ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԱՊԱԳԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումից և սահմանագծումից ու սահմանազատումից հետո երկու երկրների միջև խաղաղության դարաշրջան է բացվելու, կա՛մ պարզունակ միամտության, կա՛մ կանխամտածված դավադրության արդյունք են։ Ո՞վ է այսօր հիշում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հերթով կրակի դադարեցման մասին գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն պարտադրեցին Ադրբեջանին, և երեք դեպքում էլ թշնամին րոպեներ անց խախտեց դրանք։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության կնքումից հետո մեկ տարի շարունակ մենք մարդկային, տարածքային, նյութական ու բարոյական նորանոր կորուստներ ենք կրում, այդպես էլ ենթադրյալ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, միգուցե անգամ նոր թափով, Ադրբեջանը սադրանքների է գնալու արդեն իսկ փոխադարձաբար համաձայնեցված սահմանների երկայնքով։ Բնականաբար, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Բաքուն հետևելու է իր իսկ ընդունած պայմաններին կամ հավատարիմ է մնալու սեփական ստորագրությանը։

Ո՛չ իշխանությունը, ո՛չ մարտական տրամադրվածությունը, ո՛չ էլ հայատյացության մակարդակն Ադրբեջանում չեն փոխվել, մի բան էլ աճել են։ Խաղաղության պայմանագիրը նրանք բանակցելու են հաղթական դիրքերից՝ կորզելով հնարավոր ամեն ինչ։ Իսկ կար ժամանակ, երբ Ալիևը հարկադրված էր ժամանում բանակցությունների, իսկ դրանցից հրաժարվելու կամ Արցախի հարցն իբր իրենց ներքին գործը որակելու փորձերն արժանանում էին միջնորդների կոշտ հակադարձումներին։

Կար նաև ժամանակ, երբ համանախագահները Բաքվից պահանջում էին ավելացնել արցախյան առաջնագծում դիտորդների թիվը, ընդլայնել մշտադիտարկման զինանոցը, հայկական կողմն էլ բովանդակային բանակցությունների չէր գնում՝ առանց այս պահանջի կատարման։ Իսկ այսօր Երևանն զբաղված է խղճուկ կանխագուշակումներով՝ ռուս խաղաղապահները կմնա՞ն Արցախում իրենց մանդատի գործողության ավարտից հետո, թե՞ ոչ։

Իհարկե, 1994-ի զինադադարը ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական առումով կայուն երաշխիքներ չէր տալիս, դրա վերահսկողության մեխանիզմները շատ թույլ էին, ինչն էլ արձակում էր Բաքվի ձեռքերը: Սակայն տասնամյակներ շարունակ և՛ ռազմի դաշտում, և՛ դիվանագիտական ճակատում հնարավոր էր լինում տարբեր գործիքներով՝ բազմակողմ դիվանագիտությունից մինչև միջնորդների հետ համաձայնեցված աշխատանք, զսպել Ադրբեջանին, իսկ սանձարձակ վարքի դեպքում արժանացնել փոքրիշատե հասցեական միջազգային արձագանքների: Ե՛վ դիվանագետները, և՛ զինվորականները հիմնականում հաջողում էին կանխել թշնամական սադրանքները համապատասխանաբար բանակցային սեղանին և առաջնագծում ու մարտադաշտում։

Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագիրը թշնամու համար լինելու է մեծագույն դիվանագիտական ձեռքբերում, մեզ համար՝ բաց թողնված վերջին հնարավորությունը։ Բաքուն մի ձեռքով ինտենսիվորեն զինվում է հարձակողական զենքերով, մյուսով՝ պատրաստվում դաշն կնքել հայերի հետ։ Վաղվա պատերազմին թշնամին առանց ժամանակ կորցնելու պատրաստվում է և նոր ուժեր կուտակում, մինչդեռ հայաստանյան իշխանությունը խոսում է խաղաղության էջ բացելուց։

Արցախը, Սյունիքը և հայկական մյուս բոլոր հողակտորներն Ադրբեջանին պետք են առանց հայերի։ Պատերազմով, թե առանց դրա՝ Ալիևի անթաքույց նպատակը Հայաստանի հայաթափումը, ապա և վերացումն է քարտեզից։ Չկան համանախագահ միջնորդները, որ կողմերին ինչ-որ առաջարկ անեն, իսկ թշնամին արցախյան հարցը լուծված է համարում։ Հետաքրքրական է՝ հայկական կողմն առհասարակ սեփական օրակարգ ունի՞, թե՞ այն միայն անդեմ ու խախուտ խաղաղությունն է։