Ո՞Վ Է ՀԱՎԱՏԱԼՈՒ ԱՅԴ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅԱՆԸ

Իշխանությունը հերթական անգամ լույս աշխարհ հանեց արտախորհրդարանական խամաճիկների «արկղը»։ Փաշինյանը կրկին ունի մերժյալ մարդ-կուսակցությունների կարիքը, ինչի մասին էլ, ըստ էության, նա հայտնեց «Արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողով» վերամբարձ «ինստիտուցիոնալ» անվանումով կասկածելի հավաքի ժամանակ։ «Մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը»,- հայտարարեց նա հանդիպման ընթացքում։

Անցած շաբաթ օրը տեղի ունեցավ «Խորհրդակցական ժողովի» հերթական, թվով չորրորդ նիստը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Դրան մասնակցում էին կուսակցապետեր Արամ Սարգսյանը («Հանրապետություն»), Սամվել Բաբայանը («Ազատական կուսակցություն)», Նորայր Նորիկյանը («Արդար Հայաստան»), Դավիթ Սանասարյանը («Ինքնիշխան Հայաստան»), Տիգրան Խզմալյանը (Հայաստանի եվրոպական կուսակցություն), Լևոն Շիրինյանը (Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն), Մհեր Տերտերյանը («Միասնական հայրենիք»), Միքայել Հայրապետյանը (Պահպանողական կուսակցություն), ինչպես նաև «Ալյանս» կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։

Այստեղ, թերևս, հարկ է նշել, որ առանց Փաշինյանի և սեփական նախաձեռնությամբ այդ մարդ-կուսակցությունները չեն հավաքվում։ Իսկ Փաշինյանը հավաքել էր նրանց, ըստ էության, տեղեկացնելու, որ իշխանությանը կրկին հարկավոր են գրպանային ընդդիմության ծառայությունները. լինի դա ՏԻՄ ընտրություններ, թե 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի ձևավորում։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ակնհայտ է, որ «արտախորհրդարանական ուժերը» ոգևորվել են Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության հաջողությամբ և իշխանություններին ծառայություն մատուցելու հնարավորությամբ: Ահա և առաջադրվում են իբրև այլընտրանք, փոխարինելով իրական ընդդիմությանը այն համայնքներում, որտեղ ընտրություններ են սպասվում, և հերթական անգամ խաղալով իշխանության օգտին։ Չէ՞ որ վարչապետի կողմից տանիքավորվող մոտ մեկուկես տասնյակ ուժերը՝ «Արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողով» ցուցանակի ներքո, հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փոշիացրեցին իրական ընդդիմությանը տրվելիք գրեթե 85 հազար ձայն։ Հենց այն ձայները, որոնք թույլ կտային ավելացնել ընդդիմադիր երկու դաշինքների ներկայացվածությունն ԱԺ-ում։

Դրա հետ մեկտեղ, նկատեք. շուրջ մեկուկես տասնյակ, եթե կարելի է այդպես անվանել, քաղաքական ուժերը՝ միասին վերցրած, ստացան մոտ 85 հազար ձայն։ Ուրեմն ինչպիսի՞ն է դրանցից յուրաքանչյուրի մանրածախ արժեքը: Բացառությամբ երկու-երեքի՝ մի քանի հազար, ոչ ավելի։

Այդ բացարձակ զրոների կոհորտայից, «Հանրապետության» օրինակով, նոյեմբերին և դեկտեմբերին կայանալիք ընտրություններում իրենց առաջադրման մասին հայտարարեցին խորշելի Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» և Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունները։ Նրանք իրենց թեկնածուներին են առաջադրել Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի մի շարք համայնքներում: Բոլոր այդ արամսարգսյանները, արմանբաբաջանյանները, նորայրնորիկյանները կատարելու են ընդդիմության շարքեր ուղարկված տրոյական ձիու դերը՝ ձայներ խլելով իրական ընդդիմությունից, որը նույնպես առաջադրված է ՏԻՄ ընտրություններում…

Թեպետ, այդ պարոնայք իրենց գլխավոր դերը դեռ չեն խաղացել. այն սպասում է նրանց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ձևավորումից հետո։ Այ թե որտեղ են իրականում և լրջորեն անհրաժեշտ այսպես կոչված «խորհրդակցական ժողովի» ծառայությունները, ինչի մասին նույնպես չհապաղեց հաղորդել Փաշինյանը։

«Մեր առաջիկա անելիքը թերեվս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է: Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- հայտարարեց նա, նշելով, որ ներկայումս ընթանում է այդ հարցի դե յուրե կազմակերպման տարբերակի որոնումը։

Ըստ էության, հենց այդ պատճառով էլ ռեժիմը կրկին ակտիվացել է այդ ուղղությամբ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին «ռևանշիստների» պիտակ փակցնելու ՔՊ-ականների ամառային փորձերից հետո։ Չէ՞ որ օգոստոսին էլ, խոսելով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, իշխանությունները, դրան զուգահեռ, շրջանառության մեջ դրեցին ռևանշիստների մասին «թեզը», վիգենխաչատրյանների շուրթերով անկեղծորեն վրդովվելով, որ խորհրդարանական ընդդիմությունը, իբր, դժվարություններ է ստեղծելու, այլ ոչ թե քութիկի պես կատարելու է Փաշինյանի քմայքները։ Ավելին, բոլոր այդ վիգենխաչատրյաններն ամենայն լրջությամբ հայտարարում էին, թե ընդդիմադիր դաշտում, բացի խորհրդարանականներից, կան նաև այլ քաղաքական ուժեր, որոնց հետ կարելի է աշխատել։ Եվ եթե խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է խանգարել իշխանությանը, ապա այդ ընդդիմությանը պետք է պարզապես շրջանցել ու անտեսել։

Դե, իսկ մնացյալը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր. սկսվեցին խաղիկները մեկ տասնյակ արտախորհրդարանական մարդ-կուսակցությունների հետ, ինչը Փաշինյանն անվանեց «ինստիտուցիոնալ համագործակցություն արտախորհրդարանական ուժերի հետ»:

Մինչդեռ ողջ այս ընթացքում այդպես էլ չհաջողվեց ձևավորել նշյալ քննիչ հանձնաժողովը։ Դատելով ընդդիմադիր խմբակցություններին «ռևանշիստների» պիտակ փակցնելու և հասարակության աչքում նրանց փաստացի մարգինալացման գործընթացների ակտիվացումից, իշխանությունը փորձում է լեգիտիմ հող նախապատրաստել «խորհրդակցական ժողովում» ընդգրկված գրպանային ընդդիմադիրներին հանձնաժողովում ապօրինաբար ներգրավելու համար, որպեսզի վերջապես գործարկի այդ հանձնաժողովը։

Ապօրինաբար, քանի որ Սահմանադրության, ԱԺ կանոնակարգի և այլ օրենքների ինչ փոփոխություններ էլ մշակեն ՔՊ-ի իրավաբանական մտքի «լուսատուները»՝ ի դեմս Վահագն Հովակիմյանի և այլոց, միևնույնն է, դա ոչ իրավաչափ բնույթ է կրելու։ Ճիշտ ինչպես արեցին դա Սահմանադրության ու Սահմանադրական դատարանի հետ, վերջնական արդյունքում վերաձևելով այն իրենց պատկերով ու նմանությամբ։

Իշխանության ինչի՞ն է պետք «այլընտրանքային ընդդիմությունը»՝ ի դեմս «խորհրդակցական ժողովում» ընդգրկված հաճկատարների։ Նպատակը մեկն է. չքմեղանալ ու սրբել իրենց ճակատից կապիտուլյանտի խարանը։ Արդեն այսօր փորձագետներն անվանում են դեռևս գոյություն չունեցող կառույցը «մեղավորներ նշանակող հանձնաժողով»։ Բայց կա նաև մեկ այլ նպատակ. ապահովել հանձնաժողովի «լայն լեգիտիմությունը» և իշխանության շուրջ արտախորհրդարանական ընդդիմության ողջ սպեկտրի համախմբման տպավորությունը մեր դյուրահավատ քաղաքացիների և, որ ամենակարևորն է՝ միջազգային հանրության աչքում։

Քանզի ոմանք կհավատան այդ աչքակապությանը կամ գոնե կձևացնեն, թե հավատում են։ Իսկ այդ խորապատկերին մեզ բոլորիս սպասվում է «բարդ, շատ սուր և զգայուն հարցերի» լուծում…