ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ ԻԲՐԵՎ ՎԵՐՋԻՆ ՉԿՐԱԿՎԱԾ ՓԱՄՓՈՒՇՏ

Մինչ խորհրդարանում արդեն որերորդ անգամ բանավիճում են, թե Հայաստանի ո՞ր՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ նախագահի օրոք Արցախը դուրս թողնվեց բանակցություններից, բուն Արցախում, ավելի ճիշտ՝ նրանից մնացած հատվածում հայկական ինքնիշխանության վերականգնման վերջին նշույլներն իսպառ վերանում են։ Պատմական էքսկուրսներ կատարելու փոխարեն՝ լավ կլիներ՝ գործուն քայլեր ձեռնարկվեին Արցախի բեկորների փրկության հարցում։ Ո՛չ իշխանության, ո՛չ էլ, ցավոք, ընդդիմության նախաձեռնողականությունն այս հարցում զգալի չէ։

Տասնամյակներ շարունակ պաշտոնական Երեվանը պնդում էր, որ Արցախը պետք է լիարժեքորեն՝ իբրև իրավահավասար կողմ, մասնակցի բանակցային գործընթացին։ Ամեն դեպքում, Հայաստանի որևէ իշխանություն դա իբրև նախապայման չէր ձևակերպում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, քանի որ հասկանում էին՝ այդկերպ կվիժեցնեն խաղաղ գործընթացը։

Միաժամանակ, բոլոր իշխանություններն էլ ձեռնպահ էին մնում Արցախի ճանաչումից՝ մշտապես հղում անելով հնարավոր պատերազմի դեպքում այդ քայլին գնալուն։ Սակայն Արցախի ճանաչման մասին քննարկումները մշտապես ուղեկցել են մեր անկախությանը՝ սկսած դեռևս 1992-ից, թեև բոլոր պատեհ հնարավորություններն անհասկանալիորեն բաց են թողնվել։

Պարզվում է՝ 1992-ին՝ պատերազմի թեժ փուլում, ՀՀ Գերագույն խորհուրդն առնվազն երկու անգամ այդ հարցը քննարկել է, երկու դեպքում էլ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանին հորդորել է չգնալ նման քայլի։ Սա այն դեպքում, երբ 1993-ին, ըստ ԳԽ «Արցախ» պատգամավորական խմբի անդամների, Հունաստանը պատրաստ էր ճանաչելու Արցախը Հայաստանի կողմից այն ճանաչելու դեպքում։

Ճանաչման մասին լայնորեն խոսվեց, սակայն այդպես էլ որևէ քայլ չարվեց ո՛չ 2016-ի ապրիլյան մարտերի, ո՛չ առավել ևս 2020-ի պատերազմի օրերին։ Վերջին դեպքում կարծես առավել քան հարմար առիթ կար՝ ճանաչելու Արցախի անկախությունը, քանի որ լայնամասշտաբ պատերազմը, միևնույն է, ընթացքի մեջ էր, իսկ բանակցություններ սկսելու դեպքում ճանաչման գնալն արդեն կընկալվեր իբրև դեմարշ ընդդեմ միջազգային հանրության։

Թեև շարունակաբար ասվում էր, որ Արցախի կարգավիճակի արձանագրումը ՀՀ ԱԺ-ի կողմից կսրի իրավիճակն ու կհանգեցնի նոր պատերազմի, կա մեդալի հակառակ կողմը՝ պատերազմի փուլում Արցախի ճանաչումն ու միջազգային գործընկերների կողմից նման քայլի հասնելը անվտանգության որոշակի երաշխիքներ կտար Արցախի ժողովրդին։ Եթե այն ուղեկցվեր նաև միջազգային իրավունքն ընդդեմ Ադրբեջանի օգտագործելու՝ մեր իշխանությունների հետևողական քայլերով, օրինակ՝ Կոսովոյի անկախության մասին Հաագայի տրիբունալի դատական ակտի վկայակոչմամբ, մեր փաստարկներն անխոցելի կլինեին։

Ի վերջո, պատերազմի օրերին Եվրադատարանը Թուրքիային ճանաչեց հակամարտության կողմ և միջանկյալ միջոց կիրառեց այդ երկրի նկատմամբ։ Այս փաստերի հանրագումարը, ցավոք, հայկական իշխանությունն այդպես էլ չօգտագործեց՝ աշխարհին ներկայացնելու Անկարայի և Բաքվի ցեղասպան բնույթը, ճիշտ հակառակը՝ սկսեց խաղաղասիրական և բարեկամական ներբողներ ձոնել այդ երկրներին։

Հայաստանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել սեփական զինուժի տեղակայման անհրաժեշտությունն Արցախում այն չճանաչելու պատճառով, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որը ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը՝ այնտեղ սեփական զորք տեղակայեց։ Ճանաչված պետություն լինելու դեպքում Արցախն առնվազն միջազգային անվտանգության նվազագույն երաշխիքներ կստանար։ Քանի դեռ Արցախը ճանաչված չէ, նոմինալ առումով դուրս է միջազգային իրավունքից և աշխարհի քաղաքական քարտեզից, Ադրբեջանը մշտապես արդարացնելու է իր նորանոր արկածախնդրությունները։