ԿԱՊԻՏԱԼԻ ՓԱԽՈՒՍՏ
Այն, որ օտարերկրյա մասնավոր կապիտալն արդեն մի քանի տարի շարունակ ակնհայտորեն անհարմարավետ է զգում իրեն Հայաստանում, ինչպես ասում են, տեսանելի է անգամ անզեն աչքով։ Գործող իշխանությունն արել և շարունակում է անել ամեն հնարավորը, որպեսզի առավելագույնս նվազեցնի երկրի գրավչությունը՝ որպես ներդրումային նախագծերի լավ հարթակի։ Եվ պետք է խոստովանել, որ այդ առումով նրան հաջողվել է հասնել ապշեցուցիչ հաջողությունների։ Օտարերկրյա կապիտալն այսօր ոչ միայն խուսափում է Հայաստանից, այլև առհասարակ փախչում է մեր երկրից։
Կան բազմաթիվ ցուցիչներ, որոնք անուղղակիորեն մատնանշում են կապիտալի արտահոսքը՝ մասնավորապես, և երկրի ներդրումային դաժան կլիման՝ ընդհանրապես: Եվ անշուշտ, դրանցից մեկը անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակն է։ Այս ոլորտում վիճակը տագնապահարույց է, ինչի մասին վկայում են Վիճակագրության պետական կոմիտեի տվյալները, որոնք հրապարակվել են գերատեսչության կայքում:
Պաշտոնական ցուցանիշների համաձայն, միայն ընթացիկ տարվա օգոստոսին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում վաճառել են գրեթե երկու անգամ ավելի մեծ քանակությամբ անշարժ գույք, քան գնել: Իսկ ավելի կոնկրետ, օտարերկրացիների կողմից վաճառվել է 301 միավոր անշարժ գույք, իսկ գնվել՝ 161։ Առանձնակի տպավորիչ են այդ շուկայում օտարերկրյա ներդրողների ցանկում ավանդաբար առաջատար հանդիսացող ՌԴ քաղաքացիների իրականացրած գործարքների ցուցանիշները։ Ահա ուրեմն, նույն օգոստոս ամսին Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում վաճառել են երեք անգամ ավելի շատ անշարժ գույք, քան գնել։ Նրանք գնել են անշարժ գույքի 86 միավոր, իսկ վաճառել՝ 256 միավոր։
Ասենք, հայկական անշարժ գույքից հեռանում են ոչ միայն օտարերկրյա փողերը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուկան լքում է գործարար կապիտալն ընդհանրապես, ինչն առավել քան պերճախոս բնութագրում է երկրում տիրող մռայլ բիզնես-միջավայրը։ Այսպես, կրկին իսկ օգոստոսին իրավաբանական անձանց կողմից վաճառվել է անշարժ գույքի երկու անգամ ավելի մեծ քանակ, քան գնվել. 176 միավոր գնվել է, 353-ը՝ վաճառվել։ Բայց սա էլ դեռ բիզնեսի ոլորտում տիրող մեծ դեպրեսիայի ամենախոսուն ցուցանիշը չէ։
Գաղտնիք չէ, որ մի շարք պատճառներով հայկական բիզնեսը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է մայրաքաղաքում։ Հաշվի առնելով այս առանձնահատկությունը՝ նայենք Երևանում իրավաբանական անձանց կողմից անշարժ գույքի առքուվաճառքի ցուցանիշներին և… ախ քաշենք։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է (իրավաբանական անձանց կողմից) անշարժ գույքի գրեթե 9 անգամ ավելի մեծ քանակ, քան գնվել։ Իսկ ավելի կոնկրետ, վաճառվել է 276 միավոր, իսկ գնվել՝ ընդամենը 33։
Այսպիսով, միանգամայն ակնհայտ է կապիտալի արտահոսքը հայկական անշարժ գույքի շուկայից։ Օտարերկրյա կապիտալի, գործարար կապիտալի։ Սա իշխանության «ապագա կա» կարգախոսի նկատմամբ մարդկանց վստահության բազմաթիվ ցուցանիշներից մեկն է։ Այո, ինչ-որ ապագա Հայաստանի համար կա։ Բայց առայժմ դա այն հեռանկարը չէ, որի պարագայում մարդիկ նախընտրում են ապրել ու աշխատել։ Առայժմ դա այնպիսի ապագա է, որից մարդիկ նախընտրում են փրկել իրենց կապիտալը։