ՆԻԿՈԼԻ ՖԱՎՈՐԻՏԸ ՀԻՄԱ ԷԼ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԵԴԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Վարչապետը հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները…

Փաշինյանի սիրելի Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնը թողնելուց հետո գլխավորեց Պետգույքի կառավարման կոմիտեն, սակայն չհարմարվեց նոր տեղում, ուստի որոշել է կրկին վերադառնալ տեղական իշխանության համակարգ: Այդ վերադարձի համար Արարատի մարզի տեղական համայնքների խոշորացման ծրագիրը կազմվել է այնպես, որ Գարիկի համար նախատեսված լինի առանձին համայնք։ Խոշորացումից հետո ձևավորվել են 4 խոշորացված համայնքներ. Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի։ Վեդիում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում Սարգսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Ինչպես հայտնի է, տեղական ընտրությունները վերահսկում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որին իշխող ուժի տեղական կառույցի ղեկավարությունը կանխավ տեղեկացրել է, որ Գարիկը չի վայելում Վեդիի բնակիչների վստահությունը, և որ հաղթելու նրա հնարավորությունները հավասար են զրոյի: Բայց ճար չունեն, Փաշինյանի ցանկությունը օրենք է, ուստի Պապիկյանը ամեն ջանք գործադրում է Գարիկի հաղթանակի համար։ Սակայն հնարավորություններն առաջվա պես չնչին են, թեև Փաշինյանը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, հրամայել է չխնայել ո՛չ փողը, ո՛չ էլ վարչական լծակները՝ իր սիրելիի հաղթանակի համար։

Հիշեցնեմ, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի Արարատի մարզ կատարած առաջին իսկ այցի ժամանակ տեղի բնակիչները միացրած տեսախցիկների առջև բողոքում էին նրան, որ նորաթուխ մարզպետ Գարիկն արդեն հասցրել է բոլոր «յուղոտ» պաշտոններում նշանակել իր մերձավոր ազգականներին և նույնիսկ հորաքրոջ հարսին։ Մարզպետն ընդ որում ներկա էր և ստիպված էր մի քանի խոսք ասել ի արդարացում իրեն։

Ռեպորտաժը ցուցադրվեց բոլոր հեռուստաալիքներով, մարդիկ սպասում էին, թե Սարգսյանին պաշտոնանկ կանեն ընտանեվարության ու բացահայտ հովանավորչության համար, բայց Գարիկը պաշտոնում մնաց նույնիսկ այն բանից հետո, երբ սաստիկ ապշեցրեց երկրի համայն հասարակայնությանը Արարատի մարզում կոկորդիլոսներ բուծելու իր ծրագրերով։

Եթե ոմանք մոռացել են, հիշեցնեմ, որ այդ գաղափարով Սարգսյանը ակտիվ քաղաքականության ոլորտ մտավ կադրային քաղաքականության մեջ հեղափոխական փոփոխությունների ալիքին բազմած։ Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ Արարատից երկրով մեկ հեռարձակվող Փաշինյանի ասուլիսի ընթացքում Սարգսյանը շփոթեց հեկտարները քառակուսի մետրերերի հետ, բայց դա էլ ներվեց նրան։

Գարիկը հետ է մղել «Ստալին» մականունով Թևոնյանին

Պապիկյանը պարտավոր է ամեն ջանք գործադրել, որպեսզի ապահովի ՔՊցուցակի հաղթանակը՝ «Կոկորդիլոս» մականունով Գարիկի գլխավորությամբ, բայց նույնիսկ փոխվարչապետի հզոր հնարավորությունները բնավ անսահման չեն։ Սեպտեմբերի 19-ին Վեդիում տեղի ունեցավ «Մեր հզոր համայնք» կուսակցության համագումարը, դրա առաջնորդ դարձավ Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանը, որն էլ կգլխավորի նոր ուժի ցուցակը Վեդիի ընտրություններում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, համայնքի բնակիչները մտադիր են դիմադրություն ցուցաբերել ապաշնորհ Գարիկին իրենց վզին փաթաթելու ռեժիմի փորձերին, փոխարենը Պետական գույքի կառավարման կոմիտեում ուրախ են ու երջանիկ, որ այդ կերպարն ընդմիշտ լքել է իրենց կառույցը և վերադարձել տեղական իշխանության համակարգ:

Մինչև վերջերս համառ լուրեր էին շրջում, թե Վեդիում իշխող ուժի ցուցակը գլխավորելու է «Ստալին» մականունով մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, սակայն նրա ցանկությունը կառավարությունը հաշվի չառավ։ Գարիկը հետ մղեց Թևոնյանին, որը սեպտեմբերի 9-ին հրաժարական ներկայացրեց, բայց Փաշինյանը չընդունեց դա։ Համայնքում ահռելի քանակությամբ խնդիրներ կան. ջրամատակարարման համակարգից մինչև աշխատատեղերի բացակայություն։ Դրանց լուծման համար համայնքին պետք է գրագետ ու հմուտ ղեկավար, ուստի դրա բնակիչները շատ ավելի մեծ հաճույքով կքվեարկեին տնտեսավարման փորձառություն ունեցող Թևոնյանի օգտին, քան նորին մեծություն Նիկոլի ֆավորիտի։

Ավաղ, Գարիկի քմայքների ու կամակորությունների խորապատկերին խամրում է ամեն ինչ, ներառյալ ՔՊ-ի մարզային բջջի ղեկավարության ողջամիտ փաստարկները այդ թեկնածուի թուլության մասին։ Վեդիի բնակիչները Արարատի նախկին մարզպետին ճանաչում են հինգ մատի պես, ուստի ընտրություններում նրա հաղթանակը դժվար կլինի ապահովել նույնիսկ այն դեպքում, եթե Թևոնյանը, Պապիկյանը և իշխող կուսակցության տեղական ստորաբաժանումը տքնաջան աշխատեն զօրուգիշեր։

Եթե Գարիկը պարտվի ընտրություններում, ապա Փաշինյանը ամենակարճ ժամկետում նրա համար կգտնի մեկ այլ յուղոտ պաշտոն. Արարատի նախկին մարզպետը վարչապետի ֆավորիտների թվում է։ Այդ ցուցակում երկրորդ տեղում Արգիշտի Քյարամյանն է, որը ռեկորդային կարճ ժամանակահատվածում գլխապտույտ կարիերա արեց և տվյալ պահին գլխավորում է Քննչական կոմիտեն։

Իսկ երրորդ տեղում Բագրատ Բադալյանն է։ Նրա մասին լրատվամիջոցներն ավելի քիչ են գրում, քան Սարգսյանի ու Քյարամյանի, սակայն այդ պարոնը 4 տարվա ընթացքում սուսուփուս փոխել է 3 բարձր պաշտոն։ 2018թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանը նրան նշանակեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, մեկ տարի անց նա դարձավ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, այնուհետ՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Основная тема:
Теги: