ՀԱՍԱՆԵԼԻ՛ ԴԱՐՁՆԵԼ ՊԵՏԳԱՂՏՆԻՔԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻՆ
Հասարակությունից ճշմարտությունը թաքցնելու մեջ մասնագիտացած «փորձագետների» գունդը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում համալրվում է: Ակնհայտ է, որ իշխանությունը եռանդագին պատրաստվում է նախորդ տարվա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորմանը։ Ակտիվ աշխատանք է ընթանում արտախորհրդարանական «ընդդիմադիրներին»՝ իշխանության խամաճիկներ Նորիկյանին, Սանասարյանին և Բաբայանին ապագա կառույցում ընդգրկելու ուղղությամբ։ Երեկ հայտնի դարձավ նաև, որ նշված հանձնաժողովում աշխատանքի է անցնելու Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչը՝ ժողովրդին 44 օր շարունակ ստեր հրամցրած Արծրուն Հովհաննիսյանը։
Առայժմ կանգ առնենք Դավիթ Սանասարյանի և Սամվել Բաբայանի վրա, որոնց իշխանությունը փորձում է խցկել ապագա հանձնաժողովի կազմ և դրա համար ակտիվորեն փնտրում է օրենսդրական հիմքեր։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը: Ինչպես տեսնում ենք, ոչ մի կողմնակի «ընդդիմադիրների» ընդգրկում կանոնակարգը չի նախատեսում։ Ասենք, ոչ պակաս կարևոր է նաև մեկ այլ հարց. այն, որ օրենքի տեսանկյունից խիստ կասկածելի այդ անձանց հասանելի է դառնում քննիչ հանձնաժողովի անդամների կողմից հետազոտման ենթակա տարբեր տեսակի փաստաթղթերում ու նյութերում բովանդակվող պետական գաղտնիքը։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ 2019-ին, այսինքն ներկա իշխանության օրոք, քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ հեմոդիալիզի պարագաների գնման ընթացում չարաշահումների առնչությամբ գործի շրջանակներում: Այն դեռ չի ավարտվել և գտնվում է դատաքննության փուլում։
Իսկ ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ապա կրկին իսկ հիշեցնենք, որ նա տարբեր ժամանակներում մեղադրվել է մի քանի աղմկահարույց քրեական հանցագործությունների մեջ։ Դրանցից ամենասկանդալայինը 2000 թվականին Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձն էր։ Բաբայանն իրեն մեղավոր ճանաչեց մահափորձի կազմակերպման մեջ և դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Կարելի է առարկել, թե մահափորձի համար դատվածությունը մարված է։ Այո, բայց մարդը խոստովանել ու դատապարտվել է լրջագույն հանցագործության համար, ինչն ինքնին արդեն պետք է խոչընդոտի պետական գաղտնիքի ծանոթանալու նրա հնարավորությանը:
Ասենք, պետության ղեկավարի նկատմամբ ահաբեկչական գործողության կազմակերպումը խոչընդոտ չդարձավ 2020 թվականի մայիսին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Բաբայանի նշանակման համար։ Բայց ո՞վ նշանակեց։ Ճիշտ է, Փաշինյանի դրածոն՝ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Չի կարելի չնշել Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեմ առաջադրված ևս մեկ ՝ «ամենաթարմ» մեղադրանքը։ Այս տարվա ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ 2021 թվականի փետրվարի 8-ին Անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Խոսքը 2020 թվականի հոկտեմբերին պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին է, ինչը պետությանը պատճառել է 100 մլն դրամի գույքային վնաս։ Ընդգծենք, որ նշված ժամանակահատվածը Արցախում պատերազմի ամենաթեժ շրջանն էր, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Սամվել Բաբայանը։ Քրեական գործը վարույթ է ընդունվել հանրապետության Քննչական կոմիտեի կողմից և նախաքննության փուլում է։
Եվ ահա իշխանությունը փորձում է օրենքի և վստահելիության առումով այդ կասկածելի անձանց ամեն կերպ խցկել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով և նրանց առջև բացել պետական գաղտնիք ներկայացնող նյութերն ու փաստաթղթերը։ Ի՞նչ նպատակով։ Մեղքն ուրիշների վրա բարդելու և մեղավորնե՞ր նշանակելու զինվորականների կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչների շարքերից։ Դե, դա հասկանալի է, դա, ինչպես ասում են, ընկած է մակերեսին։ Բայց եթե սա հերթական առի՞թն է՝ հասանելի դարձնելու մեր դեռևս ոչ ամբողջովին փլուզված (թեև մեզ ամեն կերպ փորձում են հակառակը ներշնչել) բանակին վերաբերող մեծաքանակ գաղտնի տեղեկությունները ԱԺ կանոնակարգի նախատեսածից շատ ավելի մեծ թվով մարդկանց, որոնք, միանգամայն հնարավոր է, անհուսալի են Ազգային անվտանգության տեսանկյունից։
Պատերազմում կրած պարտությունից հետո փորձագետների մոտ կասկածներ առաջացան Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերաբերյալ։ Նման վարկածը, հիշեցնենք, դեռ անցած տարեվերջին հնարավոր էր համարում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Իսկ կարո՞ղ է սա որպես քաղաքական ճնշման գործիք քողարկված փայլուն հետախուզական օպերացիա է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից»,- գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում, և այդ գրառումը մեծ արձագանք ու բազմաթիվ քննարկումներ հարուցեց։
Գոյության իրավունք ունե՞ն արդյոք այդօրինակ կասկածները Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ապագա քննիչ հանձնաժողովի պարագայում: Լիովին։ Այլապես այդ ինչպե՞ս է ստացվում, որ, ասենք, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին իշխանությունը թույլ չի տալիս այցելել նույնիսկ մեր զորքերի սահմանային դիրքեր, անվանելով նրա այցը «աննպատակահարմար», իսկ նույն Սանասարյանին ու Բաբայանին պետական գաղտնիք ներկայացնող նյութերին ծանոթանալու հնարավորություն տալը համարում է «նպատակահարմար»։
Եվ դա այն դեպքում, երբ Աբրահամյանը երեք տարի եղել է Արցախի նախագահի խորհրդականը և ընդհանուր առմամբ անբասիր կենսագրություն ունի, ինչը չես ասի լուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող Սանասարյանի և Բաբայանի մասին։ Թե ինչ կարող են նրանք հետաքննել խորշելի Անդրանիկ Քոչարյանի՝ պատերազմի ընթացքի և ելքի պատասխանատուներից մեկի հետ միասին, իհարկե, հռետորական հարց է։
Նույնպիսի հռետորական հարց է առաջանում նաև Արծրուն Հովհաննիսյանի պարագայում. ինչո՞ւ իշխանություններին հանկարծ պետք եկավ ևս մեկ խորշելի կերպար, որը հասարակայնության ընկալումներում կապակցվում է բացառապես պատերազմի բոլոր 44 օրերին իբրև պաշտոնական ու հավաստի տեղեկատվություն մատուցված ցինիկ ստի հետ։
«Կարող եմ հաստատել: Առաջարկ արվել է, և Արծրուն Հովհաննիսյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում: Եվ եթե ամեն ինչ նորմալ լինի, մենք կունենանք փորձագետ, որը տիրապետում է շատ-շատ ինտելեկտուալ, ռազմական գիտելիքների»,- երեկ լրագրողներին ասել է Ա.Քոչարյանը։ Եվ ակնհայտ է, որ այդ դեպքում Հովհաննիսյանն արդեն պաշտոնապես կընդգրկվի նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներում որպես փորձագետ։
Թեպետ, սա առանձին հոդվածի թեմա է…