռուսական կողմին պարբերաբար տեղեկացնելով արդյունքների մասին։ Պատերազմը Բաքվում ղեկավարում էին թուրք գեներալներն ու հրահանգիչները, հիմա էլ դիվանագիտության հերթն է՝ դարձյալ Անկարայի հովանու ներքո։

Քանի որ 44-օրյա պատերազմում Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին էապես ավելի մեծ էր, քան առաջին արցախյան պատերազմում, և Անկարան դա չէր էլ թաքցնում, միջազգային մամուլը կես կատակ, կես լուրջ գրում էր, թե Ադրբեջան պետություն այլևս չկա, այն «Թուրքիա-2» է։ Բաքվում նույնիսկ խոսում էին, թե Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը դժգոհել է Թուրքիայի այդչափ մեծ մասնակցությունից՝ ասելով, որ եթե իրենց բանակը հանձնում են թուրքերին, կանանց էլ կարող են հանձնել։ Պատերազմի ընթացքում նրան մեկուսացրել էին զորքերի կառավարումից, ավարտից երեք ամիս անց էլ 27 տարի շարունակ ԳՇ պետի պաշտոնն զբաղեցրած այդ զինվորականն ազատվեց պաշտոնից:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիայի պաշտպանության և ԱԳ նախարարները, ԳՇ պետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տասնյակ անգամ այցելել են Բաքու և հավասարության նշան դրել իրենց և Ադրբեջանի միջև, շարունակաբար հիշեցրել «մեկ ազգ, երկու պետություն» տխրահչռակ կարգախոսը՝ հասկացնելով, որ Հայաստանի դեմ պատերազմի հրահրողն ու կազմակերպիչն իրենք են։ Ի վերջո, Թուրքիայի նախագահն այս ընթացքում հասցրել է և՛ հայ ժողովրդի դահիճ Էնվերի հոգին փառավորել Բաքվի զորահանդեսում, և՛ լինել զավթված Շուշիում, ապա և՝ Կովսականում ու Վարանդայում։

Թուրքիան անդառնալիորեն ներխուժել է Ռուսաստանի ազդեցության կամ, ինչպես ընդունված է Արևմուտքում ասել, պատասխանատվության գոտի համարվող Այսրկովկաս և փաստացի «գերեվարել» է Ադրբեջանին։ Բաքուն ակնհայտորեն չի կարող Մոսկվայի հետ ինքնուրույնաբար քննարկել ընդհանուր տնտեսական տարածքի, էներգետիկ, ռազմաքաղաքական, անգամ հումանիտար հարցեր՝ առանց Անկարայի թույլտվությունն ստանալու։ Այդ առումով՝ Ադրբեջանը ևս ինքնաբավ պետություն չէ։

Օբյեկտիվ իրողությունն այսօր այն է, որ բացի Ռուսաստանից, որը Հայաստանում տեղակայել է սահմանապահ, իսկ Արցախում՝ խաղաղապահ ուժեր, որևէ այլ երկիր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, բացարձակ պատրաստակամ չեն հայ-ադրբեջանական սահմանագծին կամ Արցախում զորքեր տեղակայելու։ Այլապես ինչո՞ւ գեթ մեկ արձագանք չկա մոտ կես տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրավերին՝ գալու և կանգնելու մեր սահմաններին։

Ավանդաբար ՌԴ-ն եղել է այն պետությունը, որը զսպել է Թուրքիայի ախորժակն այս տարածաշրջանում, սպառնացել նրան ռազմական գործողությունների հրահրման դեպքում: Ռուսական զորակազմի՝ Հայաստանը լքելու դեպքում այստեղ տեղակայվելու են թուրքական զորքեր, այլ տարբերակ չի նշմարվում։ Մնում է միայն հասկանալ, թե այդ ի՞նչ պատահեց, որ 44-օրյա պատերազմում ռուսական միջնորդական առաքելությունները շարունակաբար ձախողվեցին, և մարտերը կանգնեցվեցին միայն Ադրբեջանին ձեռնտու աշխարհագրական իրավիճակում։