ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ, ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, «3+3» ԱԿՈՒՄԲ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը փաստացի լուծարված է։ Ամիսներ առաջ միջնորդների խոստացած այցը Ստեփանակերտ այդպես էլ չկայացավ։ Ավելին՝ Ալիևն ուղղակիորեն հասկացնում է, որ Բաքվում նրանք ցանկալի հյուրեր չեն, քանի որ համարում է, թե միակողմանիորեն լուծել է արցախյան հակամարտությունը։ Դրան զուգահեռ՝ Մոսկվայի ակտիվ հավանությամբ և Վաշինգտոնի դիմադրությամբ քննարկվում է «3+3» տարածաշրջանային ձևաչափը, ընդ որում՝ Էրդողանից պարզում ենք, որ Ալիևն ու Փաշինյանն անգամ խոսել են այդ թեմայով։

Մինչդեռ պատերազմի օրերին ՌԴ-ն վճռականորեն կանխում էր Թուրքիայի փորձերը՝ փոփոխելու բանակցությունների ձևաչափը։ Մոսկվան տասնյակ անգամ ակնարկել է, որ երրորդ երկրները՝ ի դեմս Թուրքիայի, պետք է զերծ մնան այս հակամարտությունից։ Հետպատերազմյան մեկ տարում ռուսական դիրքորոշումը կտրուկ փոխվեց, ռուս դիվանագետներն ու պաշտոնեությունը նույնիսկ սկսեցին հայտարարել, թե Անկարան կարող է դրական դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։

Պաշտոնական Երևանն առնվազն լոյալ դիրքորոշում ունի Բաքվի և Անկարայի համատեղ նախաձեռնության՝ «3+3»-ի նկատմամբ, ինչը, բնականաբար, վերջնականապես դուրս է մղելու բանակցային գործընթացին Արցախի հնարավոր մասնակցության անգամ մշուշոտ հեռանկարը։ Ստացվում է՝ Երևանն այս քայլով պաշտոնապես համաձայնում է, որ արցախյան հակամարտությանն այլևս վերջ է դրված, եկել է համատեղ խաղաղության ժամանակը, և բնականաբար, եթե չկա հակամարտություն, չկա նաև չճանաչված հակամարտող կողմ, որի դեմ պատերազմ է ընթացել, տարածքը՝ զավթվել, և որին կարիք կա բերելու բանակցային սեղան։

Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն ակնհայտորեն չունեն նման արհեստածին միավորի ստեղծման կարիքը, Վրաստանն այն մերժում է, իսկ Իրանն առանձնապես ոգևորված չէ դրանով։ Կարելի է հիշել դեռևս 2008-2009-ին՝ հայ-թուրքական բանակցությունների փուլում Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկը՝ ստեղծել կովկասյան պլատֆորմ, որին կանդամակցեն Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Էությունը նույնն էր՝ Հայաստանի վրա վերպետական ճնշման ևս մի լծակ ստանալ։ Ժամանակին դա չհաջողվեց, հիմա կարծես ստացվում է։ Առջևում կարևոր որոշումների կայացումն է՝ հայ-ադրբեջանական սահմանազատումից մինչև թյուրքական միջանցքի ձևավորում Սյունիքով, և այս ձևաչափը հույժ անհրաժեշտ է Անկարային ու Բաքվին։

Որքան էլ այս փուլում ջերմ լինեն ռուս-թուրքական հարաբերությունները, Մոսկվայում վստահաբար հիշում են, որ վերջին տասնամյակներում Անկարայի տարածաշրջանային նպատակը չի փոխվել՝ ճոճել նավը Հյուսիսային Կովկասում, ամեն կերպ խրախուսել ռուսաստանցի թյուրքախոս մահմեդականներին, մղել նրանց անջատողականության, մի խոսքով՝ ապակայունացնել իրավիճակը։ Այսօր քչերն են հիշում, որ պատերազմի օրերին Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններում հակաահաբեկչական գործողություններ էին տեղի ունենում։

Ցավոք, պատերազմի արդյունքներով Թուրքիային հաջողվեց Հարավային Կովկասում փոխել ուժերի հավասարակշռությունը: Մինչդեռ հայկական և ռուսական համատեղ անվտանգային շահի տրամաբանությամբ՝ Թուրքիան պետք է դուրս մղվեր ոչ միայն արցախյան հակամարտության կարգավորումից, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից, այլև Հարավային Կովկասից առհասարակ: Ստացվեց ճիշտ հակառակը՝ թուրք դիտորդներ Ակնայում, թուրքական խաղաղարար նախաձեռնություն և հայ-թուրքական գաղտնի երկխոսություն։