ԱՊԱԳԱ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՏԱՐՅԱԼ ԳՅՈՌԲԱԳՅՈՌ Է ԼԻՆԵԼՈՒ
Դատելով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովում որպես փորձագետ այն անձին ընդգրկելու մտադրությունից, որը պատերազմի ժամանակ 44-օրյա պաշտոնական ստի գլխավոր խոսափողն ու խորհրդանիշն էր, իշխանությունը սկսում է «Հաղթելու ենք-2» գործողությունը: Ընդդիմադիր պատգամավորի այս կարծիքին դժվար է չհամաձայնել։ Բայց այդ միտքը ցանկացած, նույնիսկ ամենասթափ դատող ուղեղում ծագում է այնուամենայնիվ քիչ ավելի ուշ։ Զայրույթի և ոչ նորմատիվ բառապաշարի ալիքից հետո, որը հեղեղեց սոցցանցերը Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին հաղորդագրությունից հետո:
Հիշեցնել, թե ով է նա, թերեվս անիմաստ է։ Աշխարհում կա՞ գոնե մեկ չափահաս հայ, որը չի հիշում ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցչին։ Նույն այն Արծրունին, որի անունով մարդիկ խոստանում էին կոչել իրենց որդիներին, որի անունով երդվում էին, երբ ինչ-որ հարցում իրենց չէին հավատում։ Արտաքուստ քաջարի այն տղամարդուն, որի արտահայտությունները պատերազմի օրերին թևավոր էին դարձել, որը մեկուկես ծանրագույն ամիս շարունակ էկրանից հավաստիացնում էր մեզ, թե ամեն ինչ լավ է լինելու։ Եվ մենք, Քրիստինե Պողոսյան անունով ուսապարկի պես (ի դեպ, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամի), որը 2019-ին հայտարարեց Փաշինյանին, թե կքվեարկի նրա նույնիսկ այնպիսի ծրագրի օգտին, որտեղ գրված կլինի միայն «ամեն ինչ լավ է լինելու», հավատում էինք Արծրունին։ Անվերապահ հավատում էինք 44 օր շարունակ նրա հնչեցրած ռազմաճակատային ամփոփագրերին, որոնք, ինչպես պարզվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, գռեհիկ ու անասելի ցինիկ պաշտոնական ապատեղեկատվություն էին…
Այժմ, թեթևակի ընդմիջումից հետո, որի ընթացքում Հովհաննիսյանը հասցրեց թռչել ԱՄՆ և նույնիսկ սոցցանցերում հրապարակեց իր լուսանկարը՝ սիգարն ու վիսկին ձեռքին, կյանքից գոհ մի այդպիսի մաչո-տղամարդու կերպարանքով, ինչպես նաև այնտեղ արեց իր գրքի շնորհանդեսը, իշխանությունը կրկին որոշել է ներգրավել նրան աշխատանքի մեջ։ Որպես (չէ, բնավ ոչ հեքիաթասաց) բանակի փորձագետ։ Ինչը, թեպետ, նրա դեպքում նույն բանն է։ Ընդ որում ակնհայտ է նաև նշանակման գլխավոր նպատակը. որպես ԱԺ գլխադասային հանձնաժողովի փորձագետ՝ Հովհաննիսյանը կներգրավվի նաև 44-օրյա պատերազմի ապագա քննիչ հանձնաժողովի գործունեության մեջ:
Հիմա հարց. ինչո՞ւ պիտի հասարակայնությունը հավատա հանձնաժողովին ու դրա հետաքննության արդյունքներին, եթե փորձագետի դերում հանդես է գալիս այն անձնավորություններից մեկը, որոնց մատուցմամբ մեր ժողովուրդին 44 օր անընդմեջ հրեշավոր մոլորության մեջ են գցել։ Մի մարդ, որը հաճույքով համաձայնել է ամեն օր, դեմքի պատշաճ արտահայտությամբ, գիտակցաբար ստեր հնչեցնել պետական մակարդակով և հիմարացնել մի ամբողջ ազգի, որն ամբողջ օրը շունչը պահած սպասում էր արցախյան ճակատում տիրող իրավիճակի մասին նրա հաղորդագրություններին…
Դիմանկարին հավելենք միայն մի քանի մանրագիծ: Այն բանից հետո, երբ փոթորիկն Արծրունի շուրջ փոքր-ինչ հանդարտվեց, նա վերադարձավ Հայաստան և, մի քիչ դադար տալով՝ սկսեց ակտիվություն ցուցաբերել, այցելել մարտական դիրքեր, օրինակ, հուլիսին Գեղարքունիքում (Սոթք, Վերին Շորժա) Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ընդհարման ժամանակ հաղորդել ոչ պաշտոնական տեղեկատվություն։ Այն աստիճան ակտիվացավ, որ նույն այդ ժամանակ ՊՆ-ն հայտարարեց. ՊՆ-ի նախկին ներկայացուցչի ասած ամենը ոչ պաշտոնական բնույթ է կրում, իսկ անձամբ ինքը ոչ մի կապ չունի այդ գերատեսչության հետ։
Իսկ արդեն մեկ ամիս անց՝ օգոստոսի վերջին, Հովհաննիսյանը հրավիրվեց Հանրային հեռուստաընկերություն, Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, որտեղ հայտարարեց, թե «պատերազմից հետո, ուղիղ տեքստով առաջարկել են հանդես գալ իշխանության դեմ և դրա դիմաց ստանալ համապատասխան ֆինանսական հնարավորություններ»։ Իբր, իրեն առաջարկել են. «Ասա, որ իշխանությունը վաճառել է տարածքները, իսկ պատերազմը նախապես տանուլ էր տրված, և ոչ մի խնդիր չես ունենա»։
«Սա բացարձակապես նույն ոճն է և շարունակությունը դավաճանական խմբերի գործունեության, որոնք Արցախում պատերազմի ժամանակ շրջում էին զորամասից զորամաս, դիրքից դիրք, քաղաքից քաղաք և խուճապ սերմանում, ասելով՝ «փրկվեք ինքներդ, Նիկոլը ծախել է հողերը»,-բարբառում էր Հովհաննիսյանը Հ1-ի եթերում, հավելելով, որ այդ հայտարարության հիման վրա քրեական գործ պետք է հարուցվի, պարզվեն բոլոր մասնակիցներն ու կազմակերպիչները։ Քանի որ «պատերազմող բանակի թիկունքում նման սաբոտաժը թշնամական գործողություն է»: Հիշեցնենք, որ «դավաճանական խմբերի» մասին Փաշինյանը խոսում էր դեռևս 2020-ի հոկտեմբերին։ Հարուցվեցին քրեական գործեր, սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, առ այսօր ոչ ոք չի ընդգրկվել որպես մեղադրյալ։
Թույլ տվեք հարցնել. իսկ հատկապես ո՞վ է «ուղիղ տեքստով առաջարկել Արծրունին հանդես գալ իշխանության դեմ և համապատասխան ֆինանսական հնարավորություններ ստանալ դրա համար»։ Թե՞ դա պարզապես ստի ու մանիպուլյացիաների հերթական չափաբաժինն է։ Ինչո՞ւ մինչ օրս անուններ չեն նշվել:
Դեռ օգոստոսին Հովհաննիսյանը մի շարք հրապարակումներ նախաձեռնեց, որոնցում փորձում էր արդարացնել իրեն և այն պաշտոնական ապատեղեկատվությունը, որ հրամցնում էր միլիոնավոր մարդկանց պատերազմի բոլոր 44 օրերին։ Մարդկային կարճ հիշողության համար նախատեսված ստախոսության ու ցինիզմի մի այդպիսի հերթական կարաս։ Ամբողջը վերապատմելու համար լրագրային էջերը չեն բավականացնի, ասենք, վերապատմելու բան էլ չէ։ Ուշադրություն հրավիրենք միայն մեկ փաստի վրա, որը ժամանակին ցնծության մեջ գցեց ողջ հայ ժողովրդին։ Ավելի ճիշտ՝ այն հորինվածքի, թե Գյանջայի օդանավակայանը «հօդս է ցնդել»։
Հիմա Արծրունը դա բացատրում է նրանով, թե Գյանջայի օդանավակայանի գործողությունը գաղտնի է եղել, և այդ ապատեղեկատվությունը, իբր, այդ գործողության մասն էր։ Տվյալ, եթե կարելի է այդպես ասել՝ բացատրությունը, չի դիմանում ոչ մի քննադատության, մանավանդ «տեղեկատվության ու կիբեռնետիկայի մեր դարում», ինչպես ասում էր պաշտամունքային ֆիլմի հերոսներից մեկը։ Բայց կրկին ցանկություն է առաջանում հարցնել Հովհաննիսյանին. իսկ պատերազմի 44 օրերին նրա մշտական հորդոր-մանտրան, թե «հաղթելու ենք», «հաղթում ենք», պարբերական «սպասեք լավ լուրերի»-ն, որը նա հնչեցրեց նույնիսկ նոյեմբերի 8-ին, խոսելով Շուշիի մարտերի մասին, նույնպես թշնամու համար նախատեսված գաղտնի գործողության մա՞սն էին։
Մի ամբողջ ժողովրդի հիմարացմանը միտված այդ ի՞նչ տխմար քարոզչություն էր։ Ինչի՞ համար։ Որ ժողովուրդն ապրի իր բանակի հզորության հանդեպ վստահությա՞մբ։ Որպեսզի հետո՝ նոյեմբերի 10-ին, իր ելույթում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ ավելի ուշ, բունկերից դուրս գալուց հետո՝ նաև «գերագույն գլխավոր հրամանատար» Փաշինյանն ու իր թիմը պարտության մեջ մեղադրեն հայ ժողովրդի՞ն, չմոբիլիզացված թիկո՞ւնքը։
Իսկ հիշո՞ւմ եք փչոցները «Գյոռբագյոռի» մասին։ «Գյոռբագյոռ» մեզ բոլորիս արեցին Արծրունն ու այս իշխանությունը, որոնք միանգամից կոտրեցին մի ողջ ազգի ողնաշարը, գողացան նրա վստահությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Թշնամուն նվիրեցին հայկական հողերը և շարունակում են ոչնչացնել հայոց պետությունը…
... 2020թ. նոյեմբերի 12-ին Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատեն ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո՛, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա»:
Այսինքն մեկ տարի առաջ Հովհաննիսյանն ինքն էր ընդունում, որ տեղեկատվական հարթությունում իր «մարտական գործողությունները» պետք է գնահատեն պրոֆեսիոնալ ուսումնասիրողները։ Համենայնդեպս նրանք, ովքեր լսել են ամենօրյա հավաստիացումներն այն մասին, թե մենք «դատապարտված ենք հաղթանակի», առ այսօր նրանից չեն լսել այն հարցի պատասխանը, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ չհաղթեցինք։ Միանշանակ է, որ Հովհաննիսյանը մեկն է այն անձանցից, որոնցից ապագա քննիչ հանձնաժողովը պետք է պատասխան պահանջի լիակատար ծրագրով։
Պատերազմի ժամանակ որդուն կորցրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը համարում է, որ ՊՆ նախկին ներկայացուցիչը պետք է «պատասխան տա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում իր ստերի համար», որ Հովհաննիսյանը չի կարող որպես փորձագետ աշխատել հանձնաժողովում, քանի որ նա պատասխանող կողմ է: Մինչդեռ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը աշխատանքի է հրավիրում նրան հանձնաժողովում որպես փորձագետ:
Ինքը՝ Քոչարյանը, ի դեպ, նույնպես պատերազմի ընթացքի և ելքի պատասխանատուներից մեկն է, և նա էլ, մյուս բոլորի պես, պիտի որ պատասխան տա այն հարցերին, որոնք հանգիստ չեն տալիս մեր հասարակությանը։ Բայց, ըստ ԱԺ կանոնակարգի, հենց նա է գլխավորելու քննիչ հանձնաժողովը։ Այնպես որ այստեղ, ինչպես ասում են, քննչական միջոցառումների արդյունքում գլխավորը սեփական հետքին չընկնելն է։
Հ.Գ.- Արծրուն Հովհաննիսյանին պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նշանակելու և քննչական հանձնաժողովում նրան որպես փորձագետ ներգրավելու վրա ծիծաղում են նույնիսկ մեր թշնամիները։ Ադրբեջանական լրատվամիջոցներում լիառատ են ծաղրալից վերնագրերն ու նվաստացուցիչ հոդվածիկները մեր երկրի արծրունացման մասին։ Բայց ինքը՝ Հովհաննիսյանը վաղուց սովոր է դրան…