ԱՆՋԱՏՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՈՒՐԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Պատերազմի օրերին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց, ապա իշխանության կողմից բովանդակային զարգացում ստացավ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի քարոզչությունը՝ իբրև Արցախի ժողովրդի կյանքի վտանգված իրավունքի երաշխավորման կռվան։ Բանն այն է, որ նախապատերազմական փուլում Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալը՝ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարելը, սպասարկել էր թշնամական թեզերը՝ ամրապնդելով այն մոլորությունը, թե իբր արցախյան հարցը տարածքային վեճ է։

Եվ ահա, պատերազմի օրերին իշխանությունը հանկարծ որոշեց հիշեցնել, որ արցախցիները կռվում են նախևառաջ սեփական ինքնորոշման իրավունքի իրացման ազնիվ մղումով։ Մինչ Բաքուն մեղադրում էր Երևանին, թե իրավական հիմք չունենալով՝ ինչպե՞ս է ռազմական ներկայություն ապահովում Արցախում, Հայաստանն այդպես էլ այդ հիմքը չստեղծեց։ Պատերազմի օրերին միանգամայն իրատեսական էր Արցախի հետ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի կնքումն ու Հայաստանի՝ իբրև Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակի փաստաթղթավորումը։

Միգուցե մենք ժամանակին հապաղել ենք գնալ այդ քայլին, բայց 44-օրյա պատերազմում Արցախի ճանաչումը, առավել, քան երբևէ, պարզապես այլընտրանք չուներ։ Միակ այլընտրանքը Ադրբեջանի կողմից հայկական Արցախի շարունակական զավթումն է, ինչը տեղի է ունենում մեր աչքի առջև։ Մեր պարտությունը, ցավոք, խորտակեց և՛ Արցախի ճանաչման հեռանկարը, և՛ բանակցային գործընթացի երբեմնի մեխանիզմը։ Հայ իրականության մեջ երիցս անիծված մադրիդյան սկզբունքներին ու փուլային տարբերակին վերադարձն այսօր երանություն կդիտվեր, բայց դա, ցավոք, դեռևս իրատեսական չէ։

Ալիևի և Փաշինյանի բանակցություններում Ադրբեջանը երբեք չի խոսելու իր որևէ զիջման մասին։ Նրան ներվել են հատած կարմիր գծերը՝ պատերազմում Թուրքիայի, սիրիացի ու աֆղան ահաբեկիչների ներգրավումը։ Ի տարբերություն առաջին պատերազմի՝ վարձկանների ներգրավումը և Թուրքիայի անմիջական մասնակցությունն այս անգամ չափից դուրս ցցուն էին։ Այսօր, սակայն, որևէ մեկը՝ ո՛չ Բայդենը, ո՛չ Պուտինը, չի կարող Էրդողանին արված մեկ հեռախոսազանգով պատերազմ կանգնեցնել, ինչպես դա հնարավոր էր 90-ականների սկզբին։

Պատերազմի ընթացքում հակաթուրքական դիրքորոշում որդեգրած երկրների ու կազմակերպությունների խոսքը՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, Իրանից մինչև Չինաստան, Հնդկաստանից մինչև Արաբական պետությունների լիգա՝ մնացին ձայն բարբառոյ հանապատի, քանի որ Հայաստանն այդպես էլ չկապիտալիզացրեց թուրքական ծավալապաշտական քայլերի դեմ խորացող միջազգային հակազդեցությունը։ Փոխանակ այսօր խոսելու այն մասին, որ մեր հիմնական գոյաբանական սպառնալիքը նախևառաջ Թուրքիայի ռազմատենչ բնույթն է, մեղքն ամբողջապես բարդում ենք Ադրբեջանի վրա։

44-օրյա պատերազմի միջազգայնացումից ի վեր արցախյան հակամարտության բնույթը գլխիվայր փոխվել է, և այսօր Արցախն ու հատկապես Սյունիքը տարածաշրջանային մասշտաբի հետաքրքրություն են ներկայացնում։ Թշնամին չի հրաժարվել Արցախի ամբողջական բնաջնջման նպատակից։ Հայ բնակչության իրավունքներն իբր երաշխավորելու խոստումների ֆոնին նրանց հրթիռակոծում էին, գերեվարում, գլխատում ու խոշտանգում, ավերում մեր եկեղեցիներն ու հիվանդանոցները։ Մեր պետաիշխանությունն ու դիվանագիտությունն առհասարակ հիշո՞ւմ են այս ամենի մասին, թե՞ պատրաստ են հայ ժողովրդի արցախյան հատվածի ճակատագիրը թշնամուն վստահել։